Հայերեն   English   Русский  

Ազատ խոսքի մշակույթ. Մեդիա քննարկում


  
դիտումներ: 528

Հունիսի 13-ին “LOFT” ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում` տեղի կունենա “Ազատ խոսքի մշակույթ” մեդիա հանդիպում-քննարկումը` Հայաստանում ներկայացնելով ավելի քան 60.000 անդամներ ունեցող European Youth Press-ի համաեվրոպական նախաձեռնությունը: 2015 թվականին մամուլի երիտասարդ փորձագետներ 15 երկրներից կկազմակերպեն հասարակական լսումներ ու բանավեճ-քննարկումներ իրենց երկրներում` փորձելով մամուլի ազատության խնդրի շուրջ համախմբել տարբեր շահագրգիռ կողմերի:

Հայաստանում այս նախաձեռնության ներկայացուցիչը միջազգային մեդիափորձագետ Վրույր Թադևոսյանն է: Նա 2015 թվականին ընտրվել է որպես EYP Ազատ մամուլի դեսպան: Վրույր Թադևոսյանը միջազգային որակավորում ստացել է Եվրոպայում 2014 թվականին: Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ է:

՛՛Ազատ խոսքի մշակույթ՛՛ մեդիա-քննարկումը Վրույր Թադևոսյանի նախաձեռնությամբ կանցկացվի ազատ զրույցի ժանրում: Հայաստանում տարբեր ոլորտների փորձագետներ կհանդիպեն երիտասարդ լրագրողների հետ և կքննարկեն մամուլի ազատությանն ու ազատ խոսքի մշակույթին առնչվող խնդիրներ: Այս հանդիպմանը քննարկվելիք հիմնական թեմաները հետևյալն են.

Մամուլի ազատության օրենսդրական կարգավորումները: Նոր մարտահրավերներն ու լուծման ճանապարհները: Համագործակցություն ուժային կառույցների հետ. ազատ, թե՞ կաշկանդված: Ուղիղ միացում Լոնդոնից. Index of censorship-ի փրձագետները կներկայացնեն Խոսքի ազատության իրավիճակը Եվրոպայում և կխոսեն լուծումների հնարավոր ճանապարհների մասին: Մշակութային ազատություն. իրական գոյություն, թե՞ անիրական ձևակերպում: Խոսքի ազատությունը` ծաղրանկարներով: Ներկայացնում են նկարիչները:

Վրույր Թադևոսյանի խոսքով մեդիա քննարկման հիմնական նպատակը երիտասարդ լրագրողների ու համապատասխան փորձագետների հանդիպումն է, համախմբումը մեկ խնդրի շուրջ, այն է` մամուլի ազատությունն ու խնդիրների լուծման համակարգային մոտեցումները: Այս միջոցառման ընթացքում ծաղրանկարիչները հնչած տեսակետներից կորսան գաղափարներ ու հենց տեղում դրանք կփոխակերպեն պատկերների՝ երգիծական մոտեցումներով ներկայացնելով իրավիճակը: Հանդիպման վերջում նրանք կմեկնաբանեն իրենց կատարած աշխատանքը: Հիմնվելով նրանց կատարած աշխատանքի վրա` նրանցից մեկն էլ կընտրվի որպես ծրագրի շրջանակում ծաղրանկարիչների միջազգային թիմի հետ աշխատող հայաստանյան ներկայացուցիչ: Բոլոր այս նախաձեռնությունների արդյունքները կարտացոլվեն հետագայում հրատարակվելիք երգիծական գրքում և համացանցային հարթակներում:

Այս նախաձեռնության մեկնարկը տրվեց European Youth Press-ի կողմից` Մոնտենեգրոյում` 2015 թվականի ապրիլին: Երիտասարդ մեդիափորձագետներ 15 երկրից, ովքեր նախապես ընտրվել էին որպես EYP մամուլի ազատության դեսպաններ, վերապատրաստվեցին Պոդգորիցայում` խորությամբ ուսումնասիրելով թեման ու խնդրի լուծման ճանապարհները: Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան նաև հետագա գործողությունների պլանավորման և երկարաժամկետ քաղաքականության մշակման գործում: Նրանք կաշխատեն երգիծական գրքի հրատարակման և համացանցային կրթական հարթակի ստեղծման համար, որը կաջակցի երիտասարդ լրագրողներին պաշտպանել և բարձրացնել մամուլի ազատության մակարդակը Եվրոպայում:

Եվրոպական մամուլի Ազատության դեսպաններ ընտրվել են հետևյալ երկրներից. Պոլշա, Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա, Հունգարիա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Գերմանիա, Շվեդիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Չեխիայի, Հայաստան և Բոսնիա և Հերցեգովինա: Ազատ մամուլի 15 դեսպանները 15 ծաղրանկարիչների հետ (յուրաքանչյուր երկրից մեկական մասնակից) կհանդիպեն Բեռլինում, որտեղ կամփոփեն իրենց երկրներում իրականացրած մեդիա-միջոցառումների արդյունքները:

Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական խորհրդի կողմից: Բոլոր մասնակիցներին ընտրել և հաստատել է EYP-ն:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել Հայաստանում Ազատ մամուլի դեսպան Վրույր Թադևոսյանին vruirtad@gmail.com կամ European Youth Press-ի ծրագրերի համակարգող Աննա Սարաստեին a.saraste@youthpres.org:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: