Հայերեն   English   Русский  

​Իսրայելի խորհրդարանը նորից օրենք ընդունեց ինքնարձակման և նոր ընտրությունների մասին


  
դիտումներ: 179

Իսրայելի խոհրդարանը՝ Կնեսետը, երկրորդ և երրորդ ընթերցմամբ որոշում ընդունեց ինքնարձակման և 2020 թ. մարտի 2-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Իսրայելի քաղաքական կուսակցությունները չկարողացան սահմանված ժամկետում կոալիցիոն կառավարություն ձևավորել, ուստի այժմ երկիրը պետք է արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն անցկացնի մի տարվա ընթացքում (նախորդ ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 9-ին և սեպտեմբերի 17-ին): Կառավարության ձևավորման վերջնաժամկետը լրացավ կեսգիշերին: Ընդ որում, կոալիցիայի շուրջ պայմանավորվելու բոլոր լուրջ փորձերը դադարեցվել էին շատ ավելի վաղ՝ այս շաբաթվա սկզբին: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Վարչապետ Բենիամին Նաթանյահուն ստեղծված իրավիճակի համար մեղադրել է «Կահոլ-Լավան» կուսակցությանը: «Նրանք փորձում էին ամեն ինչ անել, որ փոքրամասնության կառավարություն ստեղծեն ահաբեկչության կողմնակիցներ Այման Օդեհով և Ահմեդ Թիբիով, և նրանք ձախողվեցին նաև այդ հարցում,- հայտարարել է նա:- Նրանք պարտադրեցին նոր ընտրություններ: Դրա անհրաժեշտությունը չկա: Եվ որպեսզի դա չկրկնվի, պետք է միայն մի բան անել՝ հաղթել, ընդ որում՝ հաղթել խոշոր հաշվով, և հենց դա էլ մենք կանենք»:

«Կահոլ-Լավան» կուսակցության երկրորդ դեմք Յահիր Լապիդն էլ իր հերթին հայտարարել է, որ նոր ընտրությունների պատճառներն են կաշառակերությունը, մեքենայությունները և վստահության չարաշահումը, մեղադրանքներ, որոնք ջանում է ներկայացնել Նաթանյահուին Իսրայելի գլխավոր դատախազը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: