Հայերեն   English   Русский  

«Անընդունելի է, որ իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակած պետության ղեկավարները կասկածի տակ են դնում Հանրային խորհրդի գոյությունը»․ Ռ․ Ղազարյան


  
դիտումներ: 563

Հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանն անընդունելի է համարում, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած պետության ղեկավարները կասկածի տակ են դնում ժողովրդավարական այնպիսի բարձրագույն կառույցի գոյությունը, ինչպիսին Հանրային խորհուրդն է։

«Նման կառույցներ մեր երկրում կան ոչ միայն կառավարությանը, այլև նախարարներին, մարզպետներին, նույնիսկ համայնքապետերին կից, և իրականում պետք է այդ կառույցների արդյունավետությունը բարձրացնել, որովետև մասնակցային կառավարումը բոլոր մակարդակներում շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիներն իրենց տեր զգան իրենց երկրում։ Այո, առաջին հայացքից կարող է թվալ, թե Հանրային խորհուրդը պետք չէ՝ երկու պատճառով․ առաջին՝ Հանրային խորհրդի շահառուն կառավարությունն է, և եթե նա չի ուզում այդ շահն «առնել», կարող ենք ասել՝ իմաստ չունի Հանրային խորհուրդը։ Մյուս կողմից՝ եթե ՀԽ-ն միայն ողջունի կառավարության քայլերը և այլընտրանքներ չառաջարկի, էլի նրա գոյությունն իմաստ չունի, քանի որ մեր հասարակությունն իրավունք ունի լսելու այլ կարծիքներ, այլընտրանքներ»։

Ռուզան Ղազարյանի խոսքով՝ Հանրային խորհրդի տված խորհուրդները միգուցե այսօր թվան ոչ պետքական, բայց վաղը դրանց անհրաժեշտությունը կառավարությունը զգա, քանի որ մեր ժողովրդի առջև կանգնած մարտահրավերները կարճաժամկետ լուծումներ չեն ենթադրում։

«Ինչ վերաբերում է խորհրդի արդյունավետությանը, սովորաբար որևէ կառույցի, այն էլ Հանրային խորհրդի նման կառույցի դեպքում առնվազն մեկ տարի պետք է անցնի այդ արդյունավետությունը գնահատելու համար»։

Անահիտ Աղոյան

Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով երեկ տեղի ունեցած ՀԽ նիստին խորհրդի անդամ Անահիտ Աղոյանն էլ տեսակետ է հայտնել, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցներն այլևս չեն գործում․

«Չեն գործում, քանի որ քաղհասարակությունը մեծամասամբ եկել է իշխանության, և այդ թափուր տեղը դեռևս լրացված չի։ Եթե նախորդ իշխանությունների ժամանակ քաղհասարակությունը հսկայական դեր և հսկող ազդեցություն ուներ իշխանության թևերի վրա, դժբախտաբար այսօր դեռևս դա չկա, միգուցե դա ձևավորման փուլում է, բայց ես որպես ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ՝ դեռևս չեմ տեսնում, որ այդ բացը լրացված է»,-նշել է Աղոյանը։

Հանրային խորհրդի գոյությունը նա կաևորել է ևս մի հանգամանքով՝ խորհրդում հավաքված կայացած մարդկանց փաստով։

«Իսկ կայացած մարդիկ ավելի հստակ են իրենց գործունեությունն ու որոշումները կարողանում արտահայտել, քան նրանք, ովքեր կայացման ճանապարհին են»,-ասել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: