Հայերեն   English   Русский  

​Կառավարության ղեկավարը՝ զինված խմբավորմանը վնասազերծելու մասին


  
դիտումներ: 824

Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խումբ: ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամներ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Նոյեմբերի 27-ին դատարանը որոշում էր կայացրել ծանր հանցագործություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 21 մարդու որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս մասով նշեց, թե ասելիք չունի: Հարցին, մի՞թե ընտրություններից առաջ մարդկանց մոտ տրամադրություններ փոխելու համար չէր այս ամենն արվում, կամ ինչու՞ են ձերբակալվում երիտասարդ աղջիկներ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ՙԵս որևէ հայտարարություն չեմ ցանկանում անել: Սպասենք, իրավապահ մարմինները ժամանակին ամեն ինչ կհաղորդեն, տեղյակ կպահեն մեր քաղաքացիներին: Մենք որևէ մեկի նկատմամբ՝ աղջիկ լինի, թե տղամարդ, նման տրամադրություն չունենք՚:

Հարցին, թե հավատու՞մ է վարչապետը, որ կալանավորվածները ահաբեկիչներ էին և պատրաստվում էին զինված հարձակում գործել նախագահականի, կառավարության և ԱԺ-ի վրա, կառավարության ղեկավարը նշեց, թե այդ մտադրությունների մասին իրենք՝ կասկածյալներն են հայտնել, և խորհուրդ տվեց սպասել նախաքննական մարմնի հայտարարություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: