Հայերեն   English   Русский  

​«Օտարը» կամ դարավոր բարեկամության արգասիքը


  
դիտումներ: 2465

1921 թ. նոյեմբերի 6-ին Ալեքսանդր Մյասնիկյանը և Վրաստանի հեղկոմի նախագահ Բուդու Մդիվանին համաձայնագիր ստորագրեցին երկու երկրների սահմանների մասին, որով պատմական Հայաստանի մի շարք երկրամասեր մնում էին Խորհրդային Վրաստանի կազմում: Հարևան երկրին անցան նաև Լոռվա մեկ տասնյակի հասնող գյուղեր: Սակայն վրացիների հայկական տարածքների նկատմամբ նկրտումները դրանով չավարտվեցին, մանավանդ երբ Անդրֆեդերացիայի ղեկավար դարձավ քաղաքական ավանտյուրիստ Լավրենտի Բերիան:

Այս մասին է արձակագիր Ֆելիքս Շաքարյանի վերջերս հրատարակած «Օտարը» վեպը: Սկիզբն այն տարիների հավաքագրման դրվագ է` հատուկ բատոնո Բերիայի ցուցումով: Թվում է` հայ երիտասարդ կնոջը` ընտանիքի մայր Օֆելյային տանում են` համալրելու Անդրկովկասի «խան» Բերիայի գաղտնի հարեմը: Սակայն ոչ: Նա, պարզվում է, ավելի կարևոր առաքելություն ունի: Անելու է այն, ինչին շատ ակտիվ լծված էին Բերիայի զինակից վրացի ազգայնամոլներն իրենց ստրկամիտ ու հաճկատար հայ համախոհների հետ: Օֆելյան, որ կովկասյան տիրակալի կամքով այսուհետ կոչվելու էր Գայանե Գոգյան, լոռեցիների շրջանում բուռն ագիտացիա էր տանելու Հյուսիսային Հայաստանի գունավոր մետաղագործության կենտրոն Պղնձահանքը Վրաստանի Խորհրդային Հանրապետությանը միացնելու նպատակահարմարության մասին:

Հեղինակը երկու կարևոր ահազանգ է հնչեցնում: Նախ` այսպես ասած դարավոր բարեկամ մի երկիր, սկսած Դավիթ Շինարարի ժամանակներից, անընդհատ տարածքային պահանջներ է ունեցել Հայաստանից: Այս ի՞նչ եղբայրություն է. չափազանց միակողմանի և արհեստական: Մինչև ե՞րբ ենք քաղաքական տարբեր թնջուկների պատճառով ստորադասվելու մեր քրիստոնյա հարևաններին, որոնց ազգային ու պետական հաջողություններին արժանապատվորեն նպաստել են անվանի շատ վիրահայեր:

Հեղինակի երկը, կարծում ենք, գեղարվեստական արժանիքներ ունի, որոնց կանդրադառնան մասնագետները: Սակայն, վեպի համատեքստը խիստ քաղաքական է, ընդսմին` արդիական: Այսօր էլ սահմանային վեճեր կան երկու երկրների միջև, ճարտարապետական կառույցների պատկանելության հարցեր: Չլսված բան է` առկա վրացական արձանագրություններով պայմանավորել տարածքային պատկանելությունը: Աշխարհով մեկ սփռված անթիվ-անհամար հայերեն արձանագրություններ կան: Ուրեմն ի՛նչ,ամբողջ մոլորակը մե՞րն է: Նրանք այդպե՞ս են վարվել դեռ կարգին չձևավորված իրենց ազգի համար կախերի, կոլխերի, մեգրելների, իբերների, սվանների և այլոց տարածքների դեպքում:

Հայ խորհրդային պատմագրությունը շատ նուրբ էր ներկայացնում միջնադարում Հյուսիսային Հայաստանի բռնակցումը Վրաստանին` նշելով, որ Դավիթ Շինարարը Լոռին միացրեց Վրաստանին: Կարծես հանրաքվե է եղել, և հայ ժողովուրդը ցնծությամբ միացել է նրանց: Այնինչ, հենց վրաց թագավորը 1113 թ. կործանեց Կյուրիկյան թագավորությունը: Պատմական շատ մանրամասներ կան, որոնց անդրադառնալու հարկ չկա:Նշենք միայն, որ հետագա բոլոր ժամանակները Գուգարաց աշխարհի այդ հատվածը մեր հարևանները միշտ անվանել են Ներքին Քարթլի կամ Սոմխեթ, որը բառացի բոլորովին էլ Հայաստան չէ, ինչպես ընդունված է ասել, այլ թարգմանաբար ընդամենը նշանակում է հարավային, այսինքն` Վրաստանի հարավային երկրամաս:

Վեպում զարգացող գործողությունները տանում են մի հանգուցալուծման, որի առանցքը Իոսիֆ Ստալինի հավատարիմ վեզիր Բերիան է` իր գայլային ախորժակով, Հայաստանից ևս մի համեղ պատառ պոկելու անհագ մտադրությամբ: Ստեղծված մատնիչների խիտ ցանցն անհուսալիորեն մթագնել է հասարակական կյանքը: Որսաշուն Փաշոյի կերպարն իրավիճակի տերն է` լծված սեփական ժողովրդի մեջ թշնամի հայտնաբերելու հուդայական գործին. «Փաշոյի շնությունը վաղուց էր հայտնի և՛ Աստծուն, և՛ սատանային»,- ասում է հեղինակը:

Մի ահազանգ էլ, որ գույժի կերպ ունի: Գրողը կանխազգում է, որ իշխանության ապագան վտանգված է, երբ մարդն իր նմանից կուռք է սարքում` նրան զրկելով մտածելու, կշռադատելու, հեռուն տեսնելու կարողությունից: Անձի պաշտամունքը բոլոր ժամանակներում էլ շատ արագ է գոյանում, որովհետև դրա դարավոր սաղմը շատ կենսունակ է և ահագնանում է, երբ նրան սնունդ են տալիս մահկանացու ղեկավարին քաջնազարությամբ շրջապատած ապազգային պատեհապաշտ, քսու տարրերը: Դրա հետևանքով կարող է կործանվել երկիրը, նրա մշակույթը, մտավոր ներուժը:

Այսպես էլ բոլորի աչքի առաջ հորինվում է «անսխալական» արքան ու իր ինքնակալությունը, որից վեպի հերոսը զգուշանում է. «…Նա ինչքան երկար ապրի, էս երկրում էդքան բազմապատկվելու է ազնիվ, սրտացավ, հայրենասեր մարդկանց սպանդը»:

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լոռու մարզ, գ. Ակներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: