Հայերեն   English   Русский  

Անակնկալ այց զորամաս


  
դիտումներ: 592

Մայիսի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:

Նպատակ ունենալով տեղում ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության մի քանի դրվագներ, ինչպես նաև ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցի շրջանակում անձամբ հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացմանը, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:

Անակնկալ այց զորամաս

Վազք, ձգումներ պտտաձողի վրա, ուժային համալիր վարժություններ. զորամասի շարահրապարակում և ֆիզպատրաստության հրապարակում ամեն ինչ ընթանում էր օրվա կարգացուցակի պահանջներին համապատասխան: Զինանձնակազմն ակտիվորեն զբաղված էր շարային ու ֆիզիկական պատրաստության մարզումներով, որոնք, անշուշտ, միտված են զինծառայողների՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես կոփմանը, իսկական զինվորականի կեցվածքի ձևավորմանը:

Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև զորամասի վերակարգի՝ հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, անձնակազմի օրակարգի կատարման ապահովման և հրամանատարության կողմից վերահսկման մեխանիզմները, դասացուցակների և ընդհանուր առմամբ՝ ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: