Հայերեն   English   Русский  

​Հայ ըմբիշները Ռիո-2016-ի ուղեգիր ձեռք բերելու դեռ երեք հնարավորություն էլ ունեն


  
դիտումներ: 1331

Սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում (ԱՄՆ) անցկացվեց Եվրոպայի ըմբիշների համար օլիմպիական վարկանիշային առաջին մրցումը՝ մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Ռիո-2016-ի ուղեգիր նվաճեցին յուրաքանչյուր քաշային կարգի 6-ական ըմբիշներ: Հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանի հավաքականները բավարարվեցին մեկ մեդալով, որը նվաճեց 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը:

Լաս Վեգասում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում խաղարկվեցին մեդալների 8 հավաքածուներ: Հունահռոմեական ոճում Ալեքսանյանն ամենաուժեղն էր 98 կգ քաշային կարգում: Նա երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:

Առնվազն արծաթե մեդալակիր պետք է դառնար նաև 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որը կիսաեզրափակչում մրցավարական կողմնակալության պատճառով պարտվեց կորեացի ըմբիշին և չզբաղեցրեց մրցանակային տեղ, սակայն ձեռք բերեց Ռիո-2016-ի ուղեգիր:

Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում ԱՄՆ-ում հանդես եկան նաև` Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առանց մեդալի վերադարձավ Լաս Վեգասում ավարտված աշխարհի առաջնությունից: Արայիկ Բաղդադյանի գլխավորած թիմի կազմում մեդալների համար պայքարեցին` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Դավիթ Սաֆարյանի և Մուսա Մուրթազալիևի անհաջող ելույթների շարքը համալրեցին նրանց մյուս թիմակիցները: Այսպես, Գարիկ Բարսեղյանը հենց մեկնարկում պարտվեց թուրք Սեզար Ակգուլին: Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/4 եզրափակչում պարտվեց հետագայում բրոնզե մեդալակիր դարձած բուլղարացի Դուբովին: Մեկ փուլ հաղթահարելուց հետո, Գրիգոր Գրիգորյանը պարտվեց կուբացի Լիվան Լոպեսին: Էդգար Ենոքյանը պարտվեց հարավկորեացի Եգանգ Կիմին: Հավաքականի ձախողումը ինչ-որ չափով մեղմեց գերծանրքաշային Լևան Բերիանիձեն, որը հաղթեց գերմանացի Նիկ Մատուհինին, բայց պարտվեց ապագա չեմպիոն թուրք Թահա Աքգուլին: Քանի որ թուրք ըմբիշը հասավ եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Ի վերջո, նա հաղթեց իսպանացի Կուբա Վասկեսին (11:0) և ղազախ Դաուլետ Շաբանբային (3:2), սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0:11 հաշվով պարտվեց ռուս Բիլյալ Մախովին և բավարարվեց 5-րդ տեղով:

Այսպիսով, Հայաստանի ըմբիշներից Ռիո-2016-ի ուղեգրեր ապահովեցին միայն Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը և Լևան Բերիանիձեն:

Ըստ Լաս Վեգասում նվաճած մեդալների քանակի, առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալ: Հայաստանը նվաճած 1 ոսկե մեդալով 11-րդն է:

Երկրների տասնյակը ըստ նվաճած մեդալների քանակի

NԵրկիրՈսկիԱրծաթԲրոնզԸնդհանուր

1Ռուսաստան42814

2ԱՄՆ4037

3Թուրքիա3126

4Ճապոնիա3115

5Ադրբեջան2338

6Ուկրաինա2169

7Մոնղոլիա1315

8Կուբա1102

9Վրաստան1034

10Գերմանիա1012

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների արդյունքները և նշեց, որ ուրախ է և միաժամանակ տխուր՝ Հայաստանն ունի աշխարհի կրկնակի չեմպիոն, բայց, ցավոք, մեր երկրի հավաքականը դեռևս երկու օլիմպիական ուղեգիր է նվաճել:

«Այժմ ունենք երկու օլիմպիական ուղեգիր, պետք է պայքարենք ևս չորսը նվաճելու համար: Արսեն Ջուլֆալակյանը պետք է ոսկու համար պայքարեր, եթե նույնիսկ ոչ ոսկու, ապա գոնե մեդալի: Մեր թիմը շատ լավ էր պատրաստվել աշխարհի առաջնությանը, բոլորն էլ լավ մարզավիճակում էին և պատրաստ պայքարելու մեդալների համար: Բայց եղան վրիպումներ, կային նաև մի քանի ըմբիշների հետ կապված անհաջողություններ: Ընդհանուր առմամբ, տղաներից գոհ եմ, լավ գոտեմարտեր անցկացրեցին, անկախ արդյունքներից: Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ մեկ մեդալով վերադառնալու պատճառներից մեկը նաև մրցավարությունն էր, սակայն չեմ ցանկանում մրցավարությունից կառչել: Իհարկե, չեմ ժխտի, որ եղել են մրցավարական կողմնապահություններ: Ես այդ ամենի բացատրությունն էլ գիտեմ: Ամեն դեպքում, ցանկացած մարզիկ պետք է պատրաստ լինի նման պահերի, բոլորս էլ գիտենք, միշտ չէ՝ որ արդարությունն է քայլում մեզ հետ: Պետք է պատրաստ լինենք հաղթելու նաև անարդարությանը»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Անդրադառնալով արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ելույթներին՝ Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ նա հիանալի գոտեմարտեր անցկացրեց: «Արթուրը շատ վստահ էր և կրկին ապացուցեց բոլորին, որ ինքը լավագույնն է, ուժեղագույնը իր քաշային կարգում: Միայն մնում է, որ մենք կարողանանք առաջիկայում ճիշտ մոտեցում ցուցաբերել, ճիշտ պատրաստվել օլիմպիական խաղերին: Աստված տա, Արթուրը վնասվածքներ չունենա, միշտ առողջ լինի, որպեսզի նույն տեմպով շարունակենք մինչև Ռիո-2016-ի խաղերը»,- հավելեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Խոսելով մրցավարության մասին` Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ մշտապես փորձ է արվում խուսափել անարդար մրցավարությունից, բայց ամեն ինչ կարծես ապարդյուն է:

«Ճիշտ է, Միհրան Հարությունյանի նկատմամբ անարդար մրցավարության համար մեկ օրով C մրցագորգը սպասարկող մրցավարներին որակազրկեցին, բայց դա ընդամենը մեկ օրով էր: Հաջորդ օրն արդեն մրցավարները կրկին իրավունք ստացան գոտեմարտերը դատելու: Այս ամենը շատ տգեղ երևույթ է: Բազմիցս ասել ենք, բարձրաձայնել, միջազգային ֆեդերացիան պարտավոր է այս ուղղությամբ աշխատանքներ կատարել, որովհետև ցավալի է, երբ մարզիկը տարիներով չարչարվում է և պատրաստ է հաղթանակի, բայց ինչ-որ պատահական մեկի ձեռքով պարտվում է: Պատահական մեկի, քանի որ շատ կան մրցավարներ, որ իրենք իրենց մասնագիտությամբ չեն համարվում ըմբիշներ: Շատ հավանական է, որ մեկը, լրիվ այլ մասնագիտության տեր, սիրողական զբաղվի մրցավարությամբ: Նման մրցավարները խանգարում են մարզիկին իր քրտինքի արդյունքը վայելելու: Այդ պատճառով, իմ կարծիքով, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, ինչպես նաև աշխարհի բոլոր ֆեդերացիաները պետք է նպաստեն այդ լուրջ քայլերին, աշխատանքներ կատարեն, որպեսզի վերանա անարդար մրցավարությունը: Իրոք ցավալի է մարզիկի համար, մարզչի համար ևս»,- մեկնաբանեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Նշենք, որ դեռևս 2014-ին Շվեյցարիայում կայացած ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում հաստատվել էին 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի մասնակիցների ընտրության կարգը, վարկանիշային ընտրական մրցաշարերի անցկացման ժամկետներն ու մրցավայրերը:

Ըստ այդմ, 2016-ի օլիմպիական խաղերում հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի մրցաշարերում 6-ական քաշային կարգերում հանդես է գալու 114-ական մարզիկ՝ յուրաքանչյուր քաշային կարգում` 19-ական մասնակից, իսկ կանանց մրցաշարի 6 քաշային կարգերում ՝ 108 մարզուհի՝ յուրաքանչյուր քաշային կարգում հավասար՝ 18-ական մարզուհի:

Ընդհանուր առմամբ, այս օլիմպիադայի ըմբշամարտի մրցաշարին մասնակցելու է 336 մարզիկ, որոնք կխաղարկեն 18-ական ոսկե ու արծաթե և 36 բրոնզե մեդալ:

Լաս Վեգասից հետո օլիմպիական ուղեգրերի բաշխման 2-րդ փուլը մայրցամաքային ընտրական մրցաշարերն են: Եվրոպա աշխարհամասի վարկանիշային ընտրական մրցաշարը տեղի է ունենալու 2016-ի ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում: Այստեղ օլիմպիական ուղեգրերի կարժանանան միայն եզրափակիչ անցած և 1-2-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները: Օլիմպիական ուղեգրերի բաշխման վերջին՝ 3-րդ փուլում կազմակերպվելու են համաշխարհային ընտրական վարկանիշային երկու մրցաշարեր:

«Վերջին հնարավորություն» անվամբ առաջին մրցաշարը կայանալու է 2016-ի ապրիլի 22-24-ը, Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում: Այստեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 3-ական օլիմպիական ուղեգիր:

Հաջորդ համաշխարհային ընտրական վարկանիշային մրցաշարը, որ կլինի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի ուղեգիր ստանալու ամենավերջին հնարավորությունը, կայանալու է 2016-ի մայիսի 6-8-ը Ստամբուլում: Այստեղ յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվելու է 2-ական օլիմպիական ուղեգիր:

Ի դեպ, յուրաքանչյուր քաշային կարգում ամեն երկիր կարող է ստանալ միայն մեկ օլիմպիական ուղեգիր:

Նշենք նաև, որ ինչպես մյուս աշխարհամասերի, այնպես էլ Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվի: Համաձայն Ռիո 2016-ի օլիմպիական խաղերի ծրագրի` ըմբշամարտի մրցաշարը տեղի է ունենալու օգոստոսի 14-21-ը:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: