Հայերեն   English   Русский  

​70 անվճար տեղ Գյումրու բուհերում՝ սփյուռքահայ ուսանողների համար


  
դիտումներ: 774

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում սովորել հայագիտական ուղղվածության մասնագիտություններով: Արդեն երկրորդ տարին է ծրագրով նախատեսված այդ տեղերը բաժին են հասնում Գյումրու բուհերին: Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն այդ հանգամանքը բացատրում է Գյումրի քաղաքի կրթական կենտրոն լինելու հանգամանքով.

ՙԱյս նախաձեռնության նպատակն է՝ մի կողմից նվազեցնել կրթական միգրացիայի ռիսկերը, մյուս կողմից աջակցել Գյումրիում ուսանողական կրթական կենտրոնների կայացմանը, և 3-րդ՝ բարձրացնել հայրենաճանաչության բաղադրիչը, քանի որ Գյումրին մեր երկրի կարևորագույն կրթական կենտրոններից է՚:

Սփյուռքահայ ուսանողներին հայրենի կառավարությունը նման արտոնություն է տալիս միայն այն պայմանով, որ սովորելուց հետո նրանք վերադառնալու են հայրենի գաղթօջախներ: Իսկ այս ծրագրի, այսպես ասած, մեխը, հայապահպանությունն է, և ոչ թե ուսանողական միգրացիան:
Սակայն, նախարարի վերջին հանձնարարականից պարզ է դառնում, որ սփյուռքահայ ուսանողներն այս պահանջին այնքան էլ չեն ենթարկվում: Հետևաբար, նախարարը ստիպված է եղել հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը՝ խստացնել սփյուռքահայ դիմորդներին ներկայացվող պահանջները:
ՙԱյն երիտասարդները, ովքեր հուսախաբ են անում իրենց համայնքին և չեն կատարում իրենց պարտականությունները, ստիպված կլինեն փոխհատուցել իրենց վրա ծախսված պետական գումարները՚, - ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: