Հայերեն   English   Русский  

​ԳԵՏԱՇԵՆԻ ԱՐԾՎԻ ԹՌԻՉՔԸ


  
դիտումներ: 1342

Թալինից 6 կմ հյուսիս-արևմուտք` Արտենի լեռան ստորոտին գտնվող Արեգ գյուղում (մինչև 1935 թ. Փիրմալաք), 1965-ի ապրիլի 21-ին ծնվեց Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը: Գյուղ, որի բնակիչները հիմնականում եկել են Կարսի մարզի Նախիջևան և Ծբնի գյուղերից: Աշնակցի Ժորա և Սեդա Կրպեյանների բազմանդամ ընտանիքում ծնված Թաթուլը Մարկոս պապից ժառանգեց Էրգրի կորստի ցավն ու հզորացավ Կարսի կարոտի պատմություններով:

Եթե մեկ դար առաջ մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մի մասը, ապա 80 տարի անց, որոշ բացառություններով, վերագտանք կորսված հայրենիքի մեկ այլ հատված, որովհետև ազգը մեռնում է, երբ Թաթուլի պես հերոսներ չեն ծնվում:

Երբ Մեծ եղեռնի100-ամյակին հաշված օրեր էին մնացել, ապրիլի 21-ին Արեգ գյուղը, որն արդեն երեք տարի է, ինչ Թաթուլ է կոչվում, անչափ մարդաշատ էր: Տոնում էին հերոս զավակի 50-ամյակը, որն արդեն 24 տարի է, ինչ իրենց հետ չէ: Հավաքվել էին Արթին լեռան ստորոտին գտնվող հուշահամալիրում, որտեղ թաղված են գյուղի երեք զոհերը. Թաթուլը, Սամվելն ու Արթուրը զոհվել են 1993 թ. նույն օրը:

Ամեն ապրիլի 24-ին Թաթուլը համագյուղացիների հետ բարձրանում էր լեռան գագաթը, կրակ վառում, կրակահերթ ուղղում թշնամու կողմը` հիշեցնելով, որ վերապրածի զավակ է, ուստի պատահական չէր, որ նա շարժման առաջին իսկ օրից զենք վերցրեց: Թշնամին նույնքան անողոք էր, ինչպես 80 տարի առաջ: Իսկ նպատակը` կրկին բռնագաղթ, որը գետաշենցուն, մարտունաշենցուն ներկայացավ «Օղակ» գործողության քողի տակ:

ՊՆ նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի խոսքով` Թաթուլը կարղացավ դժվարին պայմաններում իրականացնել այն, ինչ անհրաժշտ էր Գետաշենի տարածաշրջանի մի քանի հայկական գյուղերի ինքնապաշտպանության համար: «Նրա կատարած հերոսությունն առանձնանում է: Մի բան է, երբ ստեղծվել է ընդհանուր ճակատ, գիտես` որտեղ է հակառակորդը, որտեղ են մեր ստորաբաժանումները, ինչ ուղղությամբ են մարտական գործողությունները վարում: Բայց մեկ այլ բան է, երբ չգիտես, որ նաև յուրայինների մեջ կան ոչ յուրայիններ, որոնք կարող են նաև թիկունքից հարվածել,- ասում է նախարարը,- այդ դժվարագույն ժամանակահատվածում Թաթուլը կարողացավ գտնել այն ծանրության կենտրոնը, որը «յուրայինների» հրամանատարն էր, նրան ձերբակալելով` կարողացավ ստիպել հրաժարվել իրենց նենգ գործողություններից»:

Ապրիլի 21-ին ծնվել, ապրիլի 30-ին զոհվել է: Ի՞նչ է սա, պատահականությո՞ւն, թե՞ ճակատագրի հեգնանք: Թաթուլի ոչ միայն մարտական,այլև մանկության ընկեր Տիգրան Քոչարյանն այդ ամենը ոչ այնքան պատահականության, որքան դավաճանության հետևանք է համարում ու մինչ օրս չի հաշտվում Գետաշենի ու Մարտունաշենի կորստի հետ: Նրա համոզմամբ` Գետաշենը չէր ընկնի, եթե թիկունքից չխփվեր Թաթուլը, որովհետև ժողովուրդը նրան հավատում և վստահում էր, ժողովուրդը պատրաստ էր պաշտպանել իր հողը:

Իսկ ո՞վ թերացավ այդ գործում, ո՞վ իր պարտականությունը չկատարեց: Տիգրանն առանց երկմտելու ասում է. «Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր իշխանությունը, այլապես Գետաշենը չէր ընկնի: Այլ ջոկատներ էլ կային` Ալաշկերտի, Մալաթիայի: ՀՀՇ-ի ջոկատն էլ եկավ, երեք օր մնաց ու Վազգեն Սարգսյանից հրաման ստանալով` հեռացավ` նախապես հասկացնելով, որ գյուղը հանձնելու ենք և տեղի իշխանության վրա պետք չէ հույս դնել»: Գյուղը մինչև վերջ մնաց: Բայց երբ Թաթուլի զոհվելուց հետո մյուս ջոկատներն էլ հեռացան, հիասթափվեց: Այդ մասին նախկին ազատամարտիկը ոչ միայն ցավով է հիշում, այլև վստահեցնում, որ «գյուղը քոչեցրին, տեղահանեցին տեղի և հայաստանյան իշխանությունների համագործակցությամբ»: Նա այս փաստը վկայող մի օրինակ է բերում, թե ինչպես բանակից նոր վերադարձած իրենց ընկերոջը գյուղում չէին գրանցում, ասում էին` գնա, հեռացիր գյուղից:

Իսկ Թաթուլի լավատեսությունը, կազմակերպչական հմտությունը ժողովրդին հույս էին տալիս: Անցել է 24 տարի, բայց շատերը իրականությունը չեն ներկայացնում: «Թաթուլը քաղաքական դավադրության զոհ դարձավ»,- ասում է Տիգրանը: Ու արդեն քանի տարի է, ինչ ինքն իրեն ու բոլորին հարց է տալիս` եթե պիտի հանձնեին, ուրեմն այդ զոհն ինչի՞ համար էր: Ու տալիս է իր բացատրությունը. «Մի կողմից` իշխանությունն ուզում էր հանձնել, մյուս կողմից` Թաթուլն իր ընկերներով, բնակիչներով պայքարում էր գյուղը պահելու համար: Ուստի հանձնելու համար այս դավադրությունը շատ սիրուն կազմակերպեցին»:

Նա համոզված է, որ այդ դավադրությունը կազմակերպեցին ու ժողովրդին տեղահանեցին, որովհետև վաղուց էին խաչ քաշել Գետաշենի վրա: Բայց այդ մասին ոչ ոք չի խոսում, որովհետև շատերի հեղինակությանն է դիպչում, չեն ուզում վատամարդ լինել: «Դժվար է նման բանը ողջ ժողովրդին ասել: Եղածը եղած է, բայց դե ցավալի է, թե ինչու պետք է ընկներ Գետաշենը: Ժողովուրդն ուզում էր պահել իր տունը, և հանկարծ թիկունքից խփում են, փոխանակ օգնեն,- ասում ու խորհուրդ է տալիս հարցնել Թաթուլի մարտական ընկերներին, բնակիչներին, բոլորը կփաստեն, որ դա կազմակերպված տեղահանություն էր:- Հիմա Տեր-Պետրոսյանը միշտ հաղթող նախագահի դիրքերից է հանդես գալիս: Այնինչ, ամենամեծ դավաճանն էր, որ մեծ հարված հասցրեց մեր ժողովրդին»: Իսկ կորուստներն էլ քիչ չեն` Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան, Արծվաշեն, դեռ մտադրություն կար Քարվաճառը հանձնել:

Ինչևէ, անցյալից անցնենք ներկային: Թաթուլի եղբայր Մանվել Կրպեյանի խոստովանությամբ` 24 տարի է, ինչ Թաթուլի ծննդյան օրը երգ ու պարով են տոնում, միշտ ուրախանում են, որովհետև Թաթուլն ուրախ մարդ էր: Ժորա հայրն էլ այդ էր պահանջում: Այն տունը, որտեղ ծնվել ու մեծացել են Ժորա հոր 6 զավակները, շուտով թանգարան կդառնա: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել է, որ մինչև հոկտեմբեր Թաթուլի թանգարանը կբացի դռները:

Գյուղի դպրոցը նույնպես արդեն 14 տարի է, ինչ Թաթուլ Կրպեյանի անունն է կրում: Բայց սա էլ տխուր մտորումների մեջ է գցում: 1000 բնակիչ ունեցող գյուղի դպրոցն այսօր ընդամենը 85 աշակերտ ունի, այն դեպքում, երբ 1978-ին այդ թիվը 185-ի է հասել: Օտար ափերում շատ համագյուղացիներ են դեգերում: Միջնակարգ դպրոցի 31 տարվա տնօրենը շատ մտահոգ է. ամենամեծ դասարանը 12 աշակերտ ունի, իսկ առաջին դասարանում ընդամենը 3 աշակերտ կա: Մինչդեռ դրսում՝ 60 դպրոցահասակ երեխա ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: