Հայերեն   English   Русский  

​«ԱՄՆ-ում կյանքն այն չէ, ինչ դրսից է թվում»


Հայաստանում ապրելն անհաս երազանք է դարձել Արկադի պապի համար


  
դիտումներ: 2442

75-ամյա Արկադի պապիկն արդեն 8 տարի է` տարվա կեսն անցկացնում է Հայաստանում, մյուս կեսը` ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում:

Ինչպես դպրոցահասակներն են չուզենալով սեպտեմբերի 1-ին սպասում, այնպես էլ Արկադի պապիկը դժկամությամբ սպասում է ԱՄՆ գնալու պահին, տեղ հասնելուն պես էլ Հայաստան գալու տոմս է գնում ու անհամբերությամբ սպասում, թե երբ պիտի նորից հայրենիք վերադառնա:

Արկադին արմատներով Արցախից է` Ստեփանակերտից: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պոլիտեխնիկ ու մնացել Երևանում: Ինժեներ-էլեկտրամեխանիկը 35 տարի աշխատել է Հայէլետրագործարանին կից գործող գիտահետազոտական կենտրոնում: Երևանում էլ Արկադին ու իր կինը` Մարիետան, մեծացրել են իրենց երկու երեխաներին` Նունեին ու Սամվելին: 1995-ին`Հայաստանի համար դժվարին տարիներին, Արկադիի որդին` Սամվելը, գրին քարտ է շահում ու ընտանիքով ԱՄՆ տեղափոխվում`Հայաստանում իր և իր ընտանիքի համար հեռանկար չտեսնելով: 1999-ին որդու մոտ է տեղափոխվում ու ԱՄՆ-ում հաստատվում նաև Արկադիի կինը`տիկին Մարիետան: 2006-ին ընտանիքին միավորվելու համար ԱՄՆ է տեղափոխվում նաև Արկադի պապը: «Ոգևորված գնացի` մտածելով, որ լավ կլինի: Բայց գնացի ու փոշմանեցի, էն երկիրը չի, այստեղ, եթե հացի փող ունենաս, հազար անգամ ավելի լավ է: Մարդ երբեք չպիտի հեռանա իր հայրենիքից»,- ասում է նա:
Պատմում է, որ այն ժամանակ կինն ասում էր, որ երբ ամուսիններով 10-20 հազար դոլար կարողանան հավաքել, անմիջապես Հայաստան կվերադառնան: Սակայն 2009-ին տիկին Մարիետայի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում. վրաերթի պատճառով նա զրկվում է ոտքից ու հայտնվում սայլակի վրա:
«Այնտեղ հաշմանդամ մարդուն առաջնահերթ են սպասարկում, արտոնություններ տալիս, իսկ այստեղ բանի տեղ չեն դնում: Այնտեղ կինս կարողանում է ազատ տեղաշարժվել, ոչ մի բանից զրկված չէ, իսկ այստեղ փողոցով ինքնուրույն շարժվելն անգամ անհնար կլինի, ուր մնաց տրանսպորտն ու մնացած բաները: Դրա համար էլ հիմա կինս չի ուզում Հայաստան վերադառնալ»,- պատմում է Արկադի պապն ու նեղսրտած ավելացնում, որ երբևէ չէր պատկերացնի, որ կյանքի վերջին տարիներն այսպես պետք է անցկացնի` հայրենիքի կարոտով և հայրենիքում հաստատվելու երազանքով:
«Այնտեղ մենք Հոլիվուդում ենք ապրում, տարեցների տանը: Մեր հարևանները հիմնականում Ռուսաստանից եկած հրեաներ են: Այստեղի պես չէ, դուռը բացում ես ու հարևանին բարևում, չի պատասխանում: Շփում չկա որևէ մեկի հետ»,- ասում է Արկադի պապը: Պատմում է, որ այնտեղ գտնվելու ընթացքում ամեն օր առավոտյան Գլենդել է գնում, որտեղ այգում հայերով հավաքվում են, նարդի ու շախմատ խաղում, մինչև մութն ընկնի, ապա նորից տուն է վերադառնում:
«Այսպես ամեն օր, ձանձրալի է, շատ ձանձրալի»,- ասում է նա` հավելելով, որ Հայաստանում անգամ փողոց դուրս գալն է հետաքրքիր ի տարբերություն ԱՄՆ-ի:
Նա ցավով փաստում է, որ կնոջից բացի տղան ևս Հայաստան վերադառնալու մտադրություն չունի, հարմարվել է այնտեղի կյանքին, իսկ այնտեղ մեծացած երկու թոռներն անգամ Հայաստանի մասին լսել չեն ուզում. «Հայերեն լավ գիտեն, մինչև 8-րդ դասարան հայկական դպրոց են գնացել, բայց հենց տանը մենակ են մնում, իրար հետ անգլերեն են խոսում»:
Խոսելով Հայաստանի և ԱՄՆ-ի նմանություններից ու տարբերություններից` Արկադի պապն ասում է, որ կյանքն օրեցօր թանկանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում: Ասում է, որ մի քանի ամիս բացակայությունից հետո, երբ այնտեղ խանութ է մտնում, զարմանում է գներից:
«Մեր նպաստը վերջին մի քանի տարում նվազել է` 780-ից դառնալով 728 դոլար: Փոխարենը տան վարձը 370-ից դարձել է 429 դոլար, թանկացել են նաև մթերային ապրանքներն ու ծառայությունները»,- ասում է նա:
Արկադի պապը նշում է, որ իրականությանը չեն համապատասխանում նաև ԱՄՆ գնացողների պատկերացումները, թե այնտեղ հեշտությամբ կարելի է աշխատանք գտնել:
«Մի քիչ հեշտ է երիտասարդ կանանց համար. կարող են դայակություն անել կամ տարեցների խնամել, իսկ տղամարդկանց համար շատ բարդ է: Այնտեղ հայ տղամարդիկ հիմնականում տաքսի են վարում»:
Երբ ԱՄՆ մեկնել պատրաստվողներն Արկադի պապից խորհուրդ են հարցնում, բոլորին կոչ է անում չգնալ, զգուշացնում է, որ այնտեղի կյանքն այն չէ, ինչ դրսից է թվում:
«Կարծում եմ` գոնե մեծահասակների 90 տոկոսը դժգոհ է, եթե տարեցներին հատկացվող նպաստը 50 տոկոսով կրճատվի, երևի բոլորը թողնեն ու Հայաստան գան, մի հատ հայ չի մնա էնտեղ: Բոլորն էլ էդ նպաստի համար են էնտեղ»:
Այս տարի Հայաստանում գտնվելու ընթացքում Արկադի պապը հասցրել է Արցախում լինել, այցելել ծնողների գերեզմանին: «Երբ Արցախ եմ գնում, սիրտս բացվում է, ոնց որ երիտասարդանամ, ինձ էնտեղ շատ լավ եմ զգում»,- ասում է նա: Այս պահի տվյալներով նա ԱՄՆ պետք է վերադառնա նոյեմբերին: Զրույցի ընթացքում մերթընդմերթ ասում է. «Չեմ ուզում գնալ, չեմ գնա: 8 տարի է` ձյուն չեմ տեսել: Ուզում եմ ձյուն տեսնել, նոր մահանալ: Գոնե նոյեմբերին ձյուն գար»:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: