Հայերեն   English   Русский  

Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր իշխանություններին, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին, իհարկե ոչ. Ավետիք Իշխանյան


  
դիտումներ: 173

ՀՀ սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և հաճախ այս արտահայտությունը վերագրվում է նաև դատական իշխանությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Այլընտրանքային նախագծեր» խմբի ու «Իմ Ձայնը» ՀԿ-ի համատեղ կազմակերպած «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Ես կուզեի, որ Սահմանադրության մեջ ոչ թե այդպես գրված լիներ, այլ գրված լիներ՝ ՀՀ-ում գործադիր իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, քվեարկությամբ մեծամասնություն ստացած ուժի կողմից:

Երկրորդ, շատերը նշում են, որ դատարանները ժողովրդի կարծիքը չեն արտահայտում: Եթե մենք խոսում ենք անկախ դատական իշխանության մասին, ապա դատարանները չպետք է պատկանեն ոչ փոքրամասնությանը, ոչ մեծամասնությանը, ոչ որևէ քաղաքական ուժի, ոչ էլ նույնիսկ պատկերացնենք 100 տոկոսանոց ժողովրդին: Եթե մենք համարում ենք, որ դատարանները պետք է լինեն մեծամասնությանը, ապա այդ դեպքում դատարան պետք չի, կարելի է Լինչի դատաստան իրականացնել և վերջ»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա՝ անկախ Հայաստանում դատարանները երբեք էլ անկախ չեն եղել և դրանք հաճախ օգտագործվել են որպես իշխանությունը պահելու գործիք:

Իշխանյանն անդրադառնալով վերջին մի քանի օրվա դեպքերին, մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող իրադարձություններին՝ ասաց, որ երբ բարձրաձյանում են իրավունքի խախտումների մասին, չեն անում միայն Թովմասյանի համար:

«Սա Հրայր Թովմասյանի հարցը չէ, երբ նա արդարադատության նախարար էր, իմ և նրա հարաբերությունները բավական սրված էին: Հարցն այն է, թե եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր այսօրվա իշխանություններին և նրան հաճո որոշումներ կայացներ, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին: Միանշանակ պատասխանում եմ՝ ոչ: Օրինակ, այսօրվա գլխավոր դատախազը, ինչպես ասում են, նույնպես հին ռեժիմի ներկայացուցիչն է, հանկարծ մի մեղադրանք չպաշտպաներ կամ Դավիթ Գրիգորյանի դեմ գործ չհարուցեր, երանի կտայիք այստեղ նստածներդ, այն ամենին, ինչ այսօր կատարվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ»,-ասաց Իշխանյանը:

Թեև իրավապաշտպանն իր ելույթում նշեց, որ մեծ ոգևորություն է ունեցել հեղափոխության հետ կապված, որովհետև չէր ուզում, որ Հայաստանը դառնա արևելաասիական պետություն, որտեղ մեկ մարդ հավերժացնում է իշխանությունը, սակայն այսօր նկատում է իշխանությունների ակնհայտ բացթողումներն ու իրավունքի ոտնահարումները և արդեն չի կարող լռել:

«Ինձ համար կարևոր ահազանգ էր, երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ բացահայտեցին, որ նա գրագող է:Այլ բան, որ ԲՈՀ-ի ղեկավարը գրագողության մեծ ցուցակ ներկայացներ և դրա մեջ լիներ նաև Ազարյանի անունը, բայց պարզվեց միակ գրագողը Ազարյանն է: Հաջորդը, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված հանկարծ հիշեցին հին դեպքեր: Եթե նրանք կայացնեին իշխանահաճո որոշում, կասկածո՞ւմ եք, որ որևէ հարց չէին ունենա: Բոլորս գիտենք, թե ով է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչ գործեր է քննել, հիմա նա բացարձակ հիանալի դատավոր է: Պատկերացրեք, որ Մնացական Մարտիրոսյանը փոխեր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ինչ կկատարվեր նրա հետ: Ամբողջ հասարակությունը կհիշեր նրա նախկին գործունեությունը:

Շուրջ մեկ տարի Հրայր Թովմասյանը իշխանական վերնախավի մեջ էր, նրանց հետ լավ հարաբերությունների մեջ էր ու հանկարծ սկսեցին սանիկների գործերը քննել, աղջիկներին կանչել հարցաքննության, իսկ հիմա լրիվ չափ ու սահման անցել են: Այսօր լռելով միայն նպաստելու ենք 37 թվի գավառական մտածելակերպի ու գործողությունների ստեղծմանը»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանում կատարվող գործողություներին եվրոպական կառույցները համարժեք գնահատական չեն տալիս, Իշխանյանն ասաց. «Մենք շատ ենք գերագնահատում միջազգային կառույցներին: Նրանք հաճախ չեն հակադրվում իշխանություններին: Եսիմինչ դեպք պետք է լինի, որ հակադրվեն, օրինակ Վենետիկի հանձնաժողովի վերջին որոշումը: Իհարկե, եթե չլինեին եվրոպական կառույցները, մեր վիճակն ավելի վատ կլիներ, նրանք ինչ-որ զսպիչ դեր են կատարում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: