Հայերեն   English   Русский  

​ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի բուժքույրը 55-ամյա գործունեությունը նվիրել է գյուղին. փրկել բազում զինվորների կյանքներ


  
դիտումներ: 1509

Վեներա Ահարոնյանն Այգեպարի Բուժակ մանկաբարձական կենտրոնում աշխատում է արդեն հիսունհինգ տարի: Վաստակաշատ բուժքույրը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Չինչին գյուղում, ամուսնացել Չինարիում, բնակվում է Այգեպարում, նրա տունը գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծին մոտ: ՙՙՍիրել եմ իմ գործը, գիշեր-ցերեկ վազել եմ, դուրս եկել: Երևի սովորության հարց է՚՚,-նշում է տիկին Վեներան և ժպտում,- ՙՙհավանաբար այդ պատճառով է, որ չափազանց նիհար եմ՚՚: Վեներա Ահարոնյանի ամուսինը երկար տարիներ Այգեպարի օդակայանում է աշխատել, այդ պատճառով նրանց ընտանիքն արդեն կես դարից ավելի` բնակվում է սահմանամերձ Այգեպարում: Տիկին Վեներան 77 տարեկան է, բայց շատ է սիրում իր գործը, իրեն էլ այգեպարցիներն են շատ սիրում:

Երկարամյա աշխատակցուհին սակայն նշում է, որ կենսաթոշակային տարիքի է ու շուտով տեղը զիջելու է երիտասարդ բուժքույրերին:

ՙՙՄեր գլխավոր բժշկուհու հետ խոսել ենք, ասել է, որ մասնագիտական կրթությամբ երիտասարդներից մեկը թող մեկ ամիս պրակտիկա անցնի քեզ մոտ, ապա նոր կընդունեն աշխատանքի՚՚: Վեներա Ահարոնյանն աշխատել է նաև այս տարածաշրջանի համար դժվարին տարիներին` 1990-ականներին, երբ սահմանին լարված իրավիճակ էր: Նա բժշկական օգնություն է ցուցաբերել սահմանը պահող, հակառակորդի կրակոցներից վիրավորում ստացած բազմաթիվ զինվորների: ՙՙԱռաջին օգնությունը ցույց եմ տվել, հանել կրիտիկական վիճակից, այնուհետև շտապօգնությամբ տեղափոխել Բերդ՚՚,-պատմում է Վեներա Ահարոնյանը: Հիմա էլ վաստակաշատ բուժքույրը կանգնած է Այգեպարի ու այգեպարցիների կողքին` հոգ տանելով նրանց առողջության համար: Տիկին Վեներան նշեց, որ իր բուժարանը պարբերաբար դեղորայք ու բժշկական ապրանքներ է ստանում: Ըստ նրա, ճիշտ է` շատ չէ, բայց կենտրոնը հագեցած է անհրաժեշտ դեղերով ու առաջին անհրաժեշտության պարագաներով:

ՙՙԳալիս են` ճնշում են չափում, կամ բժշկուհին սրսկումներ է նշանակում, ես իրականացնում եմ` թե մկանային, թե երակային, կամ գլխացավի դեղ են ուզում, փառք Աստծո, կարողանում ենք օգնե՚՚,-նշում է Վեներա Ահարոնյանը: Նշենք, որ այս տարի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկարամյա ու նվիրված աշխատանքի համար 77-ամյա Վեներա Ահարոնյանին պարգևատրել է պատվոգրով: Այգեպարի բնակիչ Գրետա Գիժլարյանն արտահայտում է բոլոր այգեպարցիների վերաբերմունքը Վեներա Ահարոնյանի մասին: ՙՙՇատ հոգատար է: Որ ժամին էլ կանչում ես, չի ասի` ուշ ա, կթողնի իր գործն ու կգա, նա չի տրտնջացել երբևէ, եկել է, մեր շտապօգնությունն է: Առանց նրա չենք պատկերացնում՚՚:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: