Հայերեն   English   Русский  

Զոդի կամրջի ողբերգական վթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդի գործն արդեն դատարանում է


  
դիտումներ: 1609

Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանի գործը դատարանում է։ Գործը գտնվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, մակագրվել է դատավոր Հարություն Պետրոսյանին։ Ամբաստանյալի խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը հանդիսալով տրանսպորտային միջոցի վարորդ, ունենալով AB կարգի վարորդական իրավունքի վկայական, վարելով «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է յոթ մարդու մահ, եւ չորս մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։

2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Սողոմոն Հակոբյանն իր վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայով ընթալով Երեւան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում. ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս եւ իրականացնելով ձախակողմյան երթեւեկություն, իր վարած ավտոմեքենան բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող Վաչագան Ասլանյանի վարած «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային, որի արդյունքում տեղի է ունեցել պատահարը, որից անմիջապես հետո «Գազելի» հետնամասին է բախվել Կարեն Նուրիջանյանի վարած «Վազ-21063» ավտոմեքենան առաջամասով եւ նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով «Գազելի» շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել «Գազելում», որը տարածվել է մյուս երկու ավտոմեքենաներում եւ վթարի ու դրա հետեւանքով գազի համակարգից արտահոսած գազից առաջացած հրդեհի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է «Գազելի» վարորդ 1962թ. ծնված Վաչագան Ասլանյանի եւ վերջինիս ուղեւորներ 1965թ. ծնված Անահիտ Բաբայանի, 2003թ. ծնված Արմանի Բադալյանի, 1996թ. ծնված ժենիկ Սմբատյանի, 1999թ. ծնված Աստղիկ Ավետիսյանի, 1964թ. ծնված Սոֆյա Ոսկանյանի, 1999թ. ծնված Ծաղիկ Համբարձումյանի, 1984թ. ծնված Ռուզաննա Հակոբյանի մահը, իսկ 1991թ. ծնված Գագիկ Ղուկասյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 2006թ. ծնված Արսեն Միքայելյանի եւ 2011թ. ծնված Նարե Գրիգորյանի առողջությանը պատճառվել միջին ծանրության վնաս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: