Հայերեն   English   Русский  

​Նորաձեւության թանգուհին՝ Կոկո Շանելը ծնվել է հենց այս օրը


  
դիտումներ: 1533

«Նորաձևությունն այն է, ինչ կրում ես: Այն, ինչ կրում են մյուսները, նորաձև չէ»: Օսկար Ուայլդի հայտնի աֆորիզմը 20-րդ դարում հերքեց Կոկո Շանելը` հայտարարելով, որ նորաձևությունը «փոքրիկ սև զգեստն է»:

Ֆրանսիացի առաջատար մոդելյեր Գաբրիել Բոնյոր Շանելը՝ մականունը Կոկո Շանել, ծնվել է 1883 թ.-ին: Նրա ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։

«Շանելի ոճ» հասկացությունը նորաձևության տերմինաբանության մեջ զբաղեցրեց իր հստակ դիրքը: Ինքը` Շանելն ասում էր. «Առաջին հերթին ոճն է: Նորաձևությունն այլևս նորաձև չէ: Ոճը` երբեք չի կարող նորաձև չլինել»:

18 տարեկանում Գաբրիելը աշխատանքի է ընդունվում հագուստի խանութում, ազատ ժամանակ երգում էր կաբարեում: Նրա սիրելի երգերն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco», այստեղից էլ Կոկո մականունը: Իր ելույթներից մեկի ժամանակ նա ծանոթանում է սպա Էտյեն Բալզանի հետ և շուտով տեղափոխվում Փարիզի նրա տուն: Կարճ համատեղ կյանքից հետո նրանք բաժանվում են: Քիչ ժամանակ անց Գաբրիելը ծանոթանում է արդյունաբերող Արթուր Կապելի հետ: Շնորհիվ բավականին հարուստ երկրպագուների` 1910-ին Փարիզում Կոկոն բացում է իր առաջին խանութը:

Շանելն ինքը կարում և վաճառում էր կանացի գլխարկներ, և մի տարվա ընթացքում Նորաձևության տունը տեղափոխվում է Կամբոն փողոց, որտեղ էլ մինչ այսօր գտնվում է: Արդեն 1919-ին Կոկոյի հաճախորդները ողջ աշխարհից էին: Նրա կարած հագուստը հեղաշրջում էր կատարում և ազդում էր հասարակության ոճի վրա ընդհանրապես: Նա փոխեց կանանց վերաբերմունքը իրենց զգեստապահարանի հանդեպ: Շանելի կենսագիրներից մեկը գրել է. «Նա ստեղծեց կնոջ, որի մասին աշխարհը մինչ այդ չգիտեր: Նա կնոջը նոր արարած դարձրեց, ամենակարող` չնայած կանացի լեգենդար թուլությունների»:

Շատերը կրում էին նրա ֆլանելե վառ գույնի սպորտային հագուստը, ազատ շրջազգեստները, ջերսի կտորից երկար սվիտերները և հայտնի կոստյումը (կիսաշրջազգեստ + ժակետ): Շանելի հագուստը թեթև էր ու բնական: Գաբրիելը երբեք չէր նկարում իր հագուստի մոդելները. նա միանգամից դրանք դնում էր մանեկենների կամ հաճախորդների վրա, որպեսզի տեսնի, թե ինչ տեսք ունի հագուստը շարժման մեջ: Ահա այսպիսին էր այս ազդեցիկ կինը, բայց մի հետաքրքիր փաստ՝ Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։

Այժմ ներկայացնենք Կոկո Շանելի աֆորիզմները՝

Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:

Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց:

Ամեն ինչ մեր ձեռքերում է, ուստի պետք չէ բաց թողնել ոչինչ:

Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է հիշի երկու բան՝ ի՞նչ եւ ու՞մ է ուզում նա:

Ինչքան վատ են աղջկա գործերը՝ այնքան լավ տեսք նա պետք է ունենա:

Բոլոր դեպքերում յուրաքանչյուր տղամարդու կյանքում մեկ կին է՝ մնացած կանայք նրա ստվերն են:

Չեմ սիրում երկար կոստյումներ, քանի որ խոսելով տղամարդու հետ, չեմ տեսնում նրա վերաբերմունքն իմ նկատմամբ:

Օծանելիքը կնոջ մասին ձեռագրից ավելինն է ասում:

Ոչ ոք երիտասարդ չէ քառասուն տարեկանում, բայց մենք կարող ենք լինել ապշեցուցիչ ցանկացած տարիքում:

Զսպիր քեզ, երբ վիրավորված ես ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը:

Այն կինը, ով չի օգտվում շպարից, չափից ավել կարծիք ունի իր մասին:

Գեղեցկանալիս պետք է սկսել խնամել սիրտն ու հոգին, հակառակ դեպքում ոչ մի դիմահարդարում չի օգնի:

Կինը մտահոգվում է ապագայի մասին, մինչեւ ամուսնանալը: Տղամարդը չի մտածում ապագայի մասին՝ մինչեւ ամուսնանալը:

Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք:

Եթե դուք ցանկանում եք ունենալ մի բան, որից երբեք չեք ունեցել՝ դուք պետք է անեք այնպիսի բաներ, որոնք երբեք չեք արել:

Ինձ հետաքրքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում :

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: