Հայերեն   English   Русский  

Ձմռանը ծաղկող բույսեր. լուսանկարներ


  
դիտումներ: 12751

Ամանորին բոլորն իրենց բնակարանները զարդարում են տոնածառով, փայլուն ծաղկաշղթաներով, հեքիաթային հերոսների խաղալիքերով և այլն: Սակայն բնակարանի գլխավոր զարդը միշտ մնում են ծաղկող բույսերը, որոնք ձմռանն առավել մեծ ուրախություն են պարգևում մեզ և զարմացնում ինչպես երբեք: Գրում է Florets.ru.-ն:

Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս, կամելիա, շքանարգիզ (հիպեաստրում), սոխակավոր բույսեր ձեռք բերեք: Սակայն ձմռանն առավել հաճախ վաճառվող տնային բույսերից են գուզմանիան և վրիեզիան:

Պուանսետիա` Սուրբ Ծնունդի հնագույն խորհրդանիշ

Արդեն դեկտեմբերից սկսվում է պուանսետիայի շրջանը: Սուրբ Ծննդյան աստղ հիշեցնող փարթամ, խիտ և կարմիր տերևներով պուանսետիան ավանդաբար ծաղկում է Սուրբ Ծնունդի նախօրեին: Այս բույսն ուղղակի հիասքանչ նվեր է Ամանորի համար:

Զիգոկակտուս դեկաբրիստ

Այս գեղեցիկ, հյութալի բույսը ևս ծաղկում է Սուրբ Ծնունդի նախաշեմին: Խոնավություն սիրող կակտուսներից ամենատարածվածը դեկաբրիստն է, որն այդպես կոչվում է ձմռանը ծաղկելու պատճառով: Մինչև 6-8 սմ. երկարության հասնող վարդագույն, մորեգույն կամ մուգ կարմիր ծաղկաբույլերը բույսին չափազանց դեկորատիվ տեսք են հաղորդում: Զիգոկակտուսն առատորեն ծաղկում է ձմռանը, իսկ ամռանը հանգստի շրջանում է գտնվում:

Կամելիա

ձմռանը ծաղկող բույսեր

Կամելիան սենյակային ամենագեղեցիկ բույսերից մեկն է: Այն ծաղկում է նոյեմբերից մինչև մայիս ամիսներն ընկած ժամանակահատվածում ` կախված տեսակից: Այս բույսը չափազանց քմահաճ է ջերմաստիճանի, լուսավորության և օդի խոնավության հարցերում: Այս բույսի սիրահարներից մեծ համբերություն և հոգատար վերաբերմունք է պահանջվում:

Լեռնավարդ

ձմռանը ծաղկող բույսեր

Լեռնավարդը Չինաստանում և Ճապոնիայում միշտ երկար և հաջող կյանքի խորհրդանիշ է համարվել, իսկ վերջին ժամանակներս Եվրոպայում այն սկսել են բնակարանին երջանկություն են բերող բույս համարել: Լեռնավարդը ծաղկում է հոկտեմբերից ապրիլ ամիսներն ընկած ժամանակահատվածում` այսինքն հենց ձմեռային տոների ընթացքում: Այժմ այս գեղեցիկ ծաղկող բույսերը մեծ ժողովրդականություն են վայելում: Հայտնի է այս բույսի ավելի քան 500 տեսակ: Լեռնավարդը ցանկալի է լուսավոր, զով, առանց ուղիղ արևի ճառագայթների որևէ վայրում դնել: Այս բույսը չի կարողանում կենտրոնական ջեռուցման մարտկոցների հարևանությամբ գտնվել, քանի որ ծաղիկները սկսում են թոշնել, իսկ տերևները թափվել: Բոլոր կանոններին հետևելու դեպքում այս բույսերն անկասկած ձեզ չեն հիասթափեցնի: Իսկ համապատասխան լուսավորության բացակայության դեպքում այս բույսերի կոկոններն ուղղակի կարող են չբացվել:

Պարսկական ցիկլամեն

Ցիկլամենը ձմռանը ծաղկող ամենագեղեցիկ բույսերից է: Ծաղկում է հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում: Սակայն այս բույսը ցանկալի է ձեռք բերել աշնանը, այլ ոչ թե ձմռանը` ընտրելով այնպիսին, որի վրա կոկոնները շատ են: Այս բույսը հարկավոր է զով պայմաններում պահպանել (15-18 ջերմաստիճան): Իսկ եթե սենյակում շատ տոթ է, ապա հարկավոր է ծաղկամանի տակ պարբերաբար սառույցի կտորներ դնել:

Բեգոնիա

բեգոնիա

Բեգոնիան բոլորի կողմից սիրված բույսերի թվին է պատկանում և գնահատվում է իր գեղեցկության և ծաղիկների հարստության շնորհիվ: Այն ձմռանն է ծաղկում, իսկ որոշ տեսակներ ճիշտ պայմաններում կարող են անդադար մի քանի ամիս շարունակ ծաղկել: Բեգոնիայի տերևները ամբողջովին միագույն չեն, դրանք հիմնականում շատ բազմազան ու բազմերանգ են. մուգ կանաչ՝ բաց կանաչավուն երակներով, բոսորագույն՝ արծաթագույն կարմիր երանգով և այլն: Տերևի արտաքին տեսքը նույնպես միաձև չի. այն ասիմետրիկ է և տարբեր տեսակների մոտ տարբեր արտաքին ունի՝ ալիքաձև կամ կտրտված: Ծաղիկները տարբեր տեսակների մոտ կիսալիաթերթ են կամ լիաթերթ բազմերանգ գույներով:

Սոխուկավոր բույսեր

ձմռանը ծաղկող բույսեր

Ձմռանը ծաղկող բույսեր աճեցնելն այնքան էլ բարդ չէ, եթե նախընտրեք այնպիսի սոխուկային բույսեր, ինչպիսիք են` հակինթը (հիացինտ), քրքումը, նարգեսը, վարդակակաչը, հիրիկը և այլն: Սակայն հարկավոր է ձեռք բերել այնպիսի սոխուկներ, որոնք հատուկ նախատեսված են ավելի վաղ ծաղկելու համար: Այս բույսերը տնկելու համար լավագույն ժամանակաշրջանը սեպտեմբերն է: Տաք բնակարանի պայմաններում սոխուկները սկսում են զարգանալ, սակայն որպեսզի դրանք ծաղկեն անհրաժեշտ է որոշ ժամանակ սոխակները զով պայմաններում պահել: Վաճառքում կան նաև արդեն անհրաժեշտ ջերմաստիճանի պայմաններում պահված պատրաստ սոխուկներ: Դրանց սաղմնային ծաղիկն արդեն բավականաչափ զարգացած է:

Որպես կանոն մեծ չափսի սոխուկները նաև խոշոր ծաղիկներ են խոստանում: Սոխուկները տնկելուց հետո ծաղկամանը հարկավոր է որևէ մութ սենյակում պահել, մինչև այն սկսի ծիլ տալ: Այս բույսերը հարկավոր է պարբերաբար ջրել: Երբ բույսերի երկարությունը 2,5 սմ-ի հասնի, ապա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ դրանք հարկավոր է լուսավոր սենյակ տեղափոխել:

Սոխուկներից ակտիվորեն կսկսեն տերևներ աճել, իսկ որոշ ժամանակ անց կսկսեն կոկոններ աճել: Բոլոր կանոններին ճիշտ հետևելու դեպքում տոների ընթացքում արդեն կարող եք գեղեցիկ ծաղկած բույսեր կամ նույնիսկ ծաղկեփունջ ունենալ:

Հակինթ (հիացինտ)

ձմռանը ծաղկող բույսեր

Ձմռանն այս գեղեցիկ բույսի ծաղիկների նուրբ հոտը վայելելու համար խորհուրդ է տրվում ճիշտ ժամանակին զբաղվել դրանց խնամքով:

Հակինթն ունի միաթերթ և լիաթերթ, զանգակաձև, բուրավետ, տարբեր գույնի ծաղիկներ, որոնք խիտ կամ նոսր դասավորված են տերևներով` շրջապատված ծաղկակոթունի վրա։

Հիպեաստրում

ձմռանը ծաղկող բույսեր

Այս բույսը հաճախ սենյակային շուշան են անվանում: Այս գեղեցիկ սոխուկավոր բույսերը կարող են ծաղկել Սուրբ Ծնունդի և Ամանորի նախաշեմին կամ մի փոքր ավելի ուշ` կախված սոխուկը տնկելու ժամանակահատվածից:

Եթե նոյեմբերին սոխուկը տնկեք, ապա Ամանորի նախաշեմին այն կարող է հիացնել ձեզ իր գեղեցկությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: