Հայերեն   English   Русский  

​Եվրոպայի ոսկե մեդալակիր. «Տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձա չեմպիոն»


  
դիտումներ: 1393

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունում փայլուն հանդես եկան Հայաստանի հավաքականի հեծանվորդները՝ Էդգար Ստեփանյանը, Մհեր Մկրտչյանը, Պավել Ստեփանյանը: Առաջնությունում թիմը մասնակցում էր հեծանվային սպորտի ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ: Սկրատչ մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք) 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

«Տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձա Եվրոպայի չեմպիոն: Տպավորություններս անբացատրելի են, մեծ պատիվ էր ինձ համար Աթենքում մեր հիմնի հնչելն ու դրոշի բարձրացումը: Այժմ պատրաստվում եմ Աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Ղազախստանի Աստանա քաղաքում»,-«Անկախի» հետ զրույցում նշեց Եվրոպայի ոսկե մեդալակիրը:

Հայ հեծանվորդը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայկական հեծանվային մարզաձևի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Նույն մրցաձևում Պավել Ստեփանյանը զբաղեցրեց 10-րդ տեղը:

Նշենք, որ անցյալ տարի օգոստոսին Սեուլ քաղաքում անցկացված հեծանվավազքի երիտասարդների Աշխարհի առաջնության 25 կմ խմբակային մրցավազքում հայ մարզիկը զբաղեցրել էր 3-րդ տեղը և նվաճել բրոնզե մեդալ:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: