Հայերեն   English   Русский  

​«IT ոլորտը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը կարող է փոխել». Արմեն Ալավերդյան


  
դիտումներ: 2404

Սկսած 1992 թվականից` դեկտեմբերի 3-ին աշխարհում նշվում է հաշմանդամների միջազգային օրը: Այն ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սևեռելու համար:

Այսօր` մենք այցելեցինք «Ունիսոն»` հատուկ կարիքներով մարդկանց աջակցության կենտրոն ` IT մասնագետներին և նրանց կողմից ստեղծված կայքէջերին ծանոթանալու համար:

Կենտրոն` որ տարիներ շարունակ առաջնորդվում և աշխատում է նույն կարգախոսով` Հավասար հնարավորություններ բոլորի համար:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաշմանդամությունը չի խոչընդոտում, որ մարդ զբաղվի բարձր տեխնոլոգիաներով, ներառված լինի եւ մեծ հաջողությունների հասնի, ավելին՝ հենց hitech-ն է, որ թուլ է տալիս, հաշմանդամություն ունեցող մարդիկ ապրեն լիարժեք կյանքով:

2002թ.-ից գործող և հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող այս կենտրոնում շատ արագ հասկացան, որ 21-րդ դարն առանց նորագույն տեխնոլոգիաների՝ դժվար է պատկերացնել.

«Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կույր մարդկանց օգտվել համակարգչից, իսկ անշարժ մարմին ունեցողները միայն աչքի շարժման օգնությամբ կարող են ակտիվ լինեն համացանցում»:

13 տարիների ընթացքում կազմակերպությունը միշտ ակտիվ է եղել բազմաբնույթ ծրագրեր է հասցրել իրականացրել այս ոլորտում և արդեն մի շարք ձեռքբերումներ ունի, որոնցից մեկն էլ «Ունիսոն Ստուդիոն» է:

Պրն. Ալավերդյանի խոսքով՝ Ստուդիոն հենց hitech ոլորտում է ծավալում գործունեությունը, այնտեղ հավաքվել են բարձրակարգ մասնագետներ, ովքեր ունեն հաշմանդամություն եւ տրամադրում են ֆոտո եւ վիդեոյի հետ կապված ցանկացած բարձրորակ ծառայություն: Մասնագետները չորսն են, մարդիկ որ իրական լուսանկարները դարձնում են վիրտուալ և համոզված են, որ դա հրաշքի պես մի բան է.

«Չկա մի ընտանիք, որ չունենա հին, սովետական ժամանակներում կատարված սեւ, սպիտակ, բայց շատ վատ վիճակում պահվող, դեղնող եւ փչացող լուսանկարներ, եւ միայն մեզ մոտ է հնարավոր դրանք հաշված ժամերի ընթացքում դարձնել թվային»:

Տղաները ոչ միայն ֆոտոարխիվն են թվայնացնում, այլ նաև տեսանյութեր են մոնտաժում եւ կայքեր ստեղծում: «Ունիսոնի» գործունեության երկրորդ ուղղությունը հայկական ինտերնետ-ռեսուրսների զարգացումն է: Հենց նրանք են ստեղծել Արամ Խաչատրյանի և Կոմիտաս Վարդապետի վիրտուալ թանգարանները։

Արմեն Ալավերդյանի համոզմամբ նոր տեխնոլոգիաներն ու ինովացիոն մոտեցումները հաշմանդամներին օգնում են այն դեպքերում, երբ նրանք ինքնավստահ են մտնում այս աշխարհ:

«IT ոլորտը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը կարող է փոխել»:

Ու թեև դեմ է վիրտուալ շփումներին և համոզված է, որ իրականից լավը չկա՝ բայց չի էլ անտեսում սոցհարթակների դերը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: