Հայերեն   English   Русский  

Խաչատուր Իսկանդարյանի` քանդակագործ-նկարչի վերջին հրաժեշտը


  
դիտումներ: 1108

2015թ.-ի մարտի 28-ին 92 տարեկան հասակում կյանքից հեռացավ դասական արվեստի վարպետներից ևս մեկը, հնաբնակ երևանցի, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը:

Խաչատուր Իսկանդարյանը ծնվել է Երևանում 1923թ.-ին: 1938թ.-ին ընդունվել է Երևանի Գեղարդ տեխնիկում, այնուհետև Երևանի Գեղարվեստի ինստիտուտ, որն ավարտել է 1951թ.-ին: Նա բազմաթիվ մանրաքանդակների, մոնումենտալ արձանների հեղինակ էր: Նրա աշխաըանքները տեղադրվել են հանրապետության տարբեր քաղաքներում: Իսկ մանրաքանդակներից մի քանիսն էլ, որ ներկայացնում են մեր հին Երևանի գեղեցիկ հիշողությունները, տեղ են գտել Երևան քաղաքի պատմության թանգարանում: Իսկ նրա վերջին մոնումենտալ գործերից մեկը «Հակոբ Մեղապարտ» հուշարձանը, որը վարպետի պարծանքն էր, մեկընդմիշտ կմնա պատմության մեջ, իր յուրահատուկ վեհ կառուցվածքով և հետաքրքիր թեմատիկ լուծումով: Նա ստեղծել է մեր արվեստագետների դիմաքանդակների մի ամբողջ շարք, նաև գեղանկարչական բազմաթիվ ուշագրավ կտավներ, որտեղ ներկայացված է դարձյալ իր հարազատ ու սիրելի հին Երևանը: Վարպետը զբաղվել է նաև խեցեգործությամբ:

Իր կյանքի ընթացքում Իսկանդարյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, մրցույթների՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:: 1967թ.-ին Խաչատուր Իսկանդարյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 2011թ.-ին` Ժողովրդական նկարչի պատվավոր կոչման:

Նա իր ողջ կյանքը նվիրաբերեց արվեստին, բայց ցավոք 2015թ.-ի հունվարին կողոպտվեց արվեստագետի արվեստանոցը, այն արվեստանոցը, որը հավաքատեղի էր հնաբնակ երևանցիների, բազմաթիվ երիտասարդների համար, ովքեր գալիս էին շփվելու այդ բարի, մեղմ, կիրթ մարդու արվեստի հետ` տանելով իրենց հետ ջերմ հուշեր: Ահա այդ դեպքն էլ իր շատ ծանր ու անվերադարձ ազդեցությունը թողեց կյանքի մայրամուտն ապրող վարպետի վրա:

Այսօր Խաչատուր Իսկանդարյանի հարազատները, մտերիմները, ընկերները վերջին հրաժեշտը տվեցին սիրելի վարպետին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: