Հայերեն   English   Русский  

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավարին


  
դիտումներ: 489

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային:

Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցության մակարդակն ու համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը: Արփինե Հովհաննիսյանն այդ համատեքստում ընդգծել է 2015թ-ին երկու կառույցների միջև ստորագրված համաձայնագիրը, որի շրջանակում Արդարադատության նախարարությունն իրականացնում է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը: «Կարծում եմ՝ Արդարադատության նախարարությունն այս բնագավառում համակարգման գործառույթ իրականացնելու պատասխանատվություն պետք է ստանձնի»,- ասել է արդարադատության նախարարն՝ այդ հարցում ակնկալելով UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչան շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և երեխաների համար արդարադատության մատչելիության ոլորտում նախարարության կողմից համակարգողի գործառույթ իրականացնելու հարցում հայտնել իր համաձայնությունն ու աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երեխաների առևանգմանն ու որդեգրմանը վերաբերող օրենսդրությունում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու, ինչպես նաև օրենքի հետ առնչված երեխաների համար կրթական ու մշակութային համատեղ ծրագրեր իրականացնելու, նրանց վերականգնողական այլ նախաձեռնություններում ներգրավելու հարցերում համագործակցության հնարավորությունները:

Վերահաստատելով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ արդարադատության նախարարն ու UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը խոստացել են գործուն ջանքեր ներդնել երեխաների իրավունքների պաշտպանությունը բարելավելու հարցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: