Հայերեն   English   Русский  

​ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵԿԶԱԴՅԱՆ


  
դիտումներ: 5059

Ալեքսանդր Բեկզադյանը բոլշևիկյան շարժման ականավոր գործիչներից է, ռուսական մեծ հեղափոխության առաջամարտիկներից: Իր պայքարով ու գաղափարախոսությամբ Բեկզադյանը քարոզում էր, որ հայության, հայ աշխատավորի փրկությունը միմիայն սոցիալիզմն է, ցարական կարգերի տապալումը:

Նա հայության ազգային ազատագրական պայքարի խնդիր` որպես այդպիսին, չէր տեսնում: Տարված համաշխարհային հեղափոխության հովերով` հայությանը կոչ էր անում միավորվել այլազգի սոցիալիստների հետ և միասնաբար պայքարել համաշխարհային իմպերիալիզմի դեմ:

Ծնվել է 1879 թ. Արցախի Շուշի քաղաքում` դատական չինովնիկի ընտանիքում: Ընտանեկան բարեկեցությունը հնարավորություն տվեց, որ Բեկզադյանը փայլուն կրթություն ստանար: Նա 1893 թ. ավարտեց Շուշիի ռեալական ուսումնարանը, որ այն տարիներին ողջ Անդրկովկասում կրթական լավագույն հաստատություններից էր, ապա ընդունվեց Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական բաժինը:

Ուսանողության տարիներին Ալեքսանդր Բեկզադյանը հարեց հեղափոխական շարժումներին: 1901 թ. անդամակցեց Կիևի համալսարանի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությանը: Հետագայում նրա Մարիամ և Ելենա քույրերը նույնպես նվիրվեցին ռուսական հեղափոխության գաղափարին, իսկ երկու եղբայրները` Տիգրանն ու Հովսեփը, ՀՅԴ անդամ էին, մյուսը` Ռուբենը, էսէռների կուսակցությունից:

Հովսեփ Բեկզադյանը հետագայում, դուրս գալով ՀՅԴ շարքերից, ընդունվեց մենշևիկյան կուսակցության շարքերն ու դարձավ նրա պարագլուխներից, հետագայում` Անդրկովկասյան Սեյմի փոխնախագահ: Նա հակացարական ցույցերի ակտիվ կազմակերպիչներից էր: Մահացավ 1920 թ. Հյուսիսային Կովկասում, բծավոր տիֆից:

Ալեքսանդր Բեկզադյանի մասնակցությամբ ու նախաձեռնությամբ Կիևում ստեղծվեց առաջին հայ մարքսիստական խմբակներից մեկը, որում ընդգրկվեցին Կիևում ուսանող հայ և կովկասցի ուսանողներ:

Այս ամենը, բնականաբար, չէր կարող անվրեպ մնալ ցարական ոստիկանության աչքից, և մի քանի ձերբակալություններից, զգուշացումներից հետո, ի վերջո, Ալեքսանդրը հեռացվեց համալսարանից և արտաքսվեց Կիևից:

Բեկզադյանն ուղևորվեց ուղիղ Բաքու, ուր հաստատվել էր իր բազմանդամ ընտանիքը: Այստեղ նա անդամագրվեց ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեությանը և վերսկսեց հեղափոխական գործունեությունը` համարվելով Բաքվի կոմիտեության պրոպագանդիստ:

1905 թ. ցարական ոստիկանությունը դարձյալ ձերբակալում է Ալեքսանդր Բեկզադյանին և այս անգամ նրան հակապետական գործունեության մեղադրանքով բանտ նետում: Բայց մեկ տարի անց նա կարողանում է ընկերների աջակցությամբ փախչել բանտից և տարագրվելով Ռուսաստանից` հաստատվում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:

Վտարանդիության ութ տարիները նա նվիրեց քաղաքական պայքարին ու հեղափոխությանը: 1909 թ. Բեկզադյանը ստեղծեց ՌՍԴԲԿ Ցյուրիխի խումբը, որ հիմնականում կազմված էր վտարանդիներից և ուսանողներից: Նա ընտրվում է այդ կազմակերպության քարտուղար և ակտիվ մասնակցում բոլշևիկների կազմակերպած հավաքներին ու ժողովներին: Ըստ էության` նա դարձել էր կապավոր Կովկասի բոլշևիկների և Լենինի միջև: Աստիճանաբար բարձրանում էին նրա հեղինակությունն ու դիրքը բոլշևիկյան կուսակցության շարքերում:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից` Բեկզադյանը Շվեյցարիայում ընդունվեց Ցյուրիխի համալսարանի իրավաբանական բաժինը: 1912 թ. նա ատենախոսություն պաշտպանեց և ստացավ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1912 թ. Ալեքսանդր Բեկզադյանը բոլշևիկյան կուսակցության կենտկոմի պատվիրակության կազմում մասնակցեց Երկրորդ միջազգայնականի Բազելի կոնֆերանսին:

Ցարական կառավարությունը ուշիուշով հետևում էր Բեկզադյանի արտասահմանյան գործունեությանը և նրա համար ծուղակ սարքեց: 1915 թ. նրան թույլատրվեց Ռուսաստան վերադառնալ: Բեկզադյանը շտապեց Բաքու, սակայն ճանապարհին ձերբակալվեց և բանտ նետվեց:

Ռուսական հեղափոխության հաղթանակը միայն ազատեց Բեկզադյանին շղթաներից:

1917 թ. փետրվարին, ազատվելով բանտից, նա այնուամենայնիվ մեկնեց Բաքու և աշխատանքի անցավ նահանգային պարենային վարչությունում որպես նախագահ: Այստեղ նա քաղաքական պայքարում հաճախ ստիպված էր բախվել հարազատ եղբոր` Ռուբենի հետ: Երկուսն էլ սկզբունքային, անզիջում բնավորություն ունեին, և ժողովների ժամանակ նրանց բանավեճը հաճախ էր անցնում պատշաճության սահմանները:

Մեկ տարի անց Ալեքսանդր Բեկզադյանն արդեն Հյուսիսային Կովկասում էր:

1919 թ. բոլշևիկյան կուսակցության Կովկասյան կոմիտեի անդամ էր: Նա ակտիվորեն ներգրավվում է Հայաստանի Հանրապետության դեմ ծավալված պայքարում և Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանն ուղղված աշխատանքներում:

1920 թ. Արմենկոմի կազմում Բեկզադյանը Հայաստանում մայիսյան ապստամբության կազմակերպիչներից էր: Իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մեկ շաբաթ անց արդեն Երևանում էր:

Նոր կազմավորված կառավարության մեջ Ալեքսանդր Բեկզադյանը ստանձնեց պարենավորման և արտաքին գործերի ժողկոմի պաշտոնը: Սակայն որպես արտաքին գործերի ժողկոմ նա տապալվեց: Հայաստանում բռնկվեց փետրվարյան հեղափոխությունը, որի ճնշումից հետո Բեկզադյանը հրաժարական տվեց:

Կարճատև պաշտոնավարման ընթացքում նա փորձեր արեց Վրաստանի կառավարության կողմից բռնագրավված Լոռին ազատելու և Խորհրդային Հայաստանին կցելու, ինչպես նաև` թուրքական զորքերը Արևելյան Հայաստանից հեռացնելու համար:

1921 թ. Ալեքսանդր Բեկզադյանը որպես հայկական պատվիրակության ղեկավար մեկնում է Մոսկվա` մասնակցելու ռուս-թուրքական բանակցություններին: Սակայն նրա առաքելությունը դատապարտված էր ձախողման. Բեկզադյանին անգամ թույլ չտվեցին մասնակցել բանակցություններին, մինչդեռ Մոսկվայի պայմանագիրը, մեղմ ասած, բարենպաստ չէր Խորհրդային Հայաստանի համար: Բայց դա չխանգարեց, որ Ալեքսանդր Մյասնիկյանի ձևավորած նոր կառավարությունում Բեկզադյանը կրկին զբաղեցներ պարենավորման և արտաքին գործերի ժողկոմի պաշտոնը:

Իսկ Բեկզադյանի գլխավորած ոլորտը նույն 1921 թ Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակ բացառապես ոչինչ չարեց ի նպաստ հայության շահերի:

Ձեռք քաշելով արտաքին քաղաքականությունից` Ալեքսանդր Բեկզադյանը 1922-1926 թթ. հաստատվեց Բեռլինում` ստանձնելով Գերմանիայում ԽՍՀՄ առևտրական ներկայացուցչությունում ոչ պատասխանատու պաշտոն:

Ստացվում է, որ արտաքին քաղաքականության մեջ անհաջողակ Ալեքսանդր Բեկզադյանը սոսկ լավ առևտրական էր. 1926 թ. նա նշանակվեց Անդրֆեդերացիայի առևտրի ժողկոմ:

Շուտով նա դարձավ նաև ԽՍՀՄ կենտգործկոմի անդամ և Անդրֆեդերացիայի ժողկոմխորհի նախագահի տեղակալ: Սակայն այս աշխատանքում էլ երկար չմնաց և 1930 թ., կրկին անցնելով դիվանագիտական աշխատանքի, նշանակվեց ԽՍՀՄ դեսպան Նորվեգիայում: 1934 թ. նա նոր նշանակում ստացավ և ստանձնեց ԽՍՀՄ դեսպանի պարտականությունները Հունգարիայի Հանրապետությունում, որտեղ մնաց մինչև 1937 թ.:

1937 թվականին նա թողեց դիվանագիտական աշխատանքն ու վերադարձավ Մոսկվա: 1938 թ. Ալեքսանդր Բեկզադյանին մեղադրանք ներկայացվեց տրոցկիզմի և հակապետական գործունեության մեջ: Դատավարությունն ամիսներ տևեց, 1939 թ. օգոստոսի 10-ին նա գնդակահարվեց: Խրուշչովի իշխանության տարիներին հետմահու արդարացվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: