Հայերեն   English   Русский  

«Սփյուռքի նախարարությունը պիտի վերանվանվի Սփյուռքի ու ներգաղթի, այլ ոչ թե հայերին արտասահմանում տեղավորելու նախարարություն». Լևոն Շիրինյան


  
դիտումներ: 1583

«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, հանրապետության պոտենցիալին համապատասխան, լարված և լարվող իրադրության պայմաններում փորձում է պահել կոմպլեմենտարիզմը, որը ես գնահատում եմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների լարման դաշտում Հայաստանն, ըստ Շիրինյանի, ապացուցում է, որ ունի ազգային շահ։ Սա պիտի պահպանվի ինչքան հնարավոր է, քանի որ չգիտենք՝ տարբեր ճակատներում ինչ բախումներ կլինեն։

«Մենք ականատեսը եղանք Հայոց բանակի փայլուն գործողությունների։ Չկա դեպք, որ թշնամին նեղի հայկական զինվորական ուժերին. Բռնություն, խարդախություն՝ ինչքան ասես, բայց երբեք հայկական ուժերի նկատմամբ հաջողություն»,-նշեց Շիրինյանը։

Քաղաքագետը, խոնարհվելով բոլոր հերոս-զինվորների առջև, հատկապես նշում է Քամալյանի Նորայրի կերպարը, ում Շիրինյանը Էպոսի արխետիպ է համարում՝ «նա Էպոսի կերպար էր՝ «Առույծաձև Մհերը»,-նշեց Շիրինյանը։ Առասպելն՝ առասպել, բայց իրականում, ըստ քաղաքագետի, մեր արժանապատվությունը բարձրացավ, իսկ միայն այդ դեպքում են քեզ սկսում գնահատել, հաշվի առնել։

«Մեր ժողովրդին ու հատկապես իշխանություններին ցանկանում եմ արժանապատվության վերադարձ հետևյալ բանաձևով՝ լինել հայամետ, գործել Հայաստանակենտրոն»,-նշեց Շիրինյանը։ Երբ գործում է այս բանաձևը, բոլոր խնդրները նրա կարծիքով լուծելի են դառնում։

Բայց քաղաքագետը փաստում է՝ այս խնդիրների լուծումն անհնար է առանց մարտահրավերների հաշվարկման։ Դրանցից ամենավտանգավորն, ըստ նրա, արտագաղթն է. այն պետք է կասեցվի բոլոր միջոցներով։

«Սփյուռքի նախարարությունը պիտի վերանվանվի Սփյուռքի ու ներգաղթի, այլ ոչ թե հայերին արտասահմանում տեղավորելու նախարարություն»,-նշեց Շիրինյանը։ Եթե արտագաղթը չկանգնեցվի, միտումները շարունակվեն, իրավիճակը Հայաստանի համար կդառնա մահացու վտանգավոր։

Ներգաղթի կազմակերպման խնդիրը Շիրինյանի խոսքերով անպայման բարձրացնում է նոր աշխատատեղերի ստեղծման հարց, բայց կարևորը խնդիրը դնելն է, լուծումներ կգտնվեն։

Հարցը քաղաքագետը կապում է իրավական պետության իմաստով արդարադատության վերականգնման անհրաժեշտության հետ։ Եթե դա չլինի՝ չի լինի արդարադատ հասարակություն, ուրեմն ոչ մի հարց չի լուծվի։ Արդարադատ դատարանների ստեղծումն է առաջին խնդիրը։

Ըստ նրա՝ հասարակությունը, լրատվամիջոցները պիտի իրենց մշտական ուշադրության կենտրոնում պահեն դատավորների գործունեությունը, պարզեն նրանց հարստության աղբյուրները։

«Այս խնդիրները լուծեք և Հայաստանի վերելքը ապահովված է»,-նշեց Շիրինյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: