Հայերեն   English   Русский  

Մասնագիտական կրթության ոլորտն ունի բոլոր խնդիրները լուծելու ներուժ. Ա. Աշոտյան


  
դիտումներ: 388

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում մասնակցել է նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը: Ներկաներին շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարարը գոհունակությամբ նշել է, որ նախորդ ուստարվա ընթացքում հաջողվել է մասնագիտական կրթության ոլորտի հիմնական խնդիրները լուծել` ելնելով պետության գերակայություններից:

"Իհարկե, համակարգում կան նաև բազում հարցեր, որոնք պահանջում են երկարաժամկետ լուծումներ, սակայն վստահեցնում եմ, որ ոլորտն այդ ներուժն ունի",-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ոլորտի հիմնական ձեռքբերումներին: Նախարարի խոսքով` առաջին ձեռքբերումը պետպատվերի տեղերի կտրուկ աճն է. վերոնշյալ տեղերն ավելացել են 50 տոկոսով: Արմեն Աշոտյանը հատուկ ընդգծել է, որ պետպատվերի տեղերը պետությունը շարունակելու է տրամադրել ըստ սահմանված գերակայությունների` ՏՀՏ, գյուղատնտեսություն, արվեստ և այլն: Երկրորդ ձեռքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, ուսումնարաններում և քոլեջներում ընդունելության քննությունների վերացումն է` բացառությամբ նեղ ճյուղային մասնագիտությունների: Այս համատեքստում նախարարը տնօրեններից պահանջել է` խստիվ հետևել օրենքի տառին, և այն դիմորդների համար, ովքեր իրավունք ունեն ընդունվել անվճար համակարգ, անհարկի խոչընդոտներ չստեղծել: Արմեն Աշոտյանի խոսքով` երրորդ ձեռքբերումն ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական բարելավումն է, որը վերջին տասը տարիներին իրականացվել է պետբյուջեի, ԵՄ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Մյուս հիմնական ձեռքբերումը կրթության բովանդակության վերանայումն է: Մասնավորապես, մշակվել և ներդրվել են նոր չափորոշիչներ, ուսումնական ձեռնարկներ, հայալեզու մասնագիտական դասագրքեր: Բացի այդ, իրականացվել է մանկավարժական կոլեկտիվների շարունակական վերապատրաստում: Ի մի բերելով վերոնշյալ ձեռքբերումները` Արմեն Աշոտյանը որպես դրա ապացույց նշել է այն փաստը, որ վերջին տարիներին ուսումնարաններ և քոլեջներ ընդունվողների թվաքանակն ավելացել է` 14000-ից հասնելով 21000-ի: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին բուհերում դիմորդների թվի նվազումը պայմանավորված է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտի նոր հնարավորություններով:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին, որոնցից առաջինը, ըստ նախարարի, ոչ բավարար կապն է մասնավոր հատվածի հետ` կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում: Նախարարի խոսքով` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի օգնությամբ իրականացված հետազոտության համաձայն` նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների շրջանավարտների ճնշող մեծամասնությունն աշխատում է` չնայած վերջիններիս միայն կեսն է աշխատում ըստ մասնագիտության: "Գլոբալ առումով մենք խնդիրը լուծել ենք. երիտասարդներին որակյալ կրթություն տալով` նրանց օգնել աշխատանք գտնել: Այս համատեքստում պետք է նշել, որ պարտադիր 12-ամյա կրթությանն անցման որոշման վրա ուղղակի ազդեցություն է թողել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը: 9-ամյա կրթությունից հետո ավագ դպրոցում կսովորեն այն աշակերտները, ովքեր կունենան համապատասխան առաջադիմություն և այն համայնքների աշակերտները, որոնց համար տեղում չենք կարող ապահովել մասնագիտական կրթություն: Մնացած երիտասարդներին պետք է ուղղորդել ուսումնարաններ և քոլեջներ: Մեր հաշվարկով` 9-րդ դասարանն ավարտած 3500-4000 երիտասարդների առնվազն 2/3-ը կգնա սովորելու միջին մասնագիտական կրթօջախներ",-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ոլորտում այս տարվա կարևոր նախաձեռնություն էր նաև տնօրենների հավաստագրման գործընթացը: Նախարարն անդրադարձել է նաև ոլորտի մեկ այլ նորամուծության` քոլեջի գերազանցիկ շրջանավարտները 2014-15 ուստարվանից սկսած կարող են տեղափոխվել բուհերի 2-րդ կուրս` բացառապես հեռակա համակարգ: Նախարարը հատուկ ընդգծել է, որ այս փոփոխությունը չի տարածվում մինչև 2014 թվականն ընդունված ուսանողների վրա: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ 2006 թվականին իրականացված կրթական բարեփոխումների հետևանքով այս տարի 9-րդ դասարան ավարտածների թվաքանակը կրկնակի պակասել է, որի հետևանքով ուսումնարաններն ու քոլեջները առաջիկա երկու տարիներին կունենան դիմորդի խնդիր: Այդ կապակցությամբ նախարարը տնօրեններին առաջարկել է իրականացնել այլընտրանքային ֆինանսական ծրագրեր` վճարովի հիմունքներով կարճաժամկետ վերապատրաստումներ` ուսհաստատության ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Արմեն Աշոտյանը քոլեջների տնօրեններին զգուշացրել է, որ տարին պարտքով փակող տնրօրենը, ով օբյեկտիվորեն ծագած ֆինանսական խնդիրների մասին ժամանակին չի ահազանգել լիազոր մարմնին, կազատվի աշխատանքից: Արմեն Աշոտյանի խոսքով` մի շարք քոլեջներում իրականացված աուդիտի հետևանքով բացահատվել են խախտումներ, որի արդյունքում քոլեջներից մեկի տնօրենին տրվել է խիստ նկատողություն, մյուսներին` նկատողություն: Նրա խոսքով` բացահայտված խախտումների ճնշող մեծամասնությունը ընթացիկ, հիմնականում իրավական խախտումներ են և ոչ ֆինանսական չարաշահումներ: "Աուդիտը գործիք է ախտորոշման, ոչ պատժի: Մեր նպատակն է օգնել տնօրեններին` բարձրացնել օրինականության մակարդակը համակարգում",-նշել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են պարտադիր 12-ամյա կրթության մասին հասարակության շրջանում իրազեկման բարձրացմանը, քոլեջ-բուհ անցմանը, սոցփաթեթում քոլեջի աշխատակիցների ներառման հնարավորությանը, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի իրականացմանը և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: