Հայերեն   English   Русский  

Մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ձերբակալվել է երկու անձ


  
դիտումներ: 672

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի, Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ կիրառված բռնի գործողությունների հետևանքով Հարություն Զաքարյանին պատճառվել է ծանր, իսկ եղբորը՝ Մուշեղ Զաքարյանին, միջին ծանրության մարմնական վնաս։


Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՔԿ-ն տեղեկացնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրած անձանց ինքնությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից Մ.Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով հունիսի 9-ին ձերբակալվել է երկու անձ։

Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպին ներկա բոլոր անձանց գործողությունները, մասնակցության աստիճանը պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություններ։

Հիշեցնենք, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են ավելի քան մեկ տասնյակ անձ: Ըստ մամուլի հրապարակումների, երթեւեկության հետ կապված վիճաբանությունից հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ նախկինում մարդասպանության մեջ մեղադրվող Տիգրան Խաչատրյանը իր ընկերների հետ միասին ծեծի է ենթարկել Հարություն Զաքարյանին եւ նրա եղբորը: Ծեծի արդյունքում Զաքարյանը կորցրել է տեսողությունը:

Այնուամենայնիվ, Քննչական կոմիտեն դեռեւս գաղտնի է պահում ձերբակալված անձանց անունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: