Հայերեն   English   Русский  

​Ռոբերտ Աթոյան. մեծ գիտնական, որի շնորհիվ խորհրդային զինված ուժերը մրցունակ էին ու հզոր


  
դիտումներ: 2210

Հայ գիտական աշխարհը դեկտեմբերի 7-ին հրաժեշտ տվեց խորհրդային ժամանակակաշրջանի և անկախ Հայաստանի ամենավառ ներկայացուցիչներից մեկին` հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի բնագավառի գիտնական, ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի հանրային խորհրդի անդամ, ՀՍՍՀ պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր Ռոբերտ Աթոյանին:

Նոյեմբերի 29-ին լրացավ անվանի գիտնականի 80-ամյակը, 5 օր անց` դեկտեմբերի 4-ին, նա մահացավ:

Աթոյանի գործունեությանը մասնագիտական գնահատական տալու համար թերևս գիտական լուրջ ուսումնասիրություն պետք է անցկացնել, սակայն այսօր մենք կփորձենք հանրությանը քիչ թե շատ ներկայացնել գիտնականի ունեցած դերակատարությունը Հայաստանում և ողջ Խորհրդային միությունում գիտության զարգացման գործում` մասնավորապես խորհրդային զինված ուժերում հաշվողական մեքենաների և ավտոմատացված համակարգերի ստեղծման ու ներդրման տեսանկյունից:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հարությունյանը Ռոբերտ Աթոյանի հետ աշխատել է 1968-1992 թվականներին, իսկ 1980 թվականից եղել է նրա առաջին տեղակալը: Առաջին բանը, որ Աթոյանի մասին ասում է, հետևյան է. «Հզոր մենեջեր էր, արտակարգ սկզբունքային ղեկավար և գործի մեջ իր համար բացարձակապես նշանակություն չուներ ո´չ բարեկամական կապը, ո´չ ընկերական: Նա մի խոսք ուներ` աշխատանքային անհրաժեշտություն, և եթե աշխատանքը պահանջում է, ուրեմն պետք է անել ամենաբարձր մակարդակով: Մարդ, որ աշխատանքով ապրում էր, առավոտվա ժամը 8-ից մինչև ուշ երեկո աշխատավայրում էր»:

Հարությունյանը հիշում է այն տարիները, երբ Մոսկվայից Հայաստանին էր վստահվել մի շատ կարևոր ծրագրի իրականացում` Խորհրդային միության զինված ուժերի ավտոմատացման հաշվողական մեքենաների համակարգերի ստեղծումը: «Այդ ամենաբարդ համակարգերի նախագծման ժամանակ մենք միասին անգամ գիշերներ ենք անցկացրել,-հիշում է գործընկերը,-այդ աշխատանքը բարձր մակարդակով ներկայացնելը Հայաստանի համար նաև պատվի հարց էր, քանի որ Խորհրդային միության մյուս երկրների կողմից կար մտավախություն` արդյոք Հայաստանը դա կարող է անել: Խոսքը «СВК» մասնագիտացված հաշվողական համալիրի մասին էր, որի նմանը չկար ոչ միայն Խորհրդային միությունում, այլև աշխարհում: «Բոլորի հույսն այն էր, որ դա պետք է դառնա այն հիմնաքարը, որի վրա կառուցվելու էին Սովետական միության զինված ուժերի ավտոմատ համակարգերը, և դա վստահված էր մեզ` Աթոյանի գլխավորությամբ: Անգամ քննարկումներ էին գնում, թե արդյոք կարելի է այդ գործը հանձնարարել ծայրամասում գտնվող Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտին, երբ գոյություն ունեն կենտրոնական ավելի հզոր ինստիտուտներ: Հայաստանն այդ գործը պատվով կատարեց, և դա` շնորհիվ Ռոբերտ Աթոյանի: Մենք ապացուցեցինք, որ մեր ինստիտուտն իր գիտական պոտենցյալով, իր աշխատունակությամբ ոչ միայն չի զիջում առաջատարներին, այլ որոշ հարցերում անգամ գերազանցում է»:

Այդ աշխատանքի համար Աթոյանն արժանանում է ՀՀ պետական մրցանակի, Համլետ Հարությունյանը դառնում է Համամիութենական լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր:

Ավելի ուշ դրա հիման վրա ստեղծվում է ավտոմատացված «Սևան» մասնագիտացված հաշվողական համալիրը: Դա նույնպես խորհրդային միության զինված ուժերի ավտոմատացման գործընթացում հսկայական դերակատարություն է ունենում, և Խորհրդային միությունը դառնում է մրցունակ անգամ աշխարհի առաջատարը համարվող Միացյալ նահանգների հետ, որի ռազմական ուժերում նույնպես նման համակարգեր գոյություն ունեին: Այդ աշխատանքի համար Աթոյանն արժանանում է Լենինյան մրցանակի, որը մեծ պատիվ էր ողջ Հայաստանի համար: «Չլիներ Աթոյանը, այդ համակարգերը չէին լինի` անգամ, եթե մենք ունենայինք նույն գիտական պոտենցյալը,-ասում է Հարությունյանը ու հավելում,-սովետական միությունը քանդվեց, բայց այդ համակարգերը մնացին և իրենց հզորության, ճկունության շնորհիվ դեռևս արդիական են»:

Հրաժեշտ տալով ավագ գործընկերոջը` Համլետ Հարությունյանը մեծ ցավ է ապրում, որ այսօր նրա գործը շարունակողներ գրեթե չկան: «Ցավոք, մենք կորցրեցինք այդ հզոր պոտենցյալը, այդ թիմը, որ նա հավաքել էր: Բոլորնարդեն 60-70-նն անց գիտնականներ են, և ցավոք սերնդափոխություն տեղի չի ունեցել: Այսօր, հրաժեշտ տալով Աթոյանին, ես հրաժեշտ եմ տալիս սովետական էպոխային»:

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանն առանձնացնում է Աթոյանի սկզբունքայնությունն ու նշում, որ դա գալիս էր նրա կյանքի փորձից և նրա գործունեությունից, որն առնչվում էր չափազանց պատասխանատու աշխատանքի հետ. աշխատանք, որտեղ չէր կարելի թույլ տալ որևէ սայթաքում, սխալ հաշվարկ ու չնախատեսված քայլ: «Այն ժամանակ, երբ մեզ վստահվեց նման կարևոր գործեր կատարել, դա նաև առիթ էր, որպեսզի աշխարհին ներկայանայինք ոչ միայն մեր մշակույթով, մեր հնություններով, այլև մեր գիտական ներուժով: Դրա համար այն ամենն, ինչ մեզ հանձնարարվում էր, կատարում էինք ամենաբարձր մակարդակով: Իսկ Աթոյանը, որն այդ աշխատանքների կազմակերպիչն էր, այնքան պատասխանատու էր, որ պրակտիկորեն աշխատում էր երկու հերթով` առավոտից մինչև ուշ երեկո` չհաշված հսկայական ծավալի գործուղումները»:

Քուչուկյանն ընդգծում է, որ այդ ամբողջ տարիների ընթացքում չի եղել մի դեպք, որ խոշոր ավտոմատ կառավարման ստորաբաժանմանը հանձնարարված աշխատանքը տապալվի. «Նա հիանալի կարողանում էր կազմակերպել աշխատանքը, մարդկանց հետ ճիշտ աշխատել, և ես դա համարում եմ Աթոյանի ամենակարևոր արժանիքներից մեկը»:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանն ակադեմիկոս Աթոյանին համարում է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի կայացման գործին նպաստ բերած կարևորագույն անձանցից մեկը, որի վաստակն անգնահատելի է Հայաստանում հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման գործում: «Դրանք հատուկ համակարգեր էին, որոնք պահանջում էին արագագործություն, հուսալիություն, նոր մոտեցումներ: Իսկ Աթոյանը նաև շատ նպատակասլաց մարդ էր, ուներ իր սկզբունքները: Երբ նա սկսեց այդ խնդիրներով զբաղվել, իր շուրջը բավականին լավ թիմ ձևավորվեց: Հետագայում նա հիմնեց ավտոմատացված համակարգերի ինստիտուտը: Նա մեծ կապեր ուներ ռուսական հաշվողական տեխնիկայի ոլորտի ընկերությունների հետ, միշտ իրադարձությունների կենտրոնում էր»:

Շուքուրյանը եղել է Աթոյանի ուսանողը, երբ վերջինս տակավին երիտասարդ` 50-ականների վերջին, 60-ականների սկզբին դասախոսում էր պոլիտեխնիկական ինստիտուտում: «Նա ոչ միայն հիանալի դասախոս էր, այլև լավ սպորտսմեն, զբաղվում էր գիմաստիկայով, Հայաստանի հավաքականի անդամ էր»,-ժպիտով հիշում է Շուքուրյանը:

Ի տարբերություն այն տեսակետի, թե խորհրդային ժամանակաշրջանի կարկառուն գիտնականների`այդ թվում նաև Ռոբերտ Աթոյանի գործը շարունակողներ չկան, Շուքուրյանն ավելի լավատես է և կարծում է, որ այսօր Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունի բավականին մեծ ռեսուրսներ ու առաջընթաց, ինչը առաջին հերթին այդ գիտնականների կողմից ստեղծած դպրոցի արդյունքն է:

Ռոբերտ Աթոյանը ոչ միայն մեծ համբավ էր վայելում գիտնականների և ինժեներների շրջանում, այլ նաև ՀՀ Հանրային խորհրդի ամենաազդեցիկ անդամներից էր, որի խոսքը միշտ որոշիչ դեր էր ունենում որոշումների կայացման գործում: Նա ոչ միայն բարձրակարգ գիտնական էր, այլև մտավորական` բառիս ամենախորը իմաստով, որը չնայած պատկառելի տարիքին, ուներ թարմ միտք, առաջադեմ ու արդիական գաղափարներ:

Նա դեռ շատ ասելիք ուներ այսօրվա հասարակության…

Անի Գասպարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: