Հայերեն   English   Русский  

Իրաքում մի շաբաթում անկարգությունների զոհ է դարձել 100 մարդ


  
դիտումներ: 127

Իրաքում անցած շաբաթվա ընթացքում անվտանգության ուժերի և ցուցարարների բախումների, ինչպես նաև տարբեր կուսակցությունների գրասենյակների մոտ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով, երբ գործի են դրվել անհամաչափ ուժեր, արցունքաբեր գազ, մահակներ և քարեր, զոհ է դարձել 100 մարդ, տուժել է 5,5 հազար մարդ:

Ձերբակալվել է 399 մարդ, նախկին ձերբակալվածներից ազատվել է 343 հոգի, վնաս է հասցվել 98 պետական և մասնավոր հաստատությունների: Սրանք Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովի տվյալներն են, որոնք հրապարակվել են երեկ: Միայն երեկ՝ չորեքշաբթի, մայրաքաղաքի բախումներում սպանվել է երկու մարդ, վիրավորվել՝ 175 հոգի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Baghdad al-Youm կայքէջին:

Ըստ հանձնաժողովի տվյալների՝ վերջին երկու օրերին Բաղդադում և գավառներում նկատվում է ցուցարարների թվի աճ, նրանց միացել են արհմիությունները, ուսանողությունը, պետական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև տարբեր կազմակերպություններ: «Ցուցարարների և ուժային կառույցների փոխգործակցության շնորհիվ մի քանի օրվա բռնություններից հետո բողոքի ցույցերն առավելապես խաղաղ բնույթ են ունեցել»,- նշել են կառավարական հանձնաժողովում:

Երեկ Բանակի միացյալ օպերատիվ շտաբը հայտարարել է հանցավոր խմբերի ձերբակալության մասին, որոնք կրակել են ցուցարարների վրա: «Բաղդադի մի քանի շրջաններում ձերբակալվել են հանցավոր խմբերի մասնակիցներ, որոնք կասկածվում են ցուցարարների վրա հարձակումների մեջ,- հայտնել է շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քեյս ալ-Մուհամմադավին՝ շեշտելով, որ ուժային կառույցների աշխատակիցները չեն կրակել մարդկանց: «Անցած հինգշաբթիից մենք ոչ մի փամփուշտ չենք արձակել ցուցարարների կողմը»,- ասել է նա:

Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի շարք շրջաններում հակակառավարական ելույթներ սկսվեցին կյանքի պայմանների վատթարացման, գործազրկության աճի և պետական մարմինների կոռուպցիայի դեմ: Մարդիկ Բաղդադում և երկրի հարավային ու հյուսիսային տարածաշրջաններում պահանջում էին կառավարության հրաժարականը: Սակայն խաղաղ ցույցերն արագ վերածվեցին անողոք բախումների ոստիկանների և ցուցարարների միջև: Կարճատև դադարից հետո անցած շաբաթ ցույցերը և անկարգությունները վերականգնվեցին: Ամսվա ընթացքում Իրաքում ընդհանուր հաշվով բռնությունների զոհ է դարձել մոտ 260 մարդ, տուժածների թիվը հասնում է 10 հազարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: