Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է


  
դիտումներ: 629

Բաքվի Նասիմինի շրջանային դատարանը քննել է Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումը՝ լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

Դատարանը բավարարել է դիմումն ու կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով՝ մինչև օգոստոսի 24-ը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Դատախազությունը շարունակում է պնդել, որ ազատության մեջ Իսմայիլովան կարող է ազդել վկաների վրա կամ թաքնվել: Բացի այդ, քննիչները հայտարարել են լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին:

Լրագրողի փաստաբանը հայտարարել է դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին: Բացի այդ միջնորդություն է ներկայացվել պաշտպանյալի խափանման միջոցը տնային կալանքի փոխելու վերաբերյալ, որը կքննարկվի մայիսի 15-ին:

Հիշեցնենք, որ սա արդեն Իսմայիլովայի կալանքի ժամկետի երրորդ երկարաձգումն է:

Իսմայիլովան ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ լրագրող Թուրալ Մուսթաֆաևին ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, մեծ եկամուտով անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: