Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 497

Կրքեր Թուրքիայի և Սիրիայի շուրջը

Անցած շաբաթ՝ հոկտեմբերի 22-ին, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «փիլիսոփայական» խոկումների մեջ էր թուրք-քրդական հակամարտության վերաբերյալ՝ նրանց համեմատելով բակում կռվող երեխաների հետ, իսկ եվրոպական կառույցները սթափության կոչեր էին անում թուրքերին, Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բանակցություններ վարեցին Սիրիայի հյուսիս-արևելքի իրավիճակի և թուրքական ռազմական գործողության շուրջ, որոնք տևեցին առնվազն վեց ժամ:

Արդյունքները կարծես խոստումնալից էին: Նրանք համաձայնեցրին Սիրիայում թուրքական գործողության դադարեցման պլանը և հուշագիր ստորագրեցին: Արդյունքների մասին հայտարարելով՝ նրանք հատուկ նշեցին, որ իրենց հիմնական խնդիրն է եղել հասնել նրան, որ Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի գործողություններից չօգտվեն «Իսլամական պետության» զինյալները, որոնք գտնվում են գերության մեջ Սիրիայի հյուսիս-արևելքում տարածքները վերահսկող քրդերի մոտ:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կողմերին հաջողվել է հասնել ճակատագրական որոշումների Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: Բանակցությունների արդյունքներով նրանք ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման համատեղ հուշագիր՝ պայմանավորվելով մասնավորապես, որ թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կմտցվեն ռուսական ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ, քրդերը լրացուցիչ 150 ժամ կստանան (վեց օրից քիչ ավելի), որպեսզի լքեն Սիրիայի սահմանամերձ շրջանները և հեռանան երկրի խորքը, այնուհետև Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկություն կանեն թուրքական գործողության շրջանում և այլն:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել Պուտինը և Էրդողանը, փաստորեն ապահովում են Սիրիայում Թուրքիայի գործողության դադարեցումը, արյունահեղության կասեցումը և սիրիական սահմանապահների ներկայությունը սահմանին:

Times-ն իր խմբագրականում գրեց, որ երբ երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքից, փաստորեն թույլ տվեց Թուրքիային հարձակում սկսել սիրիական քրդերի դեմ: Եվ քրդերին այլ ընտրություն չէր մնում, բացի օգնության համար Բաշար Ասադի վարչակարգին և Ռուսաստանին դիմելուց: Այսուհանդերձ Արևմուտքի համար ակնհայտորեն հաճելի չէր, որ Պուտինի և Էրդողանի համաձայնությունը ուժեղացնելու է Ասադին և Ռուսաստանին դարձնելու է հիմնական ուժը Մերձավոր Արևելքում՝ վերադարձնելով նրան ավելի լայն միջազգային ասպարեզ:

Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսեց տեղավորվել թուրք-սիրիական սահմանի երկայնքով, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները վերացնում է պատժամիջոցները Թուրքիայի դեմ, որոնք սահմանվել էին թուրքիական զորքերը Սիրիայի հյուսիս-արևելք մտնելու պատճառով:

Հինգշաբթի Բրյուսելում հավաքվեցին ՆԱՏՕ-ի անդամ օպետությունների պաշտպանության նախարարները՝ քննարկելու Գերմանիայի ՊՆ ղեկավար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման առաջարկը: Ստանալով Թուրքիայի և ԱՄՆ-ի աջակցությունը՝ նա պնդեց, որ թուրք-սիրիական սահմանի պարեկության խնդիրը չի կարող միայն Ռուսաստանի և Թուրքիայի վրա դրվել։

Այս ընթացքում՝ չորեքշաբթի, Ռուսաստանը հասցրեց անցկացնել «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողով՝ էլ ավելի ընդլայնելով առևտրային ծրագրերը աֆրիկյան երկրների հետ:

Իսկ Թուրքիան, հարազատ մնալով իրեն, սկսեց խախտել հրադադարը: Համենայն դեպս քրդական զինյալները և Բաշար Ասադի բանակը մեղադրեցին Թուրքիայի բանակին և նրանց կողմից կռվող սիրիական ապստամբներին հրադադարը խախտելու մեջ: Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին կոչ արեց Ռուսաստանին «կանգնեցնել թուրքերին»:

Կիրակի լուր տարածվեց, որ սպանվել է ջիհադիստների առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ինչը հաստատեցին Սիրիայի, Իրաքի և Իրանի աղբյուրները: Նա փորձել է թունելով փախչել ամերիկյան հատուկջոկատայիններից, որը ելք չի ունեցել, և պայթեցրել է իրեն երեք երեխաների հետ գոտուն ամրացված պայթուցիկ սարքով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հատուկջոկատայինները «Իսլամական պետության» առաջնորդի տանը խուզարկություն են արել և մեծ թվով կարևոր փաստաթղթեր առգրավել:

Բրիտանական խորհրդարանականների խաղերը բրեքսիտի շուրջ շարունակվում են

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները հոկտեմբերի 22-ին աջակցություն հայտնեցին բրեքսիտի համաձայնագրին՝ թույլ տալով այդպիսով անցնել դրա վավերացման գործընթացի հաջորդ փուլին: Սա Բորիս Ջոնսոնի կառավարության կարևոր հաղթանակն էր, քանի որ նա առաջին անգամ աջակցություն ստացավ խորհրդարանի պատգամավորներից այդ հարցի կապակցությամբ: Միաժամանակ բրիտանական խորհրդարանը մերժեց կառավարության՝ բերքսիտի համաձայնագրի վավերացման հարցի քննությունը երեք օրում ավարտելու առաջարկությունը: Ուստի չկա երաշխիք, որ Մեծ Բրիտանիան կկարողանա, ինչպես նախատեսված էր, 2019 թ. հոկտեմբերի 31-ին անջատվել ԵՄ-ից համաձայնագրով:

Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ Ջոնսոնը ողջունեց խորհրդարանի՝ բուն համաձայնագրին նախանական հավանություն տալու որոշումը: Բայց և քննադատեց պատգամավորներին այդ գործընթացն արագ ավարտելու չկամության համար, նաև հիշեցրեց՝ չկա երաշխիք, որ Եվրամիությունը կհամաձայնի հետաձգել բրեքսիտը:

Բորիս Ջոնսոնը, որ խոստացել էր ավելի շուտ ջրափոսում խեղդվել, քան Եվրամիությունից նոր հետաձգում խնդրել, հայտնվեց անելաների դրության մեջ և ինքն էլ փորձեց նույնպիսի դրության մեջ դնել խորհրդարանին. կա՛մ բրեքսիտի ժամկետը չի հետաձգվում, կա՛մ դեկտեմբերին անցկացվելում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այսպես թե այնպես, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Մեծ Բրիտանիայի՝ բրեքսիտի ամսաթիվը երեք ամսով՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու առաջարկությանը:

Այնպես որ բրիտանական խորհրդարանականների խաղերը բրեքսիտի շուրջ դեռ կշարունակվեն, որքան էլ թե՛ եվրոպացիները, թե՛ իրենք՝ բրիտանացիները, հոգնել են բրեքսիտի հարցից:

Ընտրություններ, նոր խորհրդարաններ և նոր կառավարություններ

Հոկտեմբերի 21-ին Կանադայում տեղի ունեցան 43-րդ խորհրդարանական ընտրությունները: Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոն, հաղթանակ տարավ 338 ընտրատարածքներից 156-ում և ստացավ ձայների 33 տոկոսը: Կանադայի պահպանողական կուսակցությունը աջակցություն ստացավ 122 ընտրատարածքներում և ստացավ ձայների 34,5 տոկոսը: Այսպիսով Լիբերալ կուսակցությունը մեծամասնություն չապահովեց երկրի օրենսդիր մարմնի ստորին՝ Համայնքների պալատում, քանի որ անհրաժեշտ էր հաղթանակ տանել առնվազն 170 ընտրատարածքներում:

Արգենտինան, ամենայն հավանականությամբ, նոր նախագահ կունենա: Այնտեղ սպասում են նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների պաշտոնական հայտարարությանը, իսկ նախնական տվյալներով հաղթել է ընդդիմադիր ձախկենտրոնամետ կուսակցության թեկնածու Ալբերտո Ֆերնանդեսը:

Իսկ Իսրայելում Բենիամին Նաթանյահուին, որ վարչապետի պաշտոնում է արդեն 10 տարի, այս տարվա մեջ երկրորդ անգամ չհաջողվեց նոր կոալիցիոն կառավարություն ձևավորել: Այժմ նախագահ Ռեուվեն Ռավլինը 28 օր է տվել Նաթանյահուի հիմնական մրցակից Բեննի Գանցին, որպեսզի նոր կառավարություն ձևավորի: Նաթանյահուն առաջարկել է միանալ նրան մի պայմանով, որ վարչապետն ինքը լինի: Գանցը չի համաձայնել, քանի որ իրեն է տեսնում վարչապետի աթոռին: Եթե Գանցին էլ չհաջողվի կոալիցիա ձևավորել, ապա ամենայն հավանականությամբ Իսրայելին սպասում են երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա մեջ:

Իսկ հոկտեմբերի 22-ին Ճապոնիայում խաղաղությամբ գահ բարձրացավ նոր կայսրը՝ Նարուհիտոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: