Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Մայիսի 28-ը վերագնահատելու, ավելի խորն ու իմաստալից ընկալելու խնդիր կա


  
դիտումներ: 631

Ներկայացնում ենք թերթի խմբագրականն ամբողջությամբ.

«Հազիվ երկու տարի գոյատևած Հայաստանի առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28-ը, վերջին տարիներին առավել խորհրդանշական իմաստ է ստացել: Եվրասիական տնտեսական միություն մտնելու, ռուսական գործոնի ուժեղացման ֆոնին անկախ պետություն ունենալու գաղափարն ավելի է կարևորվել մեզանում: Ավելի նվիրական դարձել: Մի՞թե 21-րդ դարի սկզբին կրկնվելու են 20-րդ դարասկզբի պատմության ողբերգական անցքերը, և մենք կրկին կորցնելու ենք մեր պետականությունը: Անգամ եթե ոչ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 1920 թվականին, այլ ավելի քողարկված ու անուղղակի՝ տնտեսական անկախությունը կորցնելու, անվտանգության անտեսանելի սարդոստայնով հարևան երկրին կապվելու, ինքնուրույն քաղաքականություն վարելու, սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից զրկվելու եղանակով:

Այս իմաստով մայիսի 28-ը վերագնահատելու, ավելի խորն ու իմաստալից ընկալելու խնդիր կա: Սարդարապատի հուշահամալիրում «բերդ» պարելով, Մուսա Լեռում հարիսա ուտելով, Ապարանում Բաշ-Ապարանի հերոսամարտի կենացը խմելով ու շուրջպար բռնելով Հանրապետության օրը նշելը հերթական ձևական միջոցառումների ավանդույթը հարստացնելուն է ընդամենը ուղղված: Երբ բովանդակությունից զուրկ արարողությունների շարքը ոչ հասարակության սրտից է բխում, ոչ հոգուն է սնունդ տալիս: Այն պարզունակ ու թեթևամիտ մոտեցումը, որ մենք ունենք պետականության գաղափարի նկատմամբ, մեզ կարող է փաստի առաջ կանգնեցնել: Մի օր հանկարծ կարող է պարզվել, որ պետություն ունենալու հազվագյուտ շանսն ենք բաց թողել: Այնպես, ինչպես բաց թողեցինք 1920 թվականին: Մեր անփութության, ամբարիշտության, ագահության, մակերեսայնության ու պետության հանդեպ տարրական հարգանքի բացակայության պատճառով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: