Հայերեն   English   Русский  

Ու՞ր է գնում Կրթության, գիտության, մշակույթի ու սպրոտի նախարարությունը


  
դիտումներ: 1078

Արդեն մի քանի շաբաթ է հասարակության քննարկման թեմաների շարքում Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի երկարաշունչ անունը կրող նախարարությունն է ու նրա կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերը:

Նախ բուռն քննարկման առարկա դարձավ Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած նախագծերից մեկի՝ հայ ծանրորդուհի Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» լիամետրաժ ֆիլմի ընտրությունն ու ֆինանսավորումը:

«Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման սեռափոխված և երկրից արտագաղթած ծանրորդի և նրա զուգընկերուհու սիրո պատմությունն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։ Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Ֆիլմի ֆինանսավորումը բարկացրել է հասարակության մի մասին, նրանք պնդում են, որ Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու փոխարեն կարելի է ֆիլմ նկարել մեկ այլ ծանրորդուհու մասին, քանի որ պայքարող ու հիանալի արդյունքների հասած ծանրորդուհիների օրինակներ քիչ չունենք:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշում է, որ ֆիլմի համար նախատեսված 20 միլիոն դրամն ամբողջ նախագծի 14%-ն է և մնացած ֆինանսավորումն ապահովում են 3-4 երկրներ: Ըստ նրա՝ զարմանալի է, որ մինչև ֆիլմի էկրաններ բարձրանալը, մինչև ֆիլմի՝ մասնագիտական գնահատական ստանալը, այն հասարակական բացասական կարծիք է ձևավորում: Նշենք, որ ֆիլմը հավանության է արժանացել անկախ հանձնաժողովի՝ Կարինե Խոդիկյանի, Հայկ Կիրակոսյանի, Արմեն Ադիլխանյանի կողմից:

Ֆիլմի հետ կապված կրքերը դեռ չէին հանգստացել, երբ օրեր առաջ մետրոյի՝ «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում բեմադրվեց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը: Այն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով՝ ավելի քան 2,7 միլիոն դրամ, Երևանի քաղաքապետարանի և մետրոպոլիտենի թույլտվությամբ: Ներկայացումից առաջ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը, որ ներկայացման կազմակերպիչներից ու մասնակիցներից է, տեղեկացնելով կայանալիք միջոցառման մասին` նշել էր, որ ներկայացնելու են1920-ականների պոեզիա (Եղիշե Չարենց, Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) +ժամանակակից պոեզիա (Լիլիթ Պետրոսյան), վերոնշյալի ռիթմիկ-էքսպերիմենտալ վերընթերցում (Լիլիթ Պետրոսյան), ռիթմ ու կանացի ագրեսսիա ու մարմնի ազատագրում ու կոչ արել դա չխառնել սատանիզմի հետ:

Սակայն մետրոյի կայարանի տարածքում ներկայացվածը շատերի կողմից ընդունվեց հենց որպես սատանիզմ ու դրա քարոզ, ակտիվիստ Նարեկ Սարգսյանն անգամ փորձեց «զելյոնկա» լցնել մասնակիցներից մեկի վրա: Ներկայացումն ավարտվեց ոստիկանության միջամտությամբ, անգամ կար բերման ենթարկված:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը այն որակեց նողկալի:

«Եթե ուզում են նման ներկայացումներ անել, թող անեն փակ տարածքներում: Ես չեմ ուզում, որ իմ քրոջ կամ ընկերուհու երեխաները տեսնեն, թե ինչպես են կանայք գետնին պառկած հաչում»,-մեզ հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Նույն կարծիքին է նաև Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ արվեստի ոչ մի նշույլ չկար այն ամենի մեջ ինչ արվեց օրեր առաջ:

«Եթե ինչ-որ մեկը կվիճարկի արվեստից հասկանալու իմ ունակությունը, դա շատ ծիծաղելի կլինի, որովհետև ես մասնագիտությամբ թատերագետ եմ, եթե հրապարակում տեղի ունեցածը ոմանք փորձում են ներկայացնել որպես արվեստ, ապա ես պատրաստ եմ ցանկացած արվեստագետի հետ բանավիճելու տեղի ունեցած գռեհկաբանության հետ կապված: Դա չէր կարող նույնիսկ փորձարարական էքսպերիմենտ ներկայացվել, դա անճաշակ, գռեհիկ, տգեղ և անմակարդակ միջոցառում էր»,-Ankakh.com-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զահրաբյանը նշում է, որ նման ներկայացմանը թույլտվություն տալով ու այն բեմադրելով խախտվել են մի շարք իրավունքներ:

«Որպես պատգամավոր և որպես Մարդու իրավունքների հանձնաժոովի նախագահ ես կարծում եմ, որ երբ այդ գռեհիկ ակցիան տեղի է ունեցել հանրային վայրում, խախտվել են մի շարք կոնվենցիաներ, առաջին հերթին՝ երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիան: Եթե ես իմ երեխայի հետ մետրոյից դուրս եմ գալիս չեմ կարող մնալ մետրոյում, մինչև այդ գռեհիկ ակցիան ավարտվի: Այստեղ խախտվել են նաև մեծահասակների իրավունքները: Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես են մի խումբ կանայք իրենց ծեփում ասֆալտին և դա ներկայացնում որպես արվեստ»:

Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ եթե մարդիկ կարիք ունեն նման ներկայացումների, ապա կարող են դա անել փակ տարածքներում, և ովքեր ցանկություն կունենան կգնան դիտելու:

«Ցավոք սրտի ինձ զարմացնում է մեր մտավորականության լռությունը: Բոլոր ժամանակներում մեր մտավորականության գերակշիռ մասը իրեն միշտ պահել է վախվորած, վախեցել է իր տեսակետն արտահայտելուց, և քանի դեռ մտավորականությունը իրեն կպահի այսպես, միշտ էլ լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են նման գռեհկաբանությունը ներկայացնել որպես արվեստ: Ես դիմել եմ մեր ԲՀԿ ավագանու անդամներին, քանի որ այդ ներկայացաման առանցքային ասֆալտին ծեփվողներից մեկը «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղարն էր, ես առաջարկել եմ այս հարցը դարձնել հանրային քննարկման առարկա, հրավիրել նաև արվեստագետների, և մենք փորձենք հասկանալ մշակույթի այդ երկար անունը կրող նախարարությունը շարունակելու՞ է այլանդակությունները արվեստի անվան տակ ֆինանսավորել, թե՞ ոչ: Եվ ի վերջո փաստենք, որ հարկատուների փողերը տալիս են գռեհկաբանությանը, և այստեղ, ցավոք սրտի, հանրության մեծ մասի լռությունն էլ է ինձ մտահոգում»:

Ի հակադրություն քննադատությունների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսուհետ ոչ մի սահմանափակում չի լինելու արվեստում:

«Ես չեմ վիճարկում, որ ցանկացած մարդ ունի ազատ ստեղծագործելու իրավունք, բայց կարող է ինչ-որ մեկն ասի, որ ես արվեստ եմ դիտարկում ինչ-որ մեկի գլխին միզելը և Սահմանադրության 43-րդ հոդվածով ասի, որ դրա իրավունքը ունի, նշանակում է պետք է թու՞յլ տանք, կամ մեկն էլ կարող է ասել Թաջ Մահալի ամբողջ պատերը Կամասուտրայով է նկարազարդված, և դա արվեստ է, ուրեմն թող տանի իրենց տանը Կամասուտրան բեմադրի ու իր ընտանիքի անդամներն էլ լինեն դերակատարները»,-հավելեց Զոհրաբյանը:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական բյուրոն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ և պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նախարարի հրաժարականի հետ կապված անգամ ստորագրահավաք է սկսվել:

Թե որը կլինի ԿԳՄՍՆ-ից դրամաշնորհ ստացող հաջորդ նախագիծը, որը մեծ աղմուկ կբարձրացնի, դժվար է գուշակել, բայց փաստ է, որ այսօր մարդիկ պահանջում են նմանատիպ ներկայացումներին դրամաշնորհ տալու փոխարեն, բարձրացնել կրթության որակը, ֆինանսավորել գիտությունը, զարգացնել մշակույթն ու սպորտը, պահպանել ու փորձել ստեղծել իրական մշակութային ժառանգություն, չփորձել պղծել ազգային արժեքները: Բուհերում դասադուլ հայտարարած ուսանողները պահանջում են նախարարությունից համալսարաններից չհանել Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկանները, դպրոցներում պահանջում են առարկաների ցանկից չհանել Հայոց եկլեղեցու պատմություն առարկան, ի վերջո ամենաթողության չմատնել կրթական ոլորտը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: