Հայերեն   English   Русский  

Արա Պողոսյան. Եվրոպայի առաջնությունում թեժ պայքար է սպասվում


  
դիտումներ: 510

Այս օրերին Մոսկվայում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի հավաքականը: Մեր ընտրանին նախապատրաստվում է հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի աշխատանքները համակարգող Արա Պողոսյանը, ով ՀԲՖ փոխնախագահներից մեկն է, ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմել է հավաքականի նախապատրաստական փուլի մասին:

-Օրերս Հայաստանը ստուգողական հանդիպում անցկացրեց ՄԳՈւ-ի հետ և հաղթեց 70:69 հաշվով: Ի՞նչ կարող եք պատմել այդ խաղի մասին:

-ՄԳՈւ-ն Ռուսաստանի Ուսանողական առաջնության հաղթողն է և ներկայումս նախապատրաստվում է Եվրոպայի Ուսանողական առաջնությանը: ՄԳՈւ-ն բավական ուժեղ կազմ ունի եւ մեզ համար ուժերը փորձարկելու հիանալի առիթ էր: Խաղի ընթացքում մրցակիցը գրեթե միշտ առջեւում էր հաշվի մեջ, սակայն վերջնամասում հաջողվեց հաղթանակ տոնել, երբ Էդգար Բաբայանի 3 միավորանոց նետումը հասավ նպատակին: Նման խաղերում արդյունքն երկրորդական է համարվում, բայց խաղն անցավ դրամատիկ պայքարում եւ վերջին վայրկյանին հաղթանակ կորզելուց հետո, տղաները մեծ ոգեւորություն ապրեցին, ինչը կարեւոր է հոգեբանական տեսանկյունից:

Խաղը ցույց տվեց, որ մենք լավ թիմ ունենք, բայց մեծ ծավալի աշխատանք կա կատարելու, քանի որ Եվրոպայի առաջնությունում բավական թեժ պայքար է սպասվում: ՄԳՈւ-ի դեմ մենք հանդես եկանք ոչ ամբողջական կազմով: Մասնավորապես, Ռիչարդ Էլմոյանը դեռ չի ժամանել ԱՄՆ-ից: Փաստաթղթերի հետ կապված հարցերը կարգավորելուց հետո նա մեզ պետք է միանա հունիսի երկրորդ կեսին:

- Ստուգողական հանդիպումները շարունակակա՞ն բնույթ են կրելու:

- Գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովի հետ ներկայումս քննարկում ենք մյուս ստուգողական խաղերի ժամկետները: Խաղեր կլինեն, քանի որ հավաքականն այս կազմով առաջին անգամ է հանդես գալու միջազգային ասպարեզում: Մոտ մեկ ամիս ունենք՝ բոլոր խնդիրները կարգավորելու համար: Ուրախալին այն է, որ ուսումնամարզական հավաքն անցկացնում ենք այնպիսի վայրում, որտեղ ուժեղ մրցակիցներ գտնելու խնդիր չկա:

- Ի՞նչ կարող եք ասել Ուսումնամարզական հավաքի պայմանների մասին:

- Մենք հանգրվանել ենք մերձմոսկովյան Չեխով քաղաքի «Օլիմպիական» հյուրանոցում: Պայմաններից դժգոհելու առիթ չկա: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ հավաքականը պատճաշ կերպով նախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը:

Բազմաթիվ զանգեր են ստացվում նաեւ Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչներից, ովքեր մեծ ուրախությամբ են ընդունել այն լուրը, որ ձեւավորվում է Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքական, որտեղ հիմնականում հանդես են գալիս հայկական Սփյուռքի ներկայացուցիչները: Բասկետբոլի շնորհիվ այսօր մի թիմում են հավաքվել Հայաստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում ապրող հայազգի 12 խաղացողներ, ովքեր ամեն ինչ անելու են Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

- Հաջողվե՞ց հավաքագրել բոլոր ուժեղագույններին, թե կան խաղացողներ, ովքեր չեն միացել հավաքականին:

- Ցավոք, կադրային որոշակի խնդիրներ եղան: Վերջին պահին հավաքականին չկարողացավ միանալ Արկադի Մկրտիչյանը, ով սովորում է ԱՄՆ-ում: Համալսարանում նա խնդիրներ ուներ եւ չէր կարող այս ամառ միանալ հավաքականին: Նա շատ տաղանդավոր խաղացող է, ով շատ մեծ օգուտ կտար հավաքականին, բայց կյանքը չի ավարտվում, ապագայում նա կկարողանա իր խոսքն ասել ազգային հավաքականում:

Մենք ունենք եւս մի քանի խաղացողներ, ովքեր կարող էին հավաքականում հաջող ելույթներ ունենալ, բայց ամռանը որոշակի բարդություններ կան, քանի որ այս տարիքային խմբի խաղացողները հիմնականում ուսանողներ են եւ ամռանը ոչ միշտ են կարողանում լքել համալսարանները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: