Հայերեն   English   Русский  

​Երևանում այսօր մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը


  
դիտումներ: 863

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևանում մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը։

Մայրաքաղաքից բացի, ֆիլմերը կցուցադրվեն նաև Արցախում ու Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արմավիրում, Արարատում և Արագածոտնում։

Սկսած 2001 թվականից Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը կազմակերպում է Մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոն Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում:

Փառատոնի պատվավոր նախագահն է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՎԳԻԿ-ի պրոֆեսոր Արմեն Մեդվեդևը:

Փառատոնի նախագահն է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

Փառատոնի մրցութային անվանակարգերում աշխատում են պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ժյուրիները:

Այս տարի 68 երկրից ստացած 1020 ֆիլմերի հայտերից, փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ։

Ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից ու պատանիներից։

Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկիի խոսքով, թեև արդեն 15 տարի է, ինչ փառատոնն անցկացվում է, բայց նկատում է՝ վերջին 3 տարում դրանք ավելի մասշտաբային են դարձել։

«Իհարկե հրաշալի է, որ այս նախագծին մասնակցելու է ամբողջ Հայաստանը։ Ցուցադրություններ են լինելու նաև մանկատներում, ինչպես օրինակ՝ Գավառի մանկատանը»,- նշում է Սերգեյ Ռիբինսկին։

Փառատոնի շրջանակներում իրականացվում են մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր, տարեկան կինոդիտումների ավելի քան 15 000 անվճար տոմս է բաժանվում Երևանի և հարակից մարզերի դպրոցների երեխաներին:

Տարիներ շարունակ փառատոնը համագործակցում է Հունաստանի, Իտալիայի, Ուկրաինայի, Էստոնիայի, Վրաստանի, Իրանի, Բելոռուսի, Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արգենտինայի, Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզեբկստանի, Լեհաստանի, Հնդկաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի միջազգային կինոփառատոնների և կինոկազմակերպությունների հետ:

Հիմնադրման օրվանից փառատոնը համագործակցում է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ:

Փառատոնի ընթացքում կազմակերպվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ ու քննարկումներ երեխաների, պատանիների և երիտասարդ ռեժիսորների համար:

Փառատոնի կատալոգը տպագրվում է երեք լեզուներով` հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Այս տարի փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև օտարերկրյա ռեժիսորներ, ֆիլմերի հեղինակներ։ Նրանցից է ֆրանսիացի ռեժիսոր Նիկոլա Բարին։ Նա Հայաստան է եկել կնոջ և 1,5-ամյա որդու հետ, որն, ի դեպ, ըստ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի՝ այս տարվա փառատոնի ամենակրտսեր հանդիսատեսն է լինելու։

Փառատոնին ֆրանսիացի ռեժիսորը ներկայացնելու է «Փոքրիկ Սպիրու»-ի մասին պատմող ֆիլմը։ Սպիրուն կոմիքսների՝ Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող հերոս է։ Նիկոլա Բարին նշում է՝ ինքը հույս ունի, որ ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմը դուր կգա նաև հայ հանդիսատեսին։

«Ես հույս ունեմ, որ հայ երեխաների կողմից լավ կընդունվի։ Ցանկանում եմ նշել, որ ճիշտ է՝ ֆիլմը մշակութային առումով շատ ֆրանս-բելգիական է, բայց ֆիլմը տեղի է ունենում մտացածին թեթև աշխարհում։ Այդ աշխարհն ընտրեցինք նրա համար, որ կարողանանք հեշտությամբ փոխանցել ֆիլմի միտքը, որը հետևյալն է՝ երիտասարդը որոշում է չհետևել իր ընտանիքում ընդունված մասնագիտությանը, գտնել իր սեփական ուղին»,- ասում է ֆրանսիացի ռեժիսորը։

«Ռոլան»-ի Ֆիլմերը ցուցադրվելու են ոչ միայն կինոթատրոններում, այլև դպրոցներում, մանկատներում և այլ վայրերում։

Նշենք, որ «Ռոլան» փառատոնը հյուրընկալել է կինոաշխարհի հայտնի գործիչների, ինչպիսիք են Կարեն Շահնազարովը` «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն (Ռուսաստան), Բորիս Գրաչևսկին` «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար (Ռուսաստան), Յուրի Նորշտեյնը` հայտնի մուլտիպլիկատոր (Ռուսաստան), Աթինա Ռիկակին` CIFEJ-ի նախկին նախագահ (Հունաստան), Միոմիր Ռաջևիչը` CIFEJ-ի փոխնախագահ (Սերբիա), Միրեյ Անտուանը` «Vesna» միջազգային կինոփառատոնի նախագահ (Ֆրանսիա), Սուսաննա Վիլեջջիան` Մանկապատանեկան ֆիլմերի “Nueva Mirada” միջազգային կինոփառատոնի նախագահ (Արգենտինա), Եժի Մոշկովիչը` «Ale Kino!» միջազգային կինոփառատոնի նախագահ (Լեհաստան), Վեդա Կումար Մանիկոնդան` Հայդերաբադի միջազգային կինոփառատոնի նախագահ (Հնդկաստան), Դավիթ Չերկասսկին` «KROK» միջազգային կինոփառատոնի համանախագահ (Ուկրաինա), Ալեքսանդր Գորդոնը` հայտնի հեռուստալրագրող (Ռուսաստան), Էդուարդ Նազարովը` «KROK» միջազգային կինոփառատոնի համանախագահ (Ռուսաստան), Բենջամին Ֆրենսիսը` «Աֆրիկա» մշակութային հիմնադամի գլխավոր տնօրեն, Յոհաննեսբուրգի առաջին «Մանկական թանգարանի» հիմնադիր տնօրեն (ՀԱՀ), Տիգրան Քեոսայանը` ռեժիսոր (Ռուսաստան), Դավիթ Քեոսայանը` պրոդյուսեր (Ռուսաստան), Գարրի Բարդինը` ռեժիսոր – մուլտիպլիկատոր, «Նիկա» մրցանակի եռակի դափնեկիր, Կլաուդիո Գուբիտոսին` «Giffoni» միջազգային կինոփառատոնի նախագահ (Իտալիա), Ալեքսանդր Պետրովը` հայտնի մուլտիպլիկատոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր և այլք:

Փառատոնի փակումը կլինի նոյեմբերի 9-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: