Հայերեն   English   Русский  

​Փարիզյան ահաբեկչությունը հիշեցրեց աշխարհի երկակի ստանդարտների մասին


  
դիտումներ: 902

Աշխարհն առաջնորդվել և առաջնորդվում է երկակի օրենքներով: Վերջին օրերին մեկը մյուսի հետևից տեղի ունեցած ահաբեկչությունները և դրանց հաջորդած արձագանքը ևս մեկ անգամ փաստեցին դարեր ի վեր հայտնի իրողությունը:

Փարիզյան ահաբեկչությունները մի շարք հարցեր վեր հանեցին, որոնք օրեր շարունակ քննարկվում ու քննարկվում են համաշխարհային հանրության կողմից: Հարցերի հարցը հետևյալն է. ինչո՞ւ, այսպես կոչված` քաղաքակիրթ աշխարհը նույն կերպ չի արձագանքում բոլոր ահաբեկչություններին, ինչո՞ւ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը նման արձագանք առաջացրեց, մինչդեռ դրանից մեկ օր առաջ տեղի ունեցած նման ողբերգությունը Լիբանանում` ոչ:

Այսպես. նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում մեկը մյուսին հաջորդած յոթ ահաբեկչությունները ցնցեցին աշխարհը: Մարզադաշտում իրականացված պայթյունները, կրակոցները մի քանի ռեստորանների հաճախորդների ուղղությամբ, Le Bataclan թատրոնի գրավումը և կրակոցները հանդիսատեսի ուղղությամբ համարվում են խոշորագույն ահաբեկչական գործողությունը Ֆրանսիայի պատմության մեջ:

Ահաբեկչությանը զոհ է դարձել 129 մարդ, 221 մարդ էլ տարբեր աստիճանի վիրավորումներով հիվանդանոցներում է:

Միջազգային հանրությունը դատապարտեց ահաբեկչությունը, ֆեյսբուքն իր օգտատերերին հնարավորություն տվեց Ֆրանսիայի դրոշի գույներով ներկելու գլխավոր նկարը` այդպես զորակցություն հայտնելով ֆրանսիացի ժողովրդին: Փարիզում գտնվողների համար ակտիվացվեց նաև սոցցանցում իրենց ողջ և առողջ լինելու ծանուցման մասին ծառայությունը: Աշխարհի տարբեր ծայրերում համերաշխության մոմավառություններ տեղի ունեցան, այդ թվում և Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ՀՀ նախագահի մասնակցությամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ` դատապարտելով տեղի ունեցածը: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտում են բարբարոս և անհոգի ահաբեկչական գործողությունները, որոնք տեղի ունեցան նոյեմբերի 13-ի երեկոյան, Փարիզի մի քանի թաղամասերում և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի պատճառ դարձան»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Աշխարհը, սակայն, կարծես, այդքան բուռն չարձագանքեց փարիզյան դեպքերից ընդամենը մեկ օր առաջ` նոյեմբերի 12-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած երկու ահաբեկչություններին: Նույն «Իսլամական պետություն» խմբավորման կողմից կազմակերպված այս ահաբեկչությանը զոհ դարձավ 43 մարդ, 239-ն էլ վիրավորվեցին:

Նման արձագանքի չարժանացավ նաև հոկտեմբերի 31-ին, Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանումը, որը 224 մարդու կյանք խլեց: Ռուսական կողմը օրերս պաշտոնապես հաստատեց, որ օդանավի կործանման պատճառը ահաբեկչությունն է եղել. ինչ-որ կերպ ռումբ է տեղադրվել օդանավում:

Միջազգային հանրությունը նման կերպ չարձագանքեց նաև հենց այս օրերին հրապարակված տեսանյութին, որտեղ ի ցույց է դրվում, թե ինչպես են ԻՊ գրոհայինները 200 երեխայի գնդակահարում: Ընդ որում, սա եզակի տեսանյութ չէր, խաղաղ բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդարի տեսանյութեր ԻՊ-ն պարբերաբար է տարածում:

ահաբեկչություն Փարիզում

Նման արձագանք չեն առաջացրել նաև տարիներ շարունակ Սիրիայից և Իրաքից եկող ահաբեկչությունների լուրերը, պատմությունները հարյուրավոր ու հազարավոր զոհերի մասին, բռնությունները քաղաքացիական բնակչության նկատմամբ ու անգամ ստրկության «օրինականացումը» «Իսլամական պետության» գրավյալ տարածքներում:

Այսպես կոչված` ոչ արևմտյան երկրներում տեղի ունեցած ողբերգությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի թվարկումը կարելի է անվերջ շարունակել: Նման անտեսված դեպքերից մեկն էլ այս տարվա ապրիլին Քենիայում տեղի ունեցած ահաբեկչությունն էր. ահաբեկիչները հարձակվեցին ուսանողական հանրակացարանի վրա, 147 մարդ զոհվեց, 79 մարդ վիրավորվեց: Այս տարվա հունվարին Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը 16 բնակավայր այրեց, ինչի հետևանքով շուրջ 2000 մարդ զոհվեց: Էլի նույն անտարբերությունը:

Հեռու չգնանք, անցած տարվա նոյեմբերի 12-ին հերթական ահաբեկչությունն էլ մեր սահմանին տեղի ունեցավ. ադրբեջանական կողմը խոցեց զորավարժությանը մասնակցող հայկական ուղղաթիռը, երեք սպա զոհվեց: Այս տարվա սեպտեմբերին էլ ադրբեջանական գնդակոծություններից Տավուշի մարզում 3 քաղաքացիական անձինք զոհվեցին: Որքանո՞վ կարելի է այդ դեպքերին միջազգային արձագանքը և զորակցությունը համարժեք համարել: Դժվար թե հնարավոր է:

Փարիզյան ահաբեկչությունից հետո աշխարհին երկակի ստանդարտների մասին հիշեցրեց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: «Ֆրանսիայում երեկ տեղի ունեցավ այն, ինչ Սիրիայում կատարվում է արդեն հինգ տարի», - ահաբեկչության հաջորդ օրը ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սիրիայի նախագահը:

Նա նշեց, որ Փարիզում տեղի ունեցածը չի կարելի առանձին դիտարկել Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունից և Սիրիայում արդեն հինգ տարի կատարվող դեպքերից: «Ահաբեկիչների համար ամեն ինչ միասնական է, նրանց համար սահմաններ չկան»,- ասաց Ասադը:

Այդուհանդերձ, որքան էլ ասենք, թե մարդու կյանքը նույն արժեքն ունի, անկախ ազգությունից ու բնակության վայրից, միայն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները ստիպեցին, որ Ֆրանսիան ակտիվ գործողություններ ձեռնարկի «Իսլամական պետության» դեմ ու սկսի ռմբակոծել նրա մայրաքաղաք Ռաքքան` կազմակերպության հենակետերով ու բազաներով: Դրանից հետո, օրինակ, հաքերների «Անոնիմուս» խումբը ձեռնամուխ եղավ սոցիալական ցանցերում ահաբեկիչների բացահայտմանը և ԻՊ-ի հետ կապված անձանց 5000 միկրոբլոգ կոտրեց թվիթերում: Փարիզյան դեպքերից հետո է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը ձեռնարկեցին համակարգելու իրենց գործողությունները ԻՊ-ի դեմ պայքարում, ինչպես նաև փորձում են Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը նորից բանակցային սեղանի շուրջ բերել:

Ստացվում է, որ քաղաքակրթություն կամ համամարդկային արժեք ասվածը վերացական բան է, քանի դեռ շահերիցդ չի բխում: Իսկ անդրադառնալով այն հարցին, թե ինչու ենք ավելի ցավագին տանում Ֆրանսիայում կատարվածը, ասենք, Լիբանանում, Սիրիայում կամ Իրաքում կատարվածից, կարելի է ենթադրել, որ պատճառը ազդեցությունն է: Գլոբալացված աշխարհում բոլորս կամա թե ակամա դարձել ենք արևմտյան արժեքների կրողը, ենթարկվում ենք արևմտյան ԶԼՄ-ների ամենօրյա ազդեցությանը, հետևաբար, նրանց համար ցավագինը նույնությամբ էլ մենք ենք ընդունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: