Հայերեն   English   Русский  

​«Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը». Սերժ Սարգսյանը՝ ԱՄՆ դեսպանին


  
դիտումներ: 511

Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ,

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:

«Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ ՄիացյալՆահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»,-ասել է դեսպան Թրեյսին:

Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀԿ նախագահից հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով և հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն:

Դեսպան Թրեյսիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումները, անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Սերժ Սարգսյանը հանդիպման պատեհ առիթով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը:

Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»,-ասել է Սերժ Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: