Հայերեն   English   Русский  

«Այ շա՛տ լավ եղավ, որ Դուք հասկացաք, որ Ձեր մասին է խոսքը»․ Աիդա Թոփուզյանը՝ Ստյոպա Սաֆարյանին


  
դիտումներ: 782

Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանը երեկ խորհրդի նիստին ՀԽ գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Աիդա Թոփուզյանն ասաց, թե ցավալի է, որ այսօր որոշ պաշտոնյաներ չեն գիտակցում Հանրային խորհրդի անհրաժեշտությունն ու կարևորությունը։

«Մի ուրիշ հարց էլ կա․ այսօր այնպիսի մթոլորտ է մեր հանրապետությունում, որ ցանկացած մարդ, բարոյական իրավունք ունի թե ոչ, կարող է փնովել դիմացինին»։

Թոփուզյանի խոսքով՝ Հանրային խորհրդի նկատմամբ քննադադությունները գալիս են նաև նրանից, որ առաջին հերթին խորհրդի ներսում չի պահպանվում էթիկան։

«Ամեն մեկս էլ կարող ենք տարբեր կարծիք ունենալ, և ոչ ոք չպետք է այդ կարծիքը ոտնահարի, բայց ոչ ոքի չի թույլատրվում կնոջ հետ ինչպես ուզում է խոսել, իրենից մեծի հետ ինչպես ուզում է խոսել և օգտագործել բառեր, որ մտավորական մարդկանց չեն սազում։ Ես անուններ չեմ ուզում տալ․․․»,-ասաց Թոփուզյանը։

«Բայց ուզում ենք, որ տաք»,-կողքից արձագանքեց ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը։

«Այ շա՛տ լավ եղավ, որ Դուք հասկացաք, որ Ձեր մասին է խոսքը»,-պատասխանեց Թոփուզյանը։

«Դուք հիմա ինձ մեղադրում եք»,-փորձեց հակադարձել Ստյոպա Սաֆարյանը։

«Ես Ձեզ չեմ մեղադրում, պարոն Սաֆարյան, Ձեր անձը չեմ քննարկում, այլ Ձեր վարքագիծն եմ քննարկում, դրանք տարբեր բաներ են, Ձեր վարքագիծը՝ մամուլում և Ձեր վարքագիծը՝ Հանրային խորհրդում»։

Այնուհետև անդրադառնալով հարցին՝ Հանրային խորհուրդը պե՞տք է, թե ոչ՝ Թոփուզյանն ասաց, որ այդ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ։

«Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա եկեք նայենք՝ մեզ ի՞նչ իրավունքներ, ինչ հնարավորություններ ու պայմաններ են տրված եղել, և մենք դրա դիմաց ինչպես ենք աշխատել։ Եթե ես մեր հանձնաժողովի անունից ասեմ, ապա մենք այս ընթացքում հանրությանը վերաբերող, հանրությանը հետաքրքրող ամենասուր հարցերը առաջններից ենք քննարկել և մեր առաջարկություններն ու խորհուրդներն ուղարկել ենք համապատասխան մարմիններ»,-եզրափակեց Աիդա Թոփուզյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: