Հայերեն   English   Русский  

Եթե ես մնամ ռեկտորի պաշտոնում, շարունակելու եմ բարձրացնել ուսման վարձերը. Գեղամ Գևորգյան


  
դիտումներ: 535

Այն աշխատավարձը, որ այսօր ստանում է մեր պրոֆեսորը, համարժեք չէ իր որակավորմանն ու իր արած աշխատանքին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Երբ խոսում ենք աշխատավարձերի բարձրացման մասին, պետք է նաև խոսենք, թե որտեղից պետք է առաջանա այդ աշխատավարձը: Աշխատավարձը առաջանում է հիմնականում ուսման վարձերից, ուրիշ էական աղբյուր չկա: Այս դեպքում չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի բարձրացման մասին դա անիրատեսական է»:

Գևորգյանը նշեց, որ Հայաստանում գործող մնացած բուհերի հետ համեմատած ԵՊՀ-ում ուսման վարձերը շատ ցածր են:

«Մեր ժողովրդի մի մասը սիրով վճարում է 1,5-2 միլիոն դրամ Ամերիկյան համալսարանում, 1,8 միլիոն Մոսկվայի համալսարանի մասնաճյուղում, Ֆրանսիական համալսարանում, այլ համալսարաններում շատ ավելի են վճարում, քան Երևանի պետական համալսարանում: Շուտով ես գիտխորհրդի քննարկմանը կդնեմ ուսման վարձերի թանկացման հարցը: Էս վարձերով հնարավոր չէ համալսարան պահել: Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան միջինը 15 տոկոսով, կապված մասնագիտության հետ, որի շնորհիվ մենք սեպտեմբերից կկարողանանք աշխատավարձերը բարձրացնել 10 տոկոսով: Եվ քանի դեռ ես այս պաշտոնում եմ, շարունակելու է բարձրացվել ուսման վարձերը, որպեսզի բերենք հասցնենք խելամիտ սահմանների, որ կարողանանք շոշափելի ձևով աշխատավարձ բարձրացնել»,-հավելեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: