Հայերեն   English   Русский  

Իրողական եւ վիրտուալ պետությունների ստեղծման առնչությունները


  
դիտումներ: 1243

Տարածաշրջանի իրադարձային թեժ կետը թվում է, թե Սիրիայից արագ անցում կատարել է դեպի Իրաք: Իսլամականության անվան տակ բազմազգ մահիկակիրների արշավանքը հետզհետե ձեւ է ստանում, հայտարարելու համար իսլամական խալիֆայության կազմությունը, նրա աշխարհագրական սահմանների գծումը եւ նույնիսկ խալիֆաների եւ իշխանների նշանակման հրամանագրերը:

Սակայն, իրադրությունները այնպես են ընթանում, որ ներկա թեժ կետում արձանագրվող զարգացումները, եթե մի կողմից խոսում են դեռեվս վիրտուալ իսլամական խալիֆայական պետության մասին, մյուս կողմից արագացնում են այս անգամ իրողական Քուրդիստանի իրավականացման քայլերը: Արդեն խոսվում է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի ճշտված թվականի մասին: Խոսքը վերաբերում է Իրաքի տարածքային ամբողջականության վերաձեւավորման գործընթացի մեկնարկին:

Իսլամական պետության ջատագովները զգուշավոր մոտեցում ունեն անկախացող Քուրդիստանի նկատմամբ: Թվում է, որ փոխադարձ է այս վերաբերմունքը, հայտնապես եթե նկատի ունենանք սուննի-շիի դեպի հայտարարված պատերազմի վերածվող դեպքերը: Այս փաստը միայն ավելի է համոզում, որ կրոնականության անվան տակ կատարվող նոր քարտեզագծումը խորքում այլ էություն ունի: Այլադավանությունը չէ այստեղ բաժանարար գիծը, այլ դա պարզապես օգտագործելի եւ հրահրիչ հանգամանք ունի:

Այս փոխադարձ զգուշավորությունը երեւաց նաեւ Սիրիայում. այլադավանություն չհանդուրժող ծայրահեղականները զսպված էին սիրիական ինքնավար քրդական շրջանների նկատմամբ: Առայսօր արձանագրված դեպքերը միայն մանրապատկերներ կարելի է նկատել համեմատաբար այն տարողության, որը կիրառվեց Սիրիայում այս տարրերի եւ կառավարական ուժերի միջեւ:

Հալեպից մինչեւ արեւելյան Իրաքի Տիյալա նահանգ հռչակված իսլամական խալիֆայության ճարտարապետները նոր կացություն են հրամցնում ամբողջ տարածաշրջանին: Դեռեվս վիրտուալ այս պետության ձեւավորման համար մղվող պայքարը կատաղի է սակայն: Տրամադրված միջոցները հուշում են աշխարհաքաղաքական կենտրոնների ներշնչումները, հովանավորչությունը, ֆինանսավորումն ու զինումը:

Այստեղ իրադրությունների մեկնաբանության համար պետք է գերլարել ազգային ոսպնյակը: Նախ անշուշտ այն, որ հայտարարվող պետության սահմաններին կամ առնվազն սահմանամերձ շրջաններին հայ ավանդական համայնքների գոյությունը պարտավորեցնում է հեռանկարի ճիշտ ուրվագծման հնարավոր ձեւավորումները տեսնել. երկրորդ այն, որ մեր գլխավոր հակառակորդը որքանով է շահագրգռված աշխարհաքաղաքական այս փոփոխություններով, արձանագրվող զարգացումներով եւ իր գործոնի ազդեցության խնդրով:

Դեռեվս շատ թանաք կհոսի այս ուղղությամբ: Համացանցային մեծածավալ տարածքներ կգրավվեն լուսաբանելու եւ մեկնաբանելու այս խնդիրները:

Նկատենք առայժմ, որ իրավականացման ճանապարհը բռնած իրաքյան Քուրդիստանը , համաքրդական հայեցակետով վաղվա մեծ Քուրդիստանի մի մասն է միայն: Ու թեեւ այսօրվա անկախացողը այս պահի դրությամբ բնականոն հարաբերություններ ունի Անկարայի հետ, այսուհանդերձ վաղվանի առաջին քայլն է, իսկ վաղվանը Թուրքիայի մասնատումն է: Մինչ, չմոռանանք, որ իրաքյան պաշտոնական Քուրդիստանի հետ հատկապես առեւտրական ոլորտի համագործակցության նախադրյալներ ստեղծվել էին նաեւ Երեւանի նախաձեռնությամբ:

Բաժանարար ծրագրեր, հանրաքվեների կազմակերպումներ, իրողական անկախությունների ճանաչման մեկնարկներ, տարածաշրջանի իսլամացման սպառնալիքներ, Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման տանող գործնթացներ, այս բոլորը հուշում են տարածաշրջանում նոր իրավիճակների ստեղծման մասին: Այս հեռանկարները անուղղակի վերաբերում են նաեւ տեղի հայ համայնքներին:

Հեռանկարային հարցերի քննարկումը Երեւանի եւ միջինարեւելյան հայ համայնքների համար հրամայական է: Մեզանից անկախ ծավալվող իրադարձությունների ընդհանուր ուղղվածությունները նկատելը առնվազն կօգնի հետագայում առնվելիք քայլերի ճշտման աշխատանքներին:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: