Հայերեն   English   Русский  

Բասկետբոլի պատանի աղջիկների ՀՀ հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր


  
դիտումներ: 1003

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ, Անդորրայում հուլիսի 20-25-ը անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումներից հայրենիք է վերադարձել արծաթե մեդալներով:

Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 4 հանդիպումներում մեր բասկետբոլիստուհիները 3 հաղթանակ են տոնել՝ Ջիբրալթարի (63:29), Ուելսի (55:33), Մալթայի (36:28) հավաքականների նկատմամբ ու միայն եզրափակչում 39:76 հաշվով զիջել են Իսլանդիայի փորձառու հավաքականին:

Մեր հավաքականը ձեռք է բերել Եվրոպայի հաջորդ առաջնության B դիվիզիոնի մրցաշարում հանդես գալու իրավունք, իսկ Հայաստանի պատանեկան հավաքականի ռմբարկու Ինգա Մանուչարյանն ընդգրկվել է Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության լավագույն 5 խաղացողների թվում և ստացել հատուկ մրցանակ ՖԻԲԱ-ի կողմից:

Հիշեցնենք, որ Անդորրա մեկնելուց առաջ բասկետբոլի պատանի աղջիկների ՀՀ հավաքականի հետ հանդիպել և այդ լուրջ միջազգային մրցաշարում մասնակցության կապակցությամբ նրանց հաջողություն էին մաղթել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: