Հայերեն   English   Русский  

​Հանրային խորհուրդների ձևավորման և գործունեության համեմատական փորձը


  
դիտումներ: 714

Ժողովրդավարության ուղին որդեգրած երկրներում մշակվել են բազմաթիվ հանրային ինստիտուտներ, որոնք ապահովում են քաղաքացիական մասնակցության այնպիսի ձևերի կիրառումը,

ինչպիսիք են քաղաքացիների խմբերի, հասարակական կազմակերպությունների և իշխանության միջև բանակցությունները, իշխանության և հասարակական կազմակերպությունների միջև համաձայնագրերի կնքումը, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկումների կազմակերպումը, սոցիալական և տեխնոլոգիական նախագծերի փորձաքննությունը, քաղաքացիական ֆորումների, գիտաժողովների, լսումների կազմակերպումը և այլն: Հանրային իշխանության կազմակերպման համակարգում նշված միջոցառումներին առաջնային դերի հատկացումը բնութագրվում է որպես դելիբերատիվ (անգ. “deliberation” բառը թարգմանաբար նշանակում է «քննարկում», «բանավեճ») ժողովրդավարության ուղղությամբ զարգացում, որի հիմնական նախապայմանն է որոշումների ընդունման գործընթացում բոլոր այն անձանց մասնակցության ապահովումը, ում շահերի հետ առնչություն ունի տվյալ որոշումը:

Այս մոտեցման կիրառումն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են`

oհասարակական նախաձեռնության զարգացմանն աջակցությունը,

oպետական և տեղական կառավարման մարմիններին անկախ վերլուծական օժանդակության ցուցաբերումը` փաստաթղթերի և իրադարձությունների փորձագիտական գնահատման միջոցով,

oշահառու անձանց շահերի ներկայացումը, ինչը տատանվում է հասարակական կարծիքի բարձրաձայնումից և հետադարձ կապի ապահովումից մինչև շահերի լոբբինգը,

oպետական մարմինների կողմից կայացվող որոշումների որակի բարձրացումը և դրանց իրագործելիությանը նպաստումը` հասարակության սպասումներն ու կարծիքը հնարավորինս հաշվի առնելու միջոցով,

oպետական քաղաքականության, կարևորագույն երևույթների և իրադարձությունների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը:

Նշված առավելությունները հնարավորությունների վերածող կառուցակարգ է դելիբերատիվ ժողովրդավարության ինստիտուտների կարևորագույն տարատեսակ հանդիսացող հանրային խորհուրդների շրջանակում հասարակության հետ պետության համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, համաշխարհային պրակտիկայում կարելի է առանձնացնել դելիբերատիվ որոշումների ընդունումն ապահովող երկու առավել տարածված կառուցակարգ.

1․պետության և տեղական համայնքի կողմից ձևավորվող հանրային խորհուրդներ (այսուհետ` հանրային խորհուրդներ),

2․ոչ պետական կազմակերպությունների կողմից ձևավորվող հանրային խորհուրդներ, որոնցից առավել նշանակալին, այսպես կոչված, քաղաքացիական ժյուրիներն են (Citizens Jury):

Հանրային խորհուրդը ժամանակակից ընկալմամբ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կառույց է, որն ունի ներքին ֆորմալացված կառուցվածք, և որին պետական մարմինները պատվիրակում են որոշակի իրավասություններ ու խորհրդակցում նրանց հետ պետական որոշումների ընդունման և իրագործման գործընթացում: Հանրային խորհուրդներն այս կամ այն ձևաչափով կամ անվանմամբ (օրինակ` Ռուսաստանում այն ստացել է «հասարակական պալատ» անվանումը) գոյություն ունեն շատ երկրներում: Դրանք կարող են ստեղծվել տարբեր նպատակներով. բնապահպանական և այլ հատուկ հարցերի վերաբերյալ փորձագիտական խորհրդատվությունից, օրենսդրության մշակմանը կառուցողական մասնակցությունից մինչև պետական բյուջեի նախապատրաստմանը և քննարկումներին մասնակցությունն ու դրա իրագործման նկատմամբ մոնիթորինգը, ինչպես նաև պետական մարմինների կողմից նրանց առանձին պետական գործառույթների իրականացման պատվիրակումը:

Հանրային խորհուրդները հնարավորություն են տալիս երկու շահագրգիռ կողմերի լսելու միմյանց և գտնելու ինչպես իշխանության, այնպես էլ հասարակության համար ընդունելի որոշումներ, հասարակությանն ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանություններին ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում հասկանալ ընտրողների կարիքները, իրենց գործունեության մեջ ուղղորդվել հասարակության սպասումներով:

Ինչպես արդեն նշվել է, հանրային խորհուրդներ փաստացիորեն գոյություն ունեն ժողովրդավարության ուղղությունն որդեգրած գրեթե բոլոր երկրներում: Դրանց ծագման սկիզբը կարելի է համարել 20-րդ դարի 30-ական թվականները, ինչը բացատրվում է քաղաքացիների քաղաքական ակտիվության աննախադեպ աճով: Այդ ժամանակահատվածը որակվում էր որպես «մասսաների դարաշրջան» , ինչն էական ազդեցություն ունեցավ քաղաքական ինստիտուտների և գործընթացների վրա: Հասարակական գիտակցության կողմից ընկալվեց, որ հանրային-պետական որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության ապահովումը նպաստում է դրանց իրավունակությանը, իսկ պետական մարմինների գործունեությունը դառնում է առավել արդյունավետ: Հետևաբար, սկսեցին ձևավորվել առաջին խորհրդատվական հասարակական խորհուրդները, որոնցից որպես պիոներ կարելի է դիտարկել Ֆրանսիայի տնտեսական խորհուրդը` ձևավորված 1925թ.: Նախորդ հարյուրամյակի ընթացքում հանրային խորհուրդների ձևավորումը կրեց համընդհանուր բնույթ: Դրանք ավելի հաճախ ձևավորվում էին տեղական ինքնակառավարման մակարդակում:

Քաղաքացիական ժյուրիները սկսեցին ձևավորվել նախորդ հարյուրամյակի 70-ական թվականներին: Այս ժամանակահատվածում ամերիկացի գիտնականներ Փիթեր Դաենելի և Նեդ Կրոսբիի կողմից առաջ քաշվեց և զարգացվեց «Citizens Jury» ձևաչափով ժողովրդական ժողովների հնագույն ինստիտուտների հասարակության կողմից վերականգնման հնարավորությունը, որոնք պետք է առաջարկներ մշակեին քաղաքապետների,

նահանգապետների և նույնիսկ ԱՄՆ նախագահի համար: Ռոբերտ Դահլի աշխատանքներում նման խորհրդատվական հանրային խորհուրդները ստացան «մինիպոպուլուս» անվանումը, որը նշանակում է ժողովրդի իրավունակ սուրոգատ` «մինի ժողովուրդ», որին կարելի է ընդունել որպես անկողմնակալ ու անաչառ խորհրդատու, ժողովրդի կամքը, տրամադրությունն ու կարծիքն արտահայտող: Հասարակության մեջ լարվածության ծագման դեպքում իշխանությունը զգալով քաղաքացիների հետ շփվելու պահանջ, կարող է դիմել «մինի ժողովրդի» խորհրդին` հանրային շահերը համաձայնեցնելու նպատակով: Նշված գաղափարները վերջին տասնամյակների ընթացքում ստացան նաև իրենց պրակտիկ կիրառությունը: 1974թ. սկսած նոր ժողովրդավարական գործընթացները խթանելու նպատակով Ջեֆերսոն կենտրոնի (ԱՄՆ, Մինեսոտա նահանգ) կողմից հանրային նշանակալի հարցերի վերաբերյալ իրականացվել են քաղաքացիական ժյուրիներ ավելի քան 30 դեպքեր: Անհրաժեշտ է նշել, որ «Citizens Jury» անվանման օգտագործման իրավունքը պատկանում է հենց Ջեֆերսոն կենտրոնին: Օրեգոն նահանգում (ԱՄՆ) քաղաքացիական ժյուրիների կողմից քննարկվում են առողջապահության հետ կապված հիմնախնդիրներ: Նմանատաիպ պրակտիկա առկա է նաև Գերմանիայում` կապված քաղաքների զարգացման պլանների մշակման հետ: Դանիայում ձևավորվել է Դանիական տեխնոլոգիական կոլեգիան, որը կազմում է քաղաքացիների «կոնսենսուսային ցանկը», այն քննարկում է հասարակության զարգացման կարևորագույն թեմաները և արդյունքները ներկայացնում է պառլամենտ: Լոնդոնում գործում է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, որը ընդօրինակել է քաղաքացիական ժյուրիների ձևավորման ամերիկյան փորձը, քննարկման առարկան մշակութային հարցերն են: Բավական հարուստ փորձ ունի Ավստրալիան: Նույնիսկ Սիդնեյի համալսարանում դասավանդվում է հանրային խորհուրդների կազմակերպմանը նվիրված հատուկ դասընթաց:

Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ հանրային խորհուրդների հիմնական իրավասությունը տարբեր սոցիալական խմբերի և պետության կամ տեղական համայնքի շահերի համաձայնեցումն է` իշխանության կողմից վարվող հանրային քաղաքականության գծով խորհրդատվությունների իրականացման միջոցով: Որպես կանոն, հանրային խորհուրդները կոչված են իրականացնել համախմբման որոշակի գործառույթ` ապահովելով տարբեր սոցիալական խմբերի մասնակցությունը պաշտոնական քաղաքականության իրագործման գործընթացում:

ինչ վերաբերում է քաղաքացիական ժյուրիներին, ապա դրանք ձևավորվում են աջակցելու քաղաքացիական մասնակցությանը դժվարին հանրային հիմնախնդիրների լուծման, իսկ վերջին հաշվով պետության և հասարակության շահերի համաձայնեցման գործում: Նրանց իրավասությունների թվում են հասարակական արժեքների, շահերի, գաղափարների ուսումնասիրության միջոցով հասարակական հիմնախնդիրների լուծման օպտիմալ տարբերակների կոլեկտիվ մշակումը, ԶԼՄ-ի և հասարակության ուշադրության գրավումն այս կամ այն հիմնախնդրի վրա, օրենսդրին և քաղաքական գործիչներին հասարակական շահերն արտահայտող առաջարկների և դրանց ձևակերպման համար անհրաժեշտ հիմնավորումների ներկայացումը:

Ավելի խորը հասկանալու համար, թե ինչ են իրենցից ներկայացնում նշված ինստիտուտները` այս աշխատանքի շրջանակներում դիտարկվելու են հետևյալ հարցերը.

․հանրային խորհուրդների իրավական կարգավիճակը, նպատակներն ու խնդիրները,

․հանրային խորհուրդների ձևավորման կարգը,

․հանրային խորհուրդների գործունեության կազմակերպման կարգը:

Հանրային խորհուրդների իրավական կարգավիճակը, նպատակներն ու խնդիրները

Պետության կամ տեղական համայնքի կողմից ձևավորված հանրային խորհուրդները հանդիսանում են հանրային կառավարման մարմին և գործում են, որպես կանոն, կառավարող սուբյեկտներին կից: Առավել հաճախ դրանք ձևավորվում են գործադիր կամ օրենսդիր մարմիններին կամ պաշտոնատար անձանց կից` համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման հիման վրա: Օրինակ, Հայաստանում հանրային խորհուրդը կազմավորվել է ՀՀ նախագահի կողմից` համաձայն վերջինիս հրամանագրի: Նույն կարգով ձևավորվել են Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջկիստանի հանրային խորհուրդները: Ղազախստանինը ստեղծվել է երկրի պառլամենտին կից` պառլամենտի բյուրոյի որոշմամբ:

Բացառիկ դեպքերում հանրային խորհրդի ձևավորումը կարող է նախատեսվել սահմանադրությամբ: Այսպես, Ֆրանսիայի Սահմանադրության 11-րդ բաժինը (69-71-րդ հոդվածները) վերաբերում է Տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդին: Միաժամանակ Ֆրանսիան ունի օրգանիկ օրենք, որը մանրամասնում է խորհրդի առաքելության, ձևավորման և գործունեության հետ կապված հիմնահարցերի իրավական կարգավորումը: Ռուսաստանում հանրային խորհուրդը ձևավորվել է «Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի մասին» օրենքի հիման վրա:

Հանրային խորհուրդները կարող լինել ունիվերսալ և նեղ մասնագիտացում ունեցող: Օրինակ, Ռուսաստանի հասարակական պալատը կամ Ֆրանսիայի Տնտեսական և սոցիալական հարցերի խորհուրդը հանդիսանում է ունիվերսալ, իսկ նեղ մասնագիտացված են, օրինակ, Դանիայի հաշմանդամների խորհուրդը, Չեխիայի ազգային փոքրամասնությունների խորհուրդը: Հայաստանի հանրային խորհուրդը ևս ունիվերսալ է: Ունիվերսալությունը կամ նեղ մասնագիտացումն, ինչպես հետևում է խորհուրդների անվանումներից, պայմանավորված է հանրային խորհուրդների առջև դրված նպատակներով ու խնդիրներով (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Հանրային խորհրդի նպատակներն ու խնդիրները մի շարք երկրներում

Ֆրանսիայի Տնտեսական և սոցիալական հարցերով հանրային խորհրդի նպատակները

․խորհրդատվության մատուցում կառավարությանը, տնտեսական և սոցիալական քաղաքականությունների մշակմանը մասնակցություն,

․քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովում հասարակության համար,

․հասարակության տարբեր խմբերի միջև համագործակցության խթանում:

Ռուսաստանի հասարակական պալատի խնդիրների ու նպատակների շրջանակը

․պետական քաղաքականության իրականացման գործընթացում քաղաքացիների և հասարակական միավորումների ներգրավում,

․համառուսաստանյան նշանակություն ունեցող և քաղաքացիների ու հասարակական միավորումների օրինական շահերի ու ազատությունների, սահմանադրական իրավունքների իրականացմանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների առաջադրում և աջակցում,

․դաշնային, ՌԴ-ի սուբյեկտների օրենքների, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հասարակական փորձաքննության իրականացում,

․համաձայն օրենքի` հասարակական հսկողության իրականացում ՌԴ կառավարության, գործադիր իշխանության դաշնային մարմինների, ՌԴ-ի սուբյեկտների գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ, ինչպես նաև ԶԼՄ-երում խոսքի ազատությանը հետևում,

․ՌԴ-ում քաղաքացիական հասարակության զարգացման առաքելություն ունեցող հասարակական միավորումներին պետական աջակցության ցուցաբերման բնագավառում առաջնահերթություններ սահմանելիս ՌԴ-ի պետական իշխանության մարմինների համար առաջարկների մշակում,

․ՌԴ-ի սուբյեկտների կողմից ձևավորված հասարակական պալատներին տեղեկատվական, մեթոդական և այլ աջակցության ցուցաբերում,

oքաղաքացիների, հասարակական միավորումների, ԶԼՄ-երի ներգրավում ԶԼՄ-երում խոսքի ազատությանը հետևելու գործընթացում, տեղեկատվության տարածման օրինական եղանակների քաղաքացու իրավունքների իրագործման, խոսքի և զանգվածային տեղեկատվության ազատության երաշխիքների ապահովման վերաբերյալ քննարկումների կազմակերպում և առաջարկությունների մշակում,

․միջազգային համագործակցության իրականացում:

Ղազախստանի հանրային պալատի խնդիրների և գործառույթների շրջանակը

․օրինագծերի փորձաքննություն,

․մշակվող և քննարկվող օրինագծերի վերաբերյալ առաջարկների ներկայացում,

․ընդունված օրենքների հնարավոր հետևանքների կանխատեսում,

․արտասահմանյան երկրների պառլամենտների փորձի ուսումնասիրություն և ընդհանրացում,

․օրինաստեղծ գործունեության հիմնախնդիրներին նվիրված միջոցառումների, գիտաժողովների, լսումների, սեմինարների, կլոր սեղանների անցկացում:

Ղրղզստանի հանրային պալատի խնդիրները

․նախագահի, պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ քաղաքացիների կապի ապահովում,

․պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման և իրագործման ընթացքում քաղաքացիների շահերի ու սպասումների արտահայտում, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանում,

․պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հասարակական հսկողության սահմանում:

Հայաստանի հանրային խորհրդի նպատակներն ու խնդիրները

․ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում,

․ՀՀ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը նպաստումը,

․պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը,

․քաղաքացիական հասարակության կայացումը,

․հանրության և փորձագիտական շրջանակների այլընտրանքային մոտեցումների ու դիրքորոշումների միջոցով հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող խնդիրների վրա ՀՀ նախագահի ուշադրության հրավիրումը,

․ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների օրինական շահերի, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների իրականացմանն աջակցումը,

․հանրային կարևորություն ունեցող այն հիմնախնդիրների վերհանումը, որոնք ընդգրկված չեն պետական քաղաքականությունների առաջնահերթություններում կամ անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել պետական ծրագրերում,

․ՀՀ օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերի հասարակական փորձաքննության իրականացում,

․ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ամրապնդման և զարգացման ուղղությամբ պետական քաղաքականության առաջնահերթությունների հստակեցում,

․հասարակական վերահսկողության իրականացում` նպաստելով պետական կառավարման համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանի բարձրացմանը,

․քաղաքացիների, հասարակական միավորումների և ԶԼՄ-երի ներկայացուցիչների ներգրավում խոսքի ազատության պաշտպանության հարցերով,

․հանրային խորհրդի աշխատանքների տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ միջազգային համագործակցության իրականացում:

Ինչպես հետևում է 1-ին աղյուսակից, բերված երկրներում հանրային խորհուրդները կոչված են իրագործել գրեթե նույն խնդիրներն ու նպատակները: Հայաստանի հանրային խորհրդի խնդիրներում և նպատակներում առանձնահատուկ շեշտադրվում է քաղաքացիական հասարակության կայացումն, ինչպես նաև երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը նպաստումը: Ոլորտային առումով հանրային խորհուրդների գործունեության մասին կարելի է պատկերացում կազմել նրանց հանձնաժողովների անվանումներից (աղյուսակ 2):

Աղյուսակ 2. Հանրային խորհուրդների հանձնաժողովներ

Ֆրանսիայի Տնտեսական և սոցիալական հարցերի հանրային խորհրդի հանձնաժողովները

1.աշխատանքի,

2.սոցիալական հարցերի,

3.ֆինանսների,

4.արտադրության, հետազոտությունների և տեխնոլոգիաների,

5.տարածաշրջանային և տերիտորիալ բարեկարգման,

6.գյուղատնտեսության և պարենի,

7.ընդհանուր տնտեսական հարցերի և կոնյունկտուրայի,

8.արտաքին հարաբերությունների,

9.կենսամակարդակի:

Ռուսաստանի հասարակական պալատի հանձնաժողովները

1.իրավապաշտպան մարմինների գործունեության նկատմամբ հասարակական հսկողության և դատաիրավական համակարգի բարեփոխումների,

2.վետերանների, զինծառայողների և նրանց ընտանիքի հարցերի,

3.ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության,

4.հաղորդակցման, տեղեկատվական քաղաքականության, ԶԼՄ-ում խոսքի ազատության,

5.կրթության և գիտության,

6.մշակույթի,

7.առողջապահության,

8.առողջ ապրելակերպի, սպորտի և զբոսաշրջիկության,

9.շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության,

10.տնտեսական զարգացման և ձեռնարկատիրության աջակցման,

11.բարեգործության զարգացման և հասարակական կազմակերպությունների օրենսդրության կատարելագործման,

12.տեղական ինքնակառավարման և բնակարանային քաղաքականության,

13.աշխատանքային հարաբերությունների և կենսաթոշակային ապահովման,

14.քաղաքացիական հասարակության զարգացման,

15.սոցիալական և դեմոգրաֆիկ քաղաքականության,

16.մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման,

17.տարածքային զարգացման:

Հայաստանի հանրային խորհրդի հանձնաժողովները

1.գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի,

2.պետաիրավական հարցերի,

3.քաղաքացիական հասարակության կայացման հարցերի,

4.ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի,

5.գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի,

6.առողջապահության և սոցիալական հարցերի,

7.տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի,

8.պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի,

9.ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի,

10.ազգային փոքրամասնությունների հարցերի,

11.ժողովրդագրական և գենդերային հարցերի,

12.կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի:

Անհրաժեշտ է նշել, որ հանրային խորհուրդների իրավական կարգավիճակի որոշումն ուղեկցվում է որոշակի դժվարություններով: Մի կողմից խորհուրդները կարող են դիրքավորվել որպես հանրային, կառավարման հասարակական մարմիններ, իսկ մյուս կողմից հանդես են գալիս որպես պետական կամ մունիցիպալ մարմիններ: Այս անորոշությունն իր արտահայտությունն է գտնում իրավական ակտերի ձևակերպումներում: Oրինակ, Ռուսաստանի հասարակական պալատի մասին օրենքը սահմանելով պալատի առաքելությունը, նպատակներն ու խնդիրները` չի սահմանում նրա իրավական կարգավիճակը, և նշվում է միայն, որ հասարակական պալատը ձևավորվում է Ռուսաստանի քաղաքացիների, հասարակական միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների միավորումների կամավոր մասնակցության հիմքի վրա: Գրեթե նույնատիպ ձևակերպումներ պարունակում են Հայաստանի հանրային խորհրդի և Ղազախստանի հանրային պալատի կանոնադրությունները: Այսպես, նշված երկու երկրներում այն հանդիսանում է խորհրդակցական մարմին, սակայն, եթե Ղազախստանում այն ձևավորվում է պառլամենտին կից, ապա Հայաստանում` ՀՀ նախագահի կողմից: Այսինքն կառույցի իրավական կարգավիճակը պարզաբանող դրույթներ նշված փաստաթղթերը չեն բովանդակում:

Միաժամանակ տեսական բանավեճերում հանրային խորհուրդը ենթադրվում է դիտարկել որպես կոնկրետ իրավական ակտի հիման վրա ձևավորվող հանրային իրավունքի հատուկ հասարակական պետական ինստիտուտ, ինչը որոշ առումով կարող է նվազեցնել նրա` որպես անկախ, անկողմնակալ և անաչառ մարմնի նշանակությունը:

Ինչ վերաբերում է, քաղաքացիական ժյուրիները ձևավորվում են քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից: Դրանք հանդիսանում են քաղաքացիների ինքնակազմակերպման ձև: Քաղաքացիական ժյուրիները, ըստ էության, իրենցից ներկայացնում են խորհրդատվական հասարակական կոլեգիա, որը ձևավորվում է քաղաքացիներից, այսպես կոչված, ոչ պրոֆեսիոնալ ատենակալներից, որոնք լիազորված են քննարկել հանրային կարևորություն ունեցող ցանկացած հարց: Քաղաքացիական ժյուրիների հասարակական կարգավիճակը հանդիսանում է նրանց առավելությունը, քանի որ ապահովում է նրանց օբյեկտիվությունն ու անկախությունը իշխանությունից:

Հանրային խորհուրդների ձևավորման կարգը

Հանրային խորհուրդների կազմը ձևավորվում է տարբեր սոցիալական խմբերի շահերը ներկայացնելու սկզբունքի հիման վրա: Գոյություն ունի հանրային խորհուրդների ձևավորման երկու մոտեցում`

1.բոլոր ռեֆերենտ խմբերի ներկայացուցիչների ներգրավում,

2.միայն որոշակի խմբերի ներկայացուցիչների ներգրավում:

Առաջին մոտեցումը կիրառվում է նեղ մասնագիտացում ունեցող խորհուրդների դեպքում: Մասնավորապես, Չեխիայի կառավարությանը կից ազգային փոքրամասնությունների խորհուրդում յուրաքանչյուր էթնիկ փոքրամասնությունից ներգրավված է ներկայացուցիչ: Այս մոտեցման հիմնական թերությունը հանգում է նրան, որ ռեֆերենտ խմբերի ընդլայնման դեպքում, նրանց ներկայացուցիչների ներգրավումը մեկ մարմնի կազմում դառնում է բավական դժվարին խնդիր: Բացի այդ, խորհրդի կազմում կարող են ներկայացված լինել այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ի սկզբանե հակված չեն համագործակցելու, ինչը վտանգում է խորհրդի գործունեությունը: Այդ իսկ պատճառով, ժամանակակից ժողովրդավարական երկրներում հանրային խորհուրդների կազմի ձևավորման ժամանակ կիրառվում է երկրորդ մոտեցումը, որը հիմնված է կառավարելի ներկայացուցչության սկզբունքի վրա, այսինքն այս կամ այն սոցիալական խմբի ներկայացուցիչը, որպես կանոն, պատվիրակվում է այն կազմակերպություններից, որոնց ցանկը սահմանված է նորմատիվ իրավական ակտով կամ նշանակվում է իշխանության մարմնի կողմից:

Հանրային խորհրդի կազմի ձևավորման կառավարելի ներկայացուցչության սկզբունքի հիմնական թերությունը հանգում է նրան, որ ամեն դեպքում խորհրդի կազմը կարող է լինել ոչ ներկայացուցչական: Հասարակությունը հանրային խորհրդում ներկայացվում է կամ որոշակի հանրային կառույցների անդամների, կամ վաստակավոր քաղաքացիների միջոցով:

Ռացիոնալ հիմնավորման կարիք ունի նաև հանրային խորհուրդների անդամների քանակական կազմը, որը տատանվում է 10-ից մինչև 250 անդամը: Արդյունքում հանրային խորհուրդների կազմը մշտապես ենթարկվում է քննադատության: Այսպես, որոշ փորձագետների կարծիքով, Ֆրանսիայի Տնտեսական և սոցիալական հարցերի հանրային խորհրդի այն անդամների կազմում, որոնց նշանակում է կառավարությունը, շատ հաճախ կարելի է հանդիպել պատահական մարդկանց :

Անհրաժեշտ է դիտարկել նաև հանրային խորհրդի անդամների ներգրավման կարգը, որը կարող է լինել.

1.ընտրության,

2.նշանակման,

3.հանրային խորհրդի անդամ դառնալու մասին ծանուցման միջոցով:

Առավել հաճախ նշված երեք եղանակները համադրվում են:

Հանրային խորհրդի անդամների ընտրությունը խորհրդի ձևավորման առավել ժողովրդավարական եղանակն է, որը կարող է ապահովել հասարակական շահերի իրական ներկայացուցչություն և նպաստել հասարակության վստահության ու մասնակցության շահագրգռվածության մակարդակի բարձրացմանը: Օրինակ, Պորտո-Ալեգրե քաղաքի (Բրազիլիա) հանրային խորհրդի անդամները մեծամասամբ ընտրվում են: Խորհրդի ընտրված 44 անդամները հանդիսանում են քաղաքի 16 շրջանների ներկայացուցիչներ, իսկ վեցը` քաղաքի զարգացման առաջնահերթ հարցերի վերաբերյալ հայտնի մասնագետներ:

Միջազգային պրակտիկայում տարածված է նաև հանրային խորհրդում սեփական թեկնածության առաջադրման պրակտիկան: Նման կարգ նախատեսված է Դեյթոնի (ԱՄՆ) առաջնահերթությունների խորհրդում: Այսպես, համաձայն ընտրական օրենսգրքի` ցանկացած անձ, իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը, եթե հավաքում է առնվազն 25 գրանցված ընտրողի ստորագրություն: 1992թ. «Գովերնինգ» ամսագիրը Դեյթոնի փորձն անվանեց «հանրային գործերում քաղաքացիների մասնակցության գլուխգործոց»: Հարկ է նշել, որ Դեյթոնի փորձն ընդօրինակել են ԱՄՆ-ի մի շարք քաղաքներ` Սան-Անտոնիո, Դենվեր, Ռիչմոնդ և այլն:

Պետական մարմինների կողմից հանրային խորհրդի անդամների նշանակման տարբերակը հիմնականում կիրառվում է այն հանրային խորհուրդների կտրվածքով, որոնք ունեն տեղեկատվական և խորհրդատվական իրավասություններ: Օրինակ, Դանիական սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված Հաշմանդամների դանիական խորհուրդը, որի հիմնական առաքելությունն է պետական մարմինների ուշադրության գրավումը հաշմանդ անձանց հիմնախնդիրների, սոցիալական պաշտպանվածության և կենցաղային պայմանների վրա, կազմված է 14 անդամից, որոնցից 7-ը նշանակվել են Հաշմանդամների դանիական խորհրդի, մեկը` Դանիայի կոմսությունների խորհրդի, իսկ մնացածը` տեղական իշխանությունների երաշխավորությամբ:

Որպես իշխանության մարմինների կողմից ձևավորվող հանրային խորհրդի օրինակ կարող է ծառայել Հունգարիայի քաղաքացիական հիմնադրամի ծրագրերի խորհուրդը, որի նախագահը նշանակվում է

կառավարության կողմից, խորհրդի անդամները 15-ն են, ընդ որում` երեքը պատվիրակվում են վարչապետի, երեքը` պառլամենտի սոցիալական հարցերով հանձնաժողովի կողմից, իսկ մնացած տասը` քաղաքացիական ինստիտուտների ներկայացուցիչներ են, սակայն նշանակվում են կառավարության կողմից:

Ղազախստանի Հանրային պալատի կազմը (ընդհանուր առմամբ 30 անդամ) ձևավորվում է պառլամենտի մշտական հանձնաժողովների, գրանցված քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների առաջարկների հիման վրա: Հանրային պալատի նախագահը հաշվետու է պառլամենտին:

Նշանակման մեկ այլ տարբերակ է Ֆրանսիայի օրինակը, երբ նշանակումն առավելապես կատարվում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից: Այսպես, Ֆրանսիայի Տնտեսական և սոցիալական հարցերի հանրային խորհուրդն ունի 231 անդամ կամ խորհրդական, որոնցից`

․163 խորհրդականը նշանակվում են հասարակական և պրոֆեսիոնալ կազմակերպություններից, այդ թվում` արհմիություններից, արդյունաբերական, առևտրի, արհեստակցական, գյուղատնտեսության աշխատողների միավորումներից,

․68-ը նշանակվում են պետության կողմից իրենց մասնագիտական բնագավառում հայտնի և իրազեկ փորձագետների կազմից,

․72-ը նշանակվում են վարչապետի կողմից, սակայն նրանք մասնակցելով խորհրդի աշխատանքներին` չեն հանդիսանում վերջինիս անդամ:

Հանրային խորհրդում ծանուցման միջոցով անդամության ձեռքբերման եղանակն ունի բավական սահմանափակ տարածում: Վերջինիս էությունը հանգում է հետևյալին. համապատասխան տարածքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են դիմել հանրային խորհրդի անդամ դառնալու նպատակով: Ինչից հետո կոորդինացիոն խորհուրդը ստուգում է դիմորդի և նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշակի ֆորմալ պահանջների: Համապատասխանության դեպքում դիմորդը դառնում է հանրային խորհրդի անդամ:

Ինչպես արդեն նշվել է, պրակտիկայում հնարավոր է անդամների ներգրավման նշված եղանակների համադրումը: Այսպես, հիմնվելով կառավարելի ներկայացուցչության սկզբունքի վրա` Ռուսաստանի հասարակական պալատը ձևավորվել է նշանակման և ծանուցման եղանակների համադրմամբ (աղյուսակ 3): Ռուսաստանի հասարակական պալակը կազմված է`

․Ռուսաստանի նախագահի կողմից նշանակված 42 քաղաքացիներից,

․համառուսական հասարակական կազմակերպությունների 42 ներկայացուցիչներից,

․միջտարածաշրջանային և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների 42 ներկայացուցիչներից:

Աղյուսակ 3. Ռուսաստանի հասարակական պալատի ձևավորման ընթացակարգը

ՓՈՒԼ 1

ՌԴ նախագահը խորհրդակցելով հասարակական կազմակերպությունների, ոչ առևտրային կազմակերպությունների միությունների, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ստեղծագործական միությունների հետ որոշում է հասարակական պալատի անդամների 42 թեկնածուներին և առաջարկում է նրանց դառնալ պալատի անդամ:

ՓՈՒԼ 2

Առաջարկը ստացած անձինք գրավոր ծանուցում են իրենց համաձայնության կամ մերժման մասին:Առաջարկը ստանալուց 30 օրվա ընթացքում

ՓՈՒԼ 3

Առաջարկը ստացած անձանց գրավոր համաձայնությունից հետո ՌԴ նախագահն իր հրամանագրով հաստատում է հասարակական պալատի անդամ լինելը և առաջարկում է ձևավորել պալատի ողջ կազմը:Գրավոր համաձայնությունը ստանալուց 30 օրվա ընթացքում

ՓՈՒԼ 4

Համառուսական, միջտարածաշրջանային և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունները հասարակական պալատ ուղղում են դիմումներ իրենց ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով:Ոչ ուշ, քան 42 անդամներին նշանակելուց հետո 30-րդ օրը

ՓՈՒԼ 5

ՌԴ նախագահի կողմից նշանակված անդամները մրցութային կարգով որոշում են ընդունում համառուսական հասարակական կազմակերպությունների 42 ներկայացուցիչներին հասարակական պալատի անդամ ընտրելու վերաբերյալ:Իրենց նշանակումից 60 օրվա ընթացքում

ՓՈՒԼ 5’

ՌԴ նախագահի կողմից նշանակված հասարակական պալատի 42 անդամների նախաձեռնությամբ ու աջակցությամբ ՌԴ սուբյեկտներում ժողովների և ֆեդերալ տարածքներում անց են կացվում կոնֆերանսների` միջտարածաշրջանային և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հասարակական պալատի անդամի թեկնածության առաջադրման նպատակով:ՌԴ նախագահի կողմից 42 անդամներին նշանակելուց 30 օրվա ընթացքում

ՓՈՒԼ 6

Ձևավորվում է միջտարածաշրջանային և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թեկնածուների կազմը:

ՓՈՒԼ 7

ՌԴ-ի նախագահի կողմից նշանակված և համառուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կողմից ընտրվում են միջտարածաշրջանային և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՓՈՒԼ 8

Հասարակական կազմակերպության առաջին պլենար նիստի անցկացումՈչ ուշ, քան ամբողջ կազմի ձևավորումից 30 օր հետո

Գրեթե նմանատիպ մոտեցում է նախատեսվում նաև Հայաստանում (աղյուսակ 4):

Աղյուսակ 4. Հայաստանի հանրային խորհրդի ձևավորման ընթացակարգը

ՓՈՒԼ 1

ՀՀ նախագահի կողմից նշանակվում են հանրային խորհրդի 12 անդամները:

ՓՈՒԼ 2

Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման նպատակով հանրային խորհրդի նշանակված 12 անդամները դիմում են համապատասխան ոլորտների կազմակերպություններին, միավորումներին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական ու ուսանողական կազմակերպություններին, ԶԼՄ-երին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կառույցների:

ՓՈՒԼ 3

Նշված կառույցները գրավոր ներկայացնում են հանրային խորհրդի հանձնաժողովների անդամների իրենց թեկնածուներին:30-օրյա ժամկետ

ՓՈՒԼ 4

Ձևավորվում են 12 հանձնաժողովները:

ՓՈՒԼ 5

Հանձնաժողովների անդամների կազմից ընտրվում են հանրային խորհրդի 12 անդամները, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև համապատասխան հանձնաժողովի նախագահ:7-օրյա ժամկետ

ՓՈՒԼ 6

Հանրային խորհրդի 24 անդամների կողմից առաջադրվում են մեկական թեկնածու:

ՓՈՒԼ 7

Հանրային խորհրդի 24 անդամների կողմից գնահատվում են առաջադրված թեկնածուները (24 միավոր համակարգով):

ՓՈՒԼ 8

Առավել բարձր միավոր հավաքած թեկնածուներին առաջարկվում է անդամակցել հանրային խորհրդին:

ՓՈՒԼ 9

Հանրային խորհրդին անդամակցելու վերաբերյալ 12 անձինք տալիս են իրենց համաձայնությունը:

ՓՈՒԼ 10

ՀՀ նախագահի կողմից հաստատվում է հանրային պալատի 24 անդամների կողմից ներկայացված կազմը:

ՓՈՒԼ 11

Հանրային խորհրդի կազմից ՀՀ նախագահի կողմից նշանակվում է հանրային խորհրդի նախագահ:

ՓՈՒԼ 12

Հրավիրվում է հանրային խորհրդի առաջին նիստը:Հանրային խորհրդի ձևավորումից 10 օր հետո

Ընդհանուր առմամբ, Հայաստանի հանրային խորհուրդի ամբողջական կազմը ձևավորում են ՀՀ նախագահի կողմից նշանակված խորհրդի անդամները` ՀՀ նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 40 օրվա ընթացքում:

Հանրային խորհուրդների ձևավորման ժամանակ առաջին հարցը, որ ծագում է, դա այն է, թե ով կարող է լինել հանրային խորհրդի անդամ:

Իդեալական տարբերակում հանրային խորհուրդն առավել ամբողջական կերպով պետք է ներկայացնի դիտարկվող հարցի վերաբերյալ տարբեր հասարակական շահերը և ներառի տարբեր ներկայացուցիչներ, նույնիսկ հակամարտող կողմերից: Հանրային խորհուրդներում աշխատանքը, որպես կանոն, կրում է կամավորական բնույթ, սակայն պահանջում է ժամանակային ներդրումներ: Միայն այն անձինք, ովքեր հետաքրքրված են հասարակությունում առկա հիմնախնդիրների լուծման գործում, իրենց ձայնը կարող են լսելի դարձնել պետական մարմիններում, նպատակաուղղված գործունեություն են ծավալում այդ ուղղությամբ և հավատում են պետական որոշումների վրա ազդելու հանրային խորհրդի հնարավորությանը, կարող են դիտարկվել որպես հանրային խորհուրդի անդամի հնարավոր թեկնածու:

Որպես կանոն, հանրային խորհրդի անդամ կարող է լինել ընտրելու իրավունք ունեցող անձը: Սովորաբար դա 18 տարեկան անձինք են, ովքեր հանդիսանում են նաև տվյալ երկրի քաղաքացի: Սակայն քաղաքացիություն ունենալու չափանիշը ևս կարելի է դիտարկել որոշակի վերապահումով: Օրինակ, Արևմտյան Եվրոպա երրորդ երկրներից բնակչության ներգաղթի ակտիվացման պայմաններում ներգաղթողների հետ կապված հիմնախնդիրների քննարկման ժամանակ քաղաքացիություն ունենալու չափանիշը մղվում է երկրորդային պլան, քանի որ այդ հիմնախնդիրների լուծումն առանց տվյալ հանրույթի ներկայացուցիչների անհնար է: Հետևաբար, առավել հիմնավորված պահանջ կարելի է դիտարկել որոշակի տարածքում որոշակի ժամանակահատվածում մշտապես բնակվելու փաստը, այլ ոչ թե քաղաքացիությունը:

Կամ երիտասարդության հետ կապված հարցերի դիտարկման ժամանակ եվրոպական միտումներից են տարիքային ցենզի նվազեցումը և երիտասարդության ներգրավումը, որոնք դեռևս չեն հասել ընտրական տարիքի:

Համաձայն հանրային խորհրդի կանոնադրության` Հայաստանի հանրային խորհրդի անդամ կարող է լինել18 տարին լրացած յուրաքանչյուր անձ` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Ինչպես հետևում է սահմանումից, Հայաստանում հասարակական պալատի անդամի թեկնածուի նկատմամբ չի կիրառվում քաղաքացիության պահանջը` ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, որտեղ այն պարտադիր պահանջ է:

Միաժամանակ Հայաստանի հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանվում է, թե ով չի կարող լինել խորհրդի անդամ: Այդ անձանց թվում են`

․ՀՀ նախագահը, ԱԺ-ի պատգամավորները, ՀՀ կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության և դատախազության մարմինների ծառայողները.

․դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

oհանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանաված կարգով հանված կամ մարված չէ.

․ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձինք:

Ինչպես հետևում է կանոնադրության տրամաբանությունից, հանրային խորհրդի անդամ չեն կարող լինել պետական կառավարման մարմինների ղեկավարները: Հետևաբար, հարց է ծագում պետական կառավարման մարմնի ղեկավար չհանդիսացող ներկայացուցչի ներգրավման հնարավորության և հանրային խորհրդի ներսում պետության ու հասարակության ներկայացուցիչների հարաբերակացության վերաբերյալ:

Հանրային խորհրդի ներսում պետության և հասարակության ներկայացուցիչների հարաբերակցությունը պայմանավորվում է խորհրդի առջև դրված նպատակներով: Այն իմաստավորվում է, եթե խորհրդի անդամների մի մասը ընտրվում է կամ չի նշանակվում պետական մարմինների կողմից: Եթե խորհրդի անդամները նշանակվում են պետական մարմինների կողմից, դժվար է խոսել պետական և հասարարական շահերի հավասարակշռության մասին, նույնիսկ եթե նշանակված անձինք ներկայացնում են տարբեր հատվածներ:

Վերադառնալով Պորտո-Ալեգրեի օրինակին, կարելի է նշել, որ մունիցիպալետիտի կողմից նշանակված անձինք չունեն ձայնի իրավունք, նրանք մասնակցում են խորհրդի նիստերում խորհրդակցական ձայնի իրավունքով, ինչը հնարավորություն է տալիս նիստերի մասնակիցներին ծանոթանալ պետական տեսակետի և փաստարկների հետ: Սա կարող է նպաստել խորհրդի կողմից որակյալ և կշռադատված որոշումների ընդունման գործին:

Տարածված է նաև փորձը, երբ պետական մարմինների ներկայացուցիչները նշանակվում են հանրային խորհրդում` վերջինիս աշխատանքները կազմակերպելու և օժանդակելու նպատակով: Օրինակ, Արլինգտոնի (ԱՄՆ, Վերջինիայի նահանգ) Հյուսիսային տրակտատի հանրային խորհուրդում ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչները խորհուրդում իրականացնում են իրենց աշխատանքային պարտականությունների մի մասը, վարում և հրապարակում են խորհրդի արձանագրությունները, ծանուցում են խորհրդի անդամներին հրավիրվելիք նիստերի մասին, այսինքն խորհրդի այլ անդամներին ազատում են կազմակերպչական ծանրաբեռնվածությունից:

Գրեթե նմանատիպ մոտեցում է կիրառվել նաև Սարատով (ՌԴ) քաղաքում: Այսպես, Սարատովի հասարակական պալատի աշխատանքները ղեկավարում է քաղաքապետը, իսկ կազմակերպչական աշխատանքներով զբաղվում են քաղաքապետարանի աշխատակազմի լիազորված անձինք:

Ինչ վերաբերում է քաղաքացիական ժյուրիների ձևավորմանը, ապա այստեղ պարտադիր պայման է հանդիսանում նրա անդամների պատահական ընտրությունը վիճակահանության միջոցով, հատուկ մեթոդաբանության կիրառմամբ, որն ապահովում է տարբեր դեմոգրաֆիական խմբերի ներկայացուցչականությունը: Սովորաբար հաշվի են առնվում հետևյալ դեմոգրաֆիական կատեգորիաները` տարիքը, սեռը, կրթությունը, էթնիկ ծագումը, աշխարհագրական լոկալիզացիան, կրոնական պատկանելիությունը: Նման մոտեցման տեսական հիմքը Գ. Ալմոնդի հայեցակարգն է, համաձայն որի քաղաքացիական մասնակցության արդյունավետությունը չի պահանջում, որ բոլոր քաղաքացիները լինեն քաղաքականապես ակտիվ ցանկացած հասարակական հիմնախնդրի վերաբերյալ: Ակտիվ և լավ տեղեկացված քաղաքացիների ամբողջությանը նա անվանեց «ուշադիր հասարակություն» (կարելի է համեմատականներ անցկացնել Ռոբերտ Դահլի «մինի ժողովուրդ» հասկացության հետ), որը հանդիսանում է պատահաբար ընտրվածների ամբողջություն: Վերջինիս առջև խնդիր է դրված որոշ ժամանակահատվածում մտածել կոնկրետ հիմնահարցերի շուրջ, իսկ այնուհետև հայտարարել սեփական եզրահանգումները: Ընդ որում, նրանք իրավունք ունեն փոխելու իրենց սկզբնական կարծիքը: Քաղաքացիական ժյուրիների կազմի ձևավորման ժամանակ ընտրվում են վերոնշյալ խմբերի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ 18-24 անդամ:

Ոչ պակաս կարևոր է հանրային խորհուրդների կողմից պետական մարմինների վրա ազդելու ունակությունը: Ինչպես արդեն նշվել է, հանրային խորհուրդների որոշումները պետական մարմինների համար հիմնականում ունեն խորհրդակցական բնույթ: Հանրային խորհուրդների առաջարկները օգնում են պլանավորել պետական մարմինների գործունեությունը և այն ուղղել քաղաքացիների իրական պահանջների բավարարմանը, արդյունավետորեն օգտագործել պետական ֆինանսները:

Սակայն որոշ դեպքերում հանրային խորհուրդների որոշումները ստանում են պարտադիր կատարման ուժ: Որպես պարտադիր բնույթ ունեցող որոշումների կայացման իրավունք ունեցող հանրային խորհրդի օրինակ կարելի է դիտարկել Բոլիվիայի Դիտորդ հանձնաժողովը, որը հանդիսանում է կապող օղակ քաղաքացիների տարածքային կազմակերպությունների և տեղական իշխանությունների միջև: Նրա հիմնական առաքելությունն է հանդիսանում մունիցիպալ ռեսուրսների օգտագործման նկատմամբ հսկողությունը: Եթե հանձնաժողովը բացահայտում է մունիցիպալ ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման դեպքեր կամ մունիցիպալ իշխանությունների ոչ բարեխիղճ վերաբերմունք այդ ռեսուրսների օգտագործման նկատմամբ, հանձնաժողովի որոշմամբ տեղական մարմինը պարտավոր է ապահովել իր գործունեության թափանցիկությունը:

Պետական մարմինների վրա ուղղակի ազդեցության օրինակ կարելի է դիտարկել Սան-Ֆրանցիսկո քաղաքի օպերատիվ խումբը, որը պետական փաստաթղթերի պահառուի և քաղաքացիների միջև ստանձնել արբիտրի գործառույթները: Անձի հիմնավորված բողոքի առկայության դեպքում օպերատիվ խմբի որոշման հիման վրա պետական փաստաթղթերի պահառուն պարտավոր է տրամադրել պահանջվող փաստաթուղթը:

Ամեն դեպքում, անկախ որոշումների խորհրդակցական կամ պարտադիր բնույթի` հանրային խորհուրդների գործունեության արդյունավետության չափանիշ, այլ հավասար պայմաններում, կարող է հանդիսանալ իշխանության կողմից դրանց ընդունումն ու համապատասխան քաղաքականության կամ գործընթացի մեջ արտացոլումը:

Հանրային խորհուրդների աշխատանքների կազմակերպման կարգը

Հաշվի առնելով իշխանության մարմինների հետ նրանց «մոտիկությունը», հանրային խորհուրդներն ունեն նմանատիպ կառուցվածքներ, աշխատում են հաստատված օրակարգով, քննարկում և որոշումներ են ընդունում ըստ կանոնակարգի: Մասնավորապես, Ֆրանսիայի Տնտեսական և սոցիալական հարցերի գծով խորհուրդն իր կառուցվածքում ունի բյուրոներ, բաժիններ, հանձնաժողովներ: Խորհուրդի գործունեության հիմնական ձևը պլենար ժողովն է: Գրեթե նույն ձևով է աշխատում Ռուսաստանի հասարակական պալատը: Համաձայն օրենքի նախատեսված է նաև պալատի աշխատակազմի ձևավորում, որի հիմնական խնդիրն է ապահովել պալատի գործունեությունը:

Հանրային խորհուրդների գործունեության կազմակերպման տեսանկյունից դրանք ավելի շատ պետական-հասարակական կառույցներ են, քան հասարակական: Հատկանշական է, օրինակ, համաձայն օրենքի` Ռուսաստանի հասարակական պալատի աշխատակազմի ղեկավարը նշանակվում է կառավարության կողմից պալատի հետ համաձայնեցնելու միջոցով: Պալատի աշխատակազմը ձևավորվում է որպես պետական հիմնարկ և գործնականում հանդես է գալիս որպես պետական ապարատի բաղկացուցիչ տարր:

Հանրային խորհուրդի գործունեության կազմակերպման առնչությամբ, համաձայն Հայաստանի հանրային խորհրդի կանոնադրության, կարելի է ավելացնել, որ հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է ՀՀ նախագահի աշխատակազմը: Սակայն կանոնադրությունն այս հարցի վերաբերյալ չի նախատեսում իրականացման որևիցե կարգ, իսկ ինչ վերաբերում է, Հայաստանի հանրային խորհրդի

գործունեության կազմակերպման կարգին (կանոնադրության 5-րդ գլուխ), ապա այն հիմնականում հանգում է խորհրդի անդամների պարտականություններին ու իրավասություններին:

Հանրային խորհուրդների գործունեությունը ֆինանսավորում է այն մարմինների կողմից, ի նպաստ որոնց ստեղծվել է խորհուրդը: Հանրային խորհրդի անդամները, որոնք ընտրվել կամ նշանակվել են ոչ պետական կազմակերպությունների կողմից, իրենց պարտականությունները հիմնականում իրագործում են անվճար: Սակայն պետական մարմինների կողմից նշանակված անդամները, եթե նրանք չեն հանդիսանում պետական ծառայողներ, ստանում են փոխհատուցում: Օրինակ, Գերմանիայի ֆեդերալ կառավարությանը կից գործող Շրջակա միջավայրի գլոբալ փոփոխությունների հարցերի խորհրդատվական խորհրդի անդամներին փոխհատուցվում են ծախսված ժամանակը և փոխադրումների հետ կապված ծախսերը: Մեկ այլ օրինակ է Կանադայի բնակչության ծերացման հարցերի ազգային խորհրդատվական խորհուրդը, որի անդամները ստանում են հոնորարներ: Ֆրանսիայի Տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի անդամների վարձատրության գումարը չի կարող գերազանցել պատգամավորների աշխատավարձի 1/3-ը, և հաշվարկը կատարվում է ըստ աշխատանքային նիստերի հաճախելու օրերի:

Բացի անդամների վարձատրությունից, հանրային խորհուրդներն ունեն ծախսային այլ հոդվածներ: Հետևաբար, հարց է ծագում, թե ինչ միջոցների հաշվին է կատարվում հանրային խորհուրդների ֆինանսավորումը:

Այսպես, Ղրղզստանում հանրային խորհրդի ֆինանսավորումը կատարվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` Ղրղզստանի նախագահի աշխատակազմի միջոցով: Որպես ֆինանսավորման աղբյուր դիտարկվում են նաև միջազգային կազմակերպությունները: Ղազախստանում հանրային պալատի գործունեությունը ֆինանսավորվում է ի հաշիվ բյուջետային միջոցների` պառլամենտի ֆինանսավորման ծախսային հոդվածներից: Ռուսաստանում հասարակական պալատի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը առանձին տողով նախատեսվում են համապատասխան տարվա դաշնային բյուջեում: Ուկրաինայում հանրային խորհուրդը ֆինանսապես գրեթե անկախ է պետությունից, սակայն կախվածությունն առկա է միջազգային դոնորներից և տեղական բիզնեսից: Հիմնականում Ուկրաինայի հանրային խորհուրդը գործում է անդամների էնտուզիազմի վրա, ինչը չի կարող չազդել հանրային խորհուրդի պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Այսինքն ֆինանսական հարաբերական անկախությունը հակադարձ համեմատականն է ֆինանսական, նյութատեխնիկական և կազմակերպական ապահովվածությանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին. հաշվի առնելով, որ ներկայումս հանրային խորհրդի գործունեությունը կարգավորող իրավական դաշտը ՀՀ նախագահի հրամանագիրն է ու հանրային խորհրդի կանոնադրությունը, ապա կարելի է նշել, որ Հայաստանում հանրային խորհրդի գործունեության ֆինանսական ապահովման հարցը բաց է, քանի որ նշված իրավական ակտերով այն չի կարգավորվում:

Ընդհանրացնելով, կարելի է նշել, որ հանրային խորհուրդների գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական կամ տեղական բյուջեների հաշվին, և ստացվում է, որ պետությունը լինելով հասարակական պալատի պատվիրատու և շահառու, իրականացնում է նրա գործունեության ֆինանսական և կազմակերպական ապահովումը, ինչի հետ կապված օրինաչափորեն կասկածներ են ծագում խորհուրդների եզրակցությունների, առաջարկությունների օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ:

Քաղաքացիական ժյուրիների գործունեության կազմակերպման և ֆինանսավորման առնչությամբ` ժյուրիները կարելի է բնութագրել որպես յուրահատուկ հանրային հետազոտական ծրագիր: Որպես կանոն, դրա իրագործման տևողությունը մոտավորապես 4 ամիս է: Քաղաքացիական ժյուրիի

անդամները ստանում են ոչ մեծ դրամական վարձատրություն: Քաղաքացիական ժյուրիի գործունեությունը ֆինանսավորվում են հովանավորների` ոչ առևտրային կազմակերպությունների, կորպորացիաների, առանձին քաղաքացիների կամ դրանց համախմբի կողմից: Ընդ որում, գործում է հետևյալ կանոնը. որպես հովանավոր չի կարող հանդես գալ անձը, որը հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ կամ հանդիսանում է ժյուրիի շահառու:

Յուրաքանչյուր ժյուրի-ծրագրի գործունեությունն ապահովում է ծրագրի անձնակազմը, որի անդամները պետք է դրսևորեն չեզոք դիրքորոշում: Նրանց հիմնական գործառույթներն են առաջադրանքի մշակումը, օրակարգի ձևակերպումը, վկաների և փորձագետների ընտրությունը, որոնց կողմից բացահայտվող տեղեկությունները կարող են պարզաբանել հիմնախնդրի էությունը:

Այսպիսով, ժամանակակից ժողովրդավարական պետությունների կայունության ապահովումն անհնար է առանց այնպիսի քաղաքացիական ինստիտուտների մասնակցության, ինչպիսիք են հանրային խորհուրդները: Նախորդ հարյուրամյակի 30-ական թվականներից սկսած մինչև մեր օրերը գերիշխող են հանդիսանում պետության և տեղական համայնքների կողմից ձևավորված հանրային խորհուրդները: Մասնակցելով նրանց աշխատանքներին քաղաքացիները նպաստում են իշխանության մարմինների կողմից ընդունվող որոշումների որակի բարձրացմանը: Միաժամանակ հանրային խորհուրդների գործունեության պրակտիկան ի հայտ է բերել մի շարք թերություններ, որոնց թվում են`

․կախվածությունը պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, խոսքը վերաբերում է ոչ միայն ֆինանսական, այլև դիրքորոշման անկախությանը,

․օրակարգում ընդգրկված հարցերի մակերեսային դիտարկման հնարավորությունը,

․խորհրդակցական կարգավիճակ, որը սահմանափակում է խորհուրդների հնարավորություններն ազդելու պետական մարմինների վրա,

․կարգավորող իրավական դաշտը, որը կարող է սահմանափակվել միայն պետական մարմնի ղեկավարի հրահանգով և հանրային խորհրդի ազդեցությունը պայմանավորել միայն պետական մարմնի բարի կամքի դրսևորմամբ,

․հանրային խորհրդի ազդեցիկությունը պայմանավորվում է մեծամասամբ նրա անդամների հեղինակությամբ, համբավով, ինչպես նաև իրենց խոսքի լսելի դարձնելու ու իրենց տեսակետը պաշտպանելու ունակությամբ:

Նշված թերություններով պայմանավորված տարբեր երկրներում դեռևս շարունակվում են հանրային խորհուրդների առավել օպտիմալ տարբերակները փնտրելու աշխատանքները: Որպես այդպիսին կարող են հանդես գալ քաղաքացիական ժյուրիները: Վերջիններիս հիմնական թերությունն այն, որ դրանք բավական մեծ դժվարությամբ են հաստատվում նույնիսկ զարգացած ժողովրդավարությունների պայմաններում: Սակայն նշված թերության հետ մեկտեղ ակնառու են նաև առավելությունները, որոնց թվում է հասարակության իրազեկ և ավտոնոմ մասնակցությունը իշխանության կողմից որոշումների կայացման գործընթացում: Հետևաբար, այս ինստիտուտը կարող է դառնալ հանրային խորհուրդների ծանրակշիռ լրացում:

Նպատակահարմար է ավելացնել, որ չնայած հանրային խորհուրդների գործունեության և ձևերի բազմազանությանը, մշակվել են դրանց կազմակերպման որոշակի սկզբունքներ, որոնցից կարևորվում են ԵՄ-ի ստանդարտները: Համաձայն այդ ստանդարտների` խոսքը գնում է ոչ թե հասարակության և իշխանության, այլ իշխանություն և շահառու անձինք փոխազդեցության, այսինքն կոնկրետ հասարակության այն խմբերի հետ համագործակցության մասին, որոնց վրա ազդելու է պետական որոշումը և որոնք կարող են ներգրավվել որպես խորհրդատու: Եվրոպական ստանդարտների հիմնական գաղափարը հանգում է իշխանության և շահառու անձանց փոխազդեցության

աստիճանական ապահովմանը, այսինքն հանրային քննարկմանն է ներկայացվում ոչ թե պատրաստի որոշումը կամ փաստաթուղթը, այլ շահառու անձանց հետ համագործակցությունը սկսվում է գաղափարի ձևավորման փուլում և շարունակվում մինչև կոնկրետ որոշման ընդունումն ու իրագործումը: Այլ խոսքերով, համաձայնեցման կարիք ունեն նպատակները, խնդրի տեսլականը, այլընտրանքային լուծումները, լուծման ուղիները, որոշումն ու պատրաստի փաստաթղթերը: Ընդհանուր առմամբ, համաձայն եվրոպական ստանդարտների` հանրային խորհուրդների հիմնական դերակատարումը հանգում է իշխանության և շահառու անձանց միջև կամուրջի ձևավորմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում դելիբերատիվ ժողովրդավարության տարր հանդիսացող հանրային խորհրդի ներմուծմանը, ապա նրա ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակական կյանքում նրան որոշակի դերի ամրագրումը, իրավասությունների ու գործառույթների շրջանակի սահմանումը հեռու չեն գնացել գոյություն ունեցող միջազգային փորձից: Միաժամանակ որոշակի անորոշություններ են առկա հանրային խորհրդի գործունեության կազմակերպման հարցերում, որոնք հնարավոր է լուծել իրավական դաշտի զարգացման միջոցով:

Ամենակարևոր հիմնախնդիրն հանրային խորհրդի ճիշտ դիրքավորումն է հայաստանյան իրականությունում, իսկ վերջինիս կարևոր նախապայմաններից է հասարակության կողմից աջակցության ստացումը, ինչը հնարավոր է կառույցի առաքելությանն ու գործունեությանը վերաբերող հարցերում հասարակության իրազեկության բարձրացման, ինչպես նաև հանրային խորհրդի կողմից իր առջև դրված նպատակների ու խնդիրների նպատակասլաց ու արդյունաբեր իրականացման դեպքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: