Հայերեն   English   Русский  

​Աշակերտներն ատեստատից բացի նաև վարորդական վկայական կստանան


  
դիտումներ: 3469

Դպրոցն ավարտելիս աշակերտները, ավարտական վկայականից բացի, կկարողանան նաև վարորդական վկայական ստանալ: Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցում ընթացիկ ուսումնական տարվա մեկնարկից ուսումնասիրում են «Ավտոգործ» առարկան: Այն դասավանդվում է 10-րդ և 11-րդ դասարաններում` անկախ դասարանի հոսքային ուղղվածությունից: Դասընթացի ավարտին 17 տարին լրացած աշակերտները կկարողանան քննություն հանձնել ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումում և ստանալ B կարգի վարորդական իրավունք:

Մարտունու ավագ դպրոցն առայժմ հանրապետությունում միակն է, որտեղ հանրակրթական ծրագրին զուգահեռ նաև «Ավտոգործ» են ուսուցանում: Նախաձեռնությունը դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանինն է:

Ավետիսյանը նշում է, որ խորհրդային տարիներին, դեռ 70-ականներից սկսած, Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցում (որի հիման վրա ձևավորվել է ավագ դպրոցը) դասավանդվել է «Ավտոգործ» առարկան, շրջանավարտներին էլ B և C կարգի վարորդական իրավունք են տվել: 1990-ականներին, սակայն, սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված, առարկայի դասավանդումը դադարեցվել է: Տնօրենի խոսքով` հատկապես մեր օրերում, երբ վարորդների շրջանակն ընդլայնվել է, դպրոցում համապատասխան առարկան ուսումնասիրելն անհրաժեշտություն է:

«Այսօր գրագիտության պակաս զգացվում է ոչ միայն վարորդների, այլև հետիոտնի մոտ: Հաճախ հետիոտնը զարմացած նայում է, երբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին դիտողություն ես անում: Դպրոցում ստացած գիտելիքը կլրացնի այդ բացը,- ասում է Ավետիսյանը:- Գիտելիքի առումով ավելի հիմնավորված այս ուսուցումը հնարավորություն կտա մեզ ապագայում խուսափելու ավտոճանապարհային շատ պատահարներից: Գաղտնիք չէ, որ դրանց մի մասը տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները չիմանալու պատճառով»:

Ավետիսյանը նաև կարծում է, որ առարկայի դասավանդումը կուժեղացնի ավագ դպրոցը` այն ավելի մրցունակ դարձնելով: «Այսօր միջին մասնագիտական հաստատությունների կողքին ավագ դպրոցը խոցելի է: Նրանք մատուցում են կրթական տարբեր ծրագրեր, և միջին դպրոցն ավարտելուց հետո, ավագ դպրոց գնալու փոխարեն, աշակերտները փորձում են ավելի շատ քոլեջներ ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ գնալ: Ավագ դպրոցը պիտի կարողանա նաև համակողմանի լրացված ծրագրեր մատուցել, որով կբարձրացնի իր մրցունակությունը»:

Առարկայական ծրագիրը 4 մասից է բաղկացած. տեխնիկական սպասարկում, անվտանգ երթևեկություն, ճանապարհատրանսպորտային կանոնների իմացություն և առաջին բուժօգնություն:

Ավետիսյանն ասում է, որ դասավանդող մասնագետը համապատասխան մասնագիտական գրականությունից նյութեր է առանձնացնում ու մշակում` հաշվի առնելով աշակերտների տարիքին առանձնահատկությունները: Օգտագործվում են նաև դպրոցում պահպանված հին ուսումնական նյութերը:

Իսկ նյութատեխնիկական բազան լրացնելու և դասապրոցեսի համար բավարար պայմաններ ստեղծելու համար դպրոցը դիմել է տարածաշրջանի մասնագետների օգնությանը: «Մի շարք մասնագետներ պատրաստակամություն են հայտնել տրամադրելու որոշակի դիդակտիկ նյութեր: Տարածաշրջանային պետական քոլեջից որոշակի ժամանակահատվածով վարժասարքեր ենք խնդրել»,- ասում է Ավետիսյանը` հույս հայտնելով, որ դպրոցն իր խնայողությունների հաշվին կկարողանա նաև նոր գույք ձեռք բերել` դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար: Դպրոցին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ԿԳՆ-ն:

«Երկու տարուց, երբ կունենանք ծրագրի առաջին շրջանավարտները, կունենանք նաև վերլուծելու որոշակի ինֆորմացիա. ինչ տվեց մեզ, ինչ տվեց աշակերտին, ինչ բաց կողմեր կային, որ կարելի է ուժեղացնել, ինչի վրա շեշտադրումներ կարելի է անել: Մտադիր ենք առաջին փուլը հաջողությամբ ավարտելուց հետո ավելացնել նաև վարորդական իրավունքի C կատեգորիան, ինչպես նախկինում էր»,- ասում է Ավետիսյանը: Նա վստահություն է հայտնում, որ դպրոցը հաջողություն կունենա և օրինակ կծառայի հաջողված փորձը նաև այլ դպրոցներում կիրառելու համար:

«Ավտոգործ» առարկայի ներդրման փաստը խանդավառությամբ են ընդունել նաև աշակերտներն ու նրանց ծնողները: 8-րդ դասարանցի Գոռն ասում է, որ անհամբեր սպասում է, թե երբ պիտի ինքն էլ 10-րդ դասարանցի լինի ու ավտոգործ սովորի: «Էդ դասերին հավեսով կգնամ»,- ասում է նա: Գոռի մայրը` տիկին Իզաբելլան, ևս կարևորում է դպրոցում նման առարկայի ուսուցանումը: «Հիմա ի՞նչ է, վարորդներն ընդամենը ղեկն ուղիղ բռնել են սովորում, և վերջ: Մեքենայի հետ մի խնդիր լինի` գաղափար անգամ չունեն, թե ուր նայեն և ինչից է: Իսկ հիմա տղաս դպրոցում այդ ամենը կսովորի, գրագետ վարորդ կդառնա»,- ասում է նա:

Դպրոցի ուսուցչուհիներից Էլմիրա Խաչատրյանը ևս փաստում է, որ իր դասղեկության դասարանի ծնողները ոգևորությամբ են ընդունել նոր դասավանդվող առարկայի մասին լուրը: «Բոլորն էլ ուզում են, որ իրենց երեխան վարորդական իրավունք ունենա: Այս ծրագրով երեխային, առանց որևէ գումար ծախսելու, գրագետ վարորդ դառնալու հնարավորություն է տրվում»,- ասում է նա:






Մեկնաբանություններ - 1

Rahul     19.12.2015 What a neat arlcite. I had no inkling.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: