Հայերեն   English   Русский  

​Մարզական ամառ՝ Համահայկական 6-րդ ամառային խաղեր


  
դիտումներ: 3805

2015-ի օգոստոսի 2-13-ը Հայաստանում կանցկացվեն Համահայկական 6-րդ ամառային խաղերը: Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի, ՀԱՕԿ-ի, ինչպես նաև խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների և 12 համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչների կողմից:

Համահայկական 6-րդ ամառային խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում, համերգային մեծ ծրագրով: Ի դեպ, խաղերն ընդգրկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի գլխավոր մրցավար է նշանակվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը, խաղերի գլխավոր ռեժիսոր-բեմադրիչ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, իսկ ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանն ընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամ:

Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին 10 մարզաձևերին (ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող) ավելացել են ևս 7-ը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Խաղերն անցկացվելու են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում:

Այս տարի աննախադեպ է լինելու մասնակիցների թիվը: Միայն սփյուռքից 4000-ից ավելի հայտ է ստացվել: Խաղարկվելու է 105-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:

Հաշվի առնելով հայության տարբեր հատվածների միավորման հարցում խաղերի նշանակությունը՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին 50 մլն դրամ կհատկացվի:

Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի հատուկ տոնակատարությամբ է ընթանում Համահայկական խաղերի ջահի դիմավորման արարողությունը: Այն անցնելով Հայաստանի մարզերով և հայաշատ քաղաքներով՝ հայրապետական օրհնանքը կստանա Ս. Էջմիածնում և օգոստոսի 2-ին կմտնի Երևան: Նշենք, որ մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարվաճառ: Այստեղ` Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի վայրում, հայոց բերդաքաղաքից բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն Պողոսյանին փոխանցեց սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը: Ջահի հաջորդ կանգառը Վարդենիսում էր: Ջահը հայրենի քաղաք տեղափոխելու պատիվն այս անգամ վերապահվել էր Հայաստանի կրկնակի փոխչեմպիոն, ընբշամարտիկ Տիգրան Շաբոյանին: Ջահի երթուղու հաջորդ կանգառը Տավուշի մարզի Բերդ քաղաքն է:

Ի դեպ, Համահայկական մարզական խաղեր անցկացնելու գաղափարը ծագել է դեռևս 1987-1988 թթ.: Սկզբում մարզական խաղերի անցկացման նպատակը հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, սփյուռքի երիտասարդությանը հայրենիքին ավելի մոտիկից ծանոթացնելուն նպաստելն է եղել: Նախաձեռնողների խումբը գլխավորում էին Հայկական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Միքայել Իսպիրյանը և վարչության պետ Հարություն Յավրյանը:

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առժամանակ դադարեցվեցին, իսկ 1991 թ. Ղարաբաղյան պատերազմը մտավ ծանր փուլ: Դրան հաջորդեցին էներգետիկ ճգնաժամը և շրջափակումը: Խաղերի անցկացումը ժամանակավորապես հետաձգվեց:

1994 թ. հնարավորություն ընձեռվեց նորից անդրադառնալու այս հարցին: Ստեղծվեց նախաձեռնող խումբ, որում ընդգրկվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ Աշոտ Մելիք-Շահնազարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հարություն Յավրյանը, սպորտկոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը:

Ի վերջո, շուրջ տասներկու տարի հետո՝ 1999 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը, Հայաստանում կայացան Համահայկական առաջին խաղերը: Մասնակցում էին 23 երկրներից ժամանած (63 քաղաք) 1141 մարզիկ-մարզուհիներ: Նրանք մրցակցում էին 7 մարզաձևերում՝ բասկետբոլ, աթլետիկա, թենիս, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ և ֆուտբոլ:

Ուշագրավ է, որ խաղերի բացման արարողությունը, ինչպես այս տարի, տեղի է ունեցել է Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Խաղերի ջահը վառվել է Գառնիի հեթանոսական տաճարում և փոխանցավազքով հասել «Հրազդան» մարզադաշտ, ուր օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը վառել է խաղերի ջահը:

Համահայկական 1-ին խաղերի ընթացքում խաղարկվել է 37-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Իսկ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: