Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը


  
դիտումներ: 166

Ադրբեջանը ներկայացրել է փաստաթուղթ, որտեղ արտացոլված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը:

Փաստաթուղթը հրապարակվել է Ավստրիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ում, եւ տարածվել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի մասնակիցների շրջանում, որը մեկնարկում է Բրատիսլավայում դեկտեմբերի 5-ին:

Փաստաթղթի մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը նախկինի պես հանձնառու է կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում, նրա՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում»,- ասված է փաստաթղթում:

Ադրբեջանական կողմը նշում է, որ կողմ է կոնֆլիկտի լուծման փուլային ճանապարհին, որը հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, մասնավորապես՝ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշման վրա:

Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:

Դրան պետք է հետեւի ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը:

Փաստաթղթում ասվում է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ:

Այդպիսի կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:

«Կարգավիճակի հստակեցումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի Ղարաբաղյան ռեգիոնի ազգաբնակչության մասնակցությամբ, այն է՝ հայ եւ ադրբեջանցի համայնքների՝ բացառապես օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ փոխգործակցության արդյունքում»,- նշված է հռչակագրում:

Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: