Հայերեն   English   Русский  

Հեքիաթի վերջը. երկնքից երեք խնձոր է ընկնում, մեկը` «ասողին», մեկը` «գործ տվողին», մեկը` «լսողին».7օր


  
դիտումներ: 1013

Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու «փայլուն» միտքը «նոր Հայաստանի» թիվ 1 գործ տվողի ուղեղում երեկ չի ծնվել եւ, մեծ հաշվով, կապ չունի Հայաստանի թիվ 1 ահաբեկիչ Նաիրի Հունանյանի հետ երկու ժամանոց «անկեղծ, անկաշկանդ եւ խիստ տպավորիչ» գրույցի հետ։

Բաբաջանյան Արմանին պատկանող «Ժամանակ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 24-ին ցրցամ տվեց Հանրային խորհրդի նախագահին «հրաժարականի դրդելու» գործընթացը`ավետեց, թե`բա չե՞ք ասի, հեսա-հեսա «Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում կներկայացնի»։

Սա հրապարակման վերնագիրն էր։ Բուն տեքստից պարզ է դառնում, որ ՀԽ նախագահի անհապաղ հրաժարականն ընդամենը Բաբաջանյանի, ինչու չէ`նաեւ Նիկոլի ցանկությունն է. «Հնարավոր է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Նման որոշման կայացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մանուկյանն արդեն տեւական ժամանակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից` քննադատելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը»:

Հնարավոր է, որ Հունանյանի հետ տեսակցելու նպատակներից մեկն էլ այդ «կենսական պահանջը» հիմնավորող լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելն էր. «ստուկաչ» Բաբաջանյանը հավանաբար կաշվից դուրս է եկել` Հունանյանից համապատասխան «ցուցմունք» կորզելու համար, ինչպես ժամանակին Ջհանգիրյանի գլխավորած քննչական խումբն էր փորձում հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով նախագահ Քոչարյանի դեմ ցուցմունքներ կորզել։ Եվ «բացահայտել» է, որ զինված խմբի պարագլուխը ահաբեկչական գործողությունն իրականացնելուց առաջ, ի շարս այլ գործիչների, հանդիպել է նաեւ Վազգեն Մանուկյանի հետ եւ դժգոհել իշխանություններից։

Այդ «շփումները», բնականաբար, չէին վրիպել Ջհանգիրյանի տեսադաշտից։ Բավական է հիշեցնել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի նախադեպը. նախաքննության սկզբնական փուլում նրա՛ն էլ փորձեցին կապել ահաբեկչության հետ (Հունանյանը, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներին տեղի տալով` ո՛ւմ անունը տալիս էր` տեղնուտեղը հայտնվում էր «կասկածյալների» ցուցակում)։ Բաբուխանյանի բախտը բերեց` այնքանով, որքանով ալիբի ուներ` ահաբեկչի մատնանշած ժամկետում Հայաստանում չէր եղել, ու կարողացավ փաստաթղթորեն հիմնավորել իր «անմեղությունը», թե չէ կբռնեին` բաց չէին թողնի։

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին «մեղսագրվող» չարչրկված հայտարարությանը, թե` ամենայն հավանականությամբ, գործ ունենք ոչ թե կազմակերպված խմբավորման, այլ մի խումբ ռոմանտիկների հետ, որոնք իրենց արեւին` որոշել էին «փրկել» երկիրն «ատելի ռեժիմից», այստեղ եւս որեւէ նորություն չկա. այդ մասին այնքան է գրվել ու խոսվել, որ անիմաստ է ավելորդ անգամ դրան անդրադառնալ։ Համ էլ`գոնե «հին» Հայաստանում կարծիք հայտնելը քրեորեն պատժելի արարք չէր համարվում։

Համենայն դեպս, Վազգեն Սարգսյանի եղբորը եւ Կարեն Դեմիրճյանի որդուն, որ, ի տարբերություն «Մարսից» իջած Բաբաջանյանի, անձամբ մասնակցել են 27-ի դատավարությանը եւ քաջատեղյակ էին թե՛ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե՛ Հունանյանի հետ հպանցիկ շփումներին, դա ամենեւին չխանգարեց` նույն Վազգեն Մանուկյանի հետ միասնական ցուցակով գնալու 2003թ. խորհրդարանական ընտրություններին. Ստեփան Դեմիրճյանը «Արդարություն» դաշինքի առաջին համարն էր, երկրորդը`Արամ Սարգսյանը, իսկ երրորդ տեղում`Վազգեն Մանուկյանը։

Ուրիշ բան, որ փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից ծլկած Բաբաջանյանն այդ տարիներին ամերիկաներում մութ գործեր էր անում` օտարված էր Հայաստանից ու չի հետեւել ներքաղաքական զարգացումներին, չգիտի` ով ում բարեկամն է եւ ինչով էր զբաղված իր «բացակայության» ընթացքում։ Եվ Վազգեն Մանուկյանից «նախորդ իշխանությունների ներկայացուցիչ» կերտելու իր մտասեւեռման մեջ այնքան առաջ է գնում, որ անգամ չփորձելով հետահայաց անդրադառնալ 2000-2008 թթ. քաղաքական անցուդարձին, ո՛չ ավել, ո՛չ պակաս` հայտարարում է. «Վազգեն Մանուկյանը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ»։

Իրողությունն այն է, որ Վազգեն Մանուկյանը 1998-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում է ունեցել և որեւէ պաշտոն չի զբաղեցնել. 1999-2003թթ. ընդդիմադիր ֆրակցիաներից մեկի` ԱԺՄ խմբակցության ղեկավարն էր, 2003-2007թթ.` «Արդարություն» դաշինքի պատգամավոր։

Ինչը, ի դեպ, չի նշանակում, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը, «ամբողջությամբ վստահելով» Բաբաջանյան Արմանին, աչք չի փակի իրականության վրա եւ «սիրով» ընթացք չի տա մեր օրերի գլխավոր բանսարկուի մտասեւեռմանը. այնպես, ինչպես առանց աչքը թարթելու ընթացք տվեց Հրայր Թովմասյանի` «մի խումբ անձանց հանցավոր համաձայնությամբ» ՍԴ լիազորությունները «յուրացնելու» սուտ մատնագրին։

Լիլիթ Պողոսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: