Հայերեն   English   Русский  

Հերթը Բոլիվիայինն է. ցուցարարները նոր նախագահական ընտրություններ են պահանջում


  
դիտումներ: 887

Էկվադորից սկիզբ առած հակակառավարական ցույցերի ալիքը հասել է Բոլիվիա․ արդեն երեք շաբաթ է, նախագահի դեմ ուղղված ցույցերն այստեղ չեն դադարում, իրավիճակը չի փրկում անգամ երկրում հայտարարված արտակարգ դրությունը։

Իրավիճակն այնքան է սրվել, որ ցուցարարները հարձակվել են Վինտո քաղաքի քաղաքապետարանի վրա, ավերել շենքը, իսկ քաղաքապետին գերեվարել են։ Նրան ոտաբոբիկ քաղաքով շրջել են, մազերը ստիպողաբար կտրել և կարմիր ներկ լցրել վրան։ Քաղաքապետին նաև ստիպել են հրաժարականի դիմում ստորագրել։ Նման արարքի պատճառ է դարձել լուրը, որ ուժայինների և ցուցարարների բախումներից հերթական ցուցարարն է մահացել։

Բոլիվիայում ցույցերի պատճառը նախագահական ընտրություններն են։ Հոկտեմբերի 20-ին հարավամերիկյան այս երկրում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում 4-րդ անգամ նախագահ ընտրվեց Էվո Մորալեսը։ Նա Բոլիվիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից։

Ընտրությունների արդյունքները այս անգամ կասկածի տեղիք են տվել, քանի որ քվեների հաշվարկի ընթացքում մի քանի ժամով դադարեցվել է քվեաթերթիկների հաշվարկը, որից հետո արդեն հաշվարկի արդյունքում առավել շատ քվեներ է ստացել Մորալեսը։ Նրա օգտին է քվեարկել ընտրողների 47 տոկոսը, նրա մրցակցի օգտին՝ 36 տոկոսը։ Բոլիվիայի օրենքների համաձայն, եթե թեկնածուներից մեկը 40 տոկոսից ավել քվե է ստացել և քվեների թվով մրցակցին գերազանցում է 10 տոկոսով, ապա ընտրությունների երկրորդ փուլի կարիք չկա։ Մորալեսի հիմնական մրցակիցը Բոլիվիայի նախկին նախագահն է՝ Կարլոս Մեսան, որը երկիրը ղեկավարել է 2002-2005 թվականներին։ Ժամանակին նրան մեղադրել են ազգային շահերն օտարերկրյա շահերին ստորադասելու, պրոամերիկյան քաղաքականություն վարելու համար։

Իսկ Էվո Մորալեսի կարծիքով՝ Կարլոս Մեսան փորձում է երկրում հեղաշրջում իրականացնել օտարերկրյա ուժերի աջակցությամբ։ Նա, սակայն, խուսափել է կոնկրետ որևէ երկրի անուն մատնանշելուց։

Մորալեսը Բոլիվիայի առաջին տեղաբնիկ նախագահն է, չնայած հարավամերիկյան այս երկրի բնակչության երկու երրորրդը հենց տեղաբնիկ հնդկացիներն են։ Մորալեսը հայտնի է նրանով, որ իշխանության գալուց հետո կրճատել է իր և այլ իշխանավորների աշխատավարձերը, ազգայնացրել է նավթի և գազի արդյունահանումը։

Մորալեսի կառավարման տարիներին երկիրը տնտեսական աճ է արձանագրել, նվազագույն աշխատավարձերը զգալիորեն բարձրացել են, 25 տոկոսով կրճատվել է աղքատության ցուցանիշը, հասարակության տարբեր շերտերի եկամուտների տարբերությունը կրճատվել է 19 տոկոսով, զգալիորեն աճել է միջին խավը։ Սոցիալիստական հայացքներ ունեցող նախագահի օրոք մեծ հատկացումներ են իրականացվել սոցիալական ապահովմանը։ Եվ դա հնարավոր է դարձել բնական պաշարների, մասնավորապես բնական գազի արտահանման շնորհիվ։ Այդքանով հանդերձ, սակայն, Բոլիվիայի տնտեսության մեծագույն խնդիրն այն է, որ կենտրոնացած է հումքի արտահանման վրա, և երկրում զարգացած չէ արտադրությունը։ Դրա հետևանքով էլ մեծ է կախումը ներկրումից։ Եվ այս ոլորտում տատանումները ազդում են տնտեսության ու բնակչության վրա։ Քանի որ վերջին տարիներին նվազել է նաև բնական պաշարների արտահանումը, ըստ կանխատեսումների երկրի տնտեսությունն աստիճանաբար մոտենում է ճգնաժամային փուլի։ Եթե մինչ այս երկրում աղքատությունը գնալով նվազում էր, ապա վերջին երկու տարիներին ծայրահեղ աղքատների թիվը նորից սկսել է աճել։

Ընտրություններից առաջ Մորալեսի իմիջը խաթարեց հատկապես պարտությունը միջազգային դատարանում։ Չիլին և Բոլիվիան տարածքային վեճ ունեն։ Բոլիվիայի ելքը դեպի խաղաղ օվկիանոս ապահովող տարածքները Չիլիին են անցել 1874-1884 թվականների խաղաղօվկիանոսյան պատերազմի հետևանքով։ Երկու երկրները փորձում էին վիճելի տարծքների հարցը լուծել միջազգային դատարանում։ Մորալեսը երկրի բնակչությանը վստահեցնում էր, որ մոտ են հաղթանակին։ Սակայն, ի վերջո, գործը տանուլ տվեցին՝ վերջնականապես զրկվելով դեպի Խաղաղ օվկիանոս ելքի հեռանկարից։

Մորալեսի հակառակորդները նրան նաև մեղադրում են նրանում, որ այդպես էլ չկարողացավ արմատախիլ անել կոռուպցիան։ Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը, որով չեղարկվել է հերթական անգամ առաջադրվելու արգելքը, հասարակության շրջանում էլի դժգոհություններ է առաջացրել։ Մասնագետների կարծիքով՝ անընդմեջ կառավարման պարագայում մարդիկ պարզապես հոգնում են նույն իշխանություններից՝ ձգտելով փոփոխությունների։ Ինչը և տեղի է ունենում Բոլիվիայում։

Ամերիկյան երկրների կազմակերպությունը պահանջել է, որ նախագահական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ տեղի ունենա։ Իսկ դրա անհնարինության դեպքում առաջարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ հայտարարել։ Մորալեսը հայտարարել է, որ դեմ չէ արդյունքների վերահաշվարկին, սակայն դեմ է երկրորդ փուլին։ Վերլուծաբանների կարծիքով՝ ընտրությունների երկրորդ փուլը հնարավորություն կտա արտաքին ուժերին միավորվել մեկ թեկնածուի շուրջ՝ փորձելով հեռացնել սոցիալիստ Մորալեսին։ Իսկ նա, բնականաբար, հնարավոր ամեն բան կանի դա թույլ չտալու համար։ Եվ, ստեղծված իրավիճակում օրենքը Մորալեսի կողմն է․ գոնե արտաքուստ օրենքները պահպանված են։

Իսկ կհաջողցի՞ արդյոք Մորալեսին պահպանել աթոռը և նորից տնտեսությանը թափ հաղորդել։ Սա արդեն այլ հարց է։ Վերլուծությունների համաձայն՝ Բոլիվիայի տնտեսությունը հետ է մնացել համաշխարհային տնտեսական միտումներից, չկան այլևս գործոնները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Բոլիվիայի տնտեսական թռիչքը, հետևաբար բարդ կլինի ներկայիս քաղաքականությամբ նորից տնտեսական աճ ապահովել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: