Հայերեն   English   Русский  

​Ինչ են սիրում հոդերը


  
դիտումներ: 13375

Շատերը, «արթրոզ» ախտորոշումը լսելով` սարսափում են` պատկերացնելով շարժումների սահմանափակում կամ, որ ավելի ահավոր է, «կալանք» 4 պատի մեջ, հաշմանդամություն: Ինչո՞ւ, որովհետև արթրոզը կամ հոդաբորբը նորմալ շարժումը խոչընդոտող ցավ է:

Երբեք էլ հուսահատվել պետք չէ: Այդ վատ սցենարներն իրականություն կարող են դառնալ, եթե ժամանակին բուժում ու համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն: Իսկ եթե ինքներս մեզ սիրելով ու հարգելով` ժամանակին հոգ տանենք, ապա մռայլ սցենարները պարզապես տեղ չեն գտնի մեր կյանքում: Իսկ դրա համար պետք է իմանալ, թե ասենք` ինչ են սիրում մեր հոդերը,

և ինչպես է ֆիզիկական ակտիվությունն ազդում օրգանիզմի վիճակի վրա
Հոդը երկու կամ մի քանի ոսկրերի շարժուն միացություն է, որի մակերեսը ծածկված է կռճիկային հյուսվածքով: Այն երկու կարևոր գործառույթ է կատարում. թույլ է տալիս ոսկրերին մեկը մեկի նկատմամբ սահուն շարժվել ու մեղմացուցիչ դեր է կատարում շարժման ժամանակ: Դրա շնորհիվ է, որ առողջ հոդը դիմանում է մեծ ծանրություններին:
Արթրոզի դեպքում կռճիկային հյուսվածքն աստիճանաբար քայքայվում է, ու դրա հետ հոդի հնարավորությունները նույնպես նվազում են: Եթե այդ հանգամանքը հաշվի չառնվի ու ծանրաբեռնվածությունը հոդերի վրա շարունակվի, ապա հիվանդությունը շատ արագ կզարգանա: Ուստի, երբ «արթրոզ» է ախտորոշվում, ապա պետք է հոդի աշխատանքը հնարավորինս թեթևացնել:
Եթե «տուժածը» ծնկի կամ կոնքազդրային հոդն է, ապա պետք է հրաժարվել ծանրություն բարցրացնելուց, վազքից, թռիչքից, ծալած ծնկներով նստելուց: Որոշ դեպքերում նույնիսկ քայլքի համար առաջարկվում է ձեռնափայտ օգտագործել բեռնվածությունը թուլացնելու նպատակով: Եթե ախտահարված են ձեռքի մատները, ապա չի կարելի մանր գործեր կատարել, ասենք`քամել սպիտակեղենը…
Սակայն դա ամենևին չի նշանակում, որ արթրոզով հիվանդի կյանքում ընդհանրապես շարժում չպիտի լինի: Հակառակը, տուժած ներհոդային կռճիկը խիստ սնման կարիք ունի: Ու դա հնարավոր է ապահովել, եթե հոդի շրջանում արյան լավ մատակարարում լինի: Դրա համար ակտիվություն է պահանջվում: Հատուկ գիմնաստիկան, քայլքը հարմար ընթացքով կամ լողը պետք է հաստատուն տեղ ունենան ձեր կյանքում: Ամեն օր նշված զբաղմունքներից մեկնումեկին 30-40 պետք է հատկացնել: Սակայն ասվածը վերաբերում է միայն այն ժամանակաշրջանին, երբ ցավերը մեղմացել են, քանի որ ցավով որևիցե աշխատանք կատարելն արդեն տառապանք է:
…Եթե հետևում եք քաշին
Եթե արթրոզով հիվանդն ավելորդ քաշ ունի, ապա նրան անպայման խորհուրդ են տալիս նիհարել: Ինչու՞: Որովհետև ավելորդ քաշը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում հոդերի համար, ընդ որում, ոչ միայն շարժման ժամանակ, այլև, երբ կանգնած ենք կամ նույնիսկ նստած: Ավելորդ քաշը նպաստում է հիվանդության խորացմանը: Իսկ ավելորդ կգ-ներից ազատվել պետք է աստիճանաբար, խուսափելով խիստ սննդակարգերից: Դրանց ֆոնին օրգանիզմը չի ստանում սննդարար նյութեր, իսկ կռճիկը զրկվում է իր բջիջների վերականգնման համար անհրաժեշտ բաղադրիչներից:
Հետևաբար, պետք է սկսել քաղցրի, շոկոլադի, յուղոտ մսի, երշիկի ու նրբերշիկի քանակի սահմանափակումից: Դրանք թերևս ամենակալորիական մթերքներն են, որոնք, ավաղ, դժվար է սննդարար անվանել: Օրաբաժնում պետք է ավելացնել բանջարեղենն ու ձկնամիսը, հատկապես` օմեգա- թթուներով հարուստ տեսակներով: Անհրաժեշտ է կաթնամթերք օգտագործել, քանի որ դրանցում առկա կալցիումն ամրացնում է ոսկրերը, իսկ դա բարերար է ազդում հոդերի ընդհանուր վիճակի վրա:
… երբ ոչ թե աշխատում եք ցավից ազատվել, այլ իսկապես եք բուժվում
Արթրոզով հիվանդ մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ հիվանդությանն ուշադրություն են դարձնում միայն դրա սրացման շրջանում, ցավի ժամանակ: Իսկույն գործի են դրվում ցավազրկողներ, տաքացնող քսուքներ, թրջոցներ ու ժողովրդական այլ միջոցներ: Ու հենց ցավը մեղմանում է, ասես խնդիրը վերանում է ընդմիշտ: Սակայն բանն այն է, որ կռճիկի քայքայման պրոցեսն ընթանում է առանց ընդմիջման, նույնիսկ եթե ցավ չկա: Ուստի պետք է հիմնական խնդիրը դարձնել ոչ թե ախտանշանները վերացնելը, այլ հիվանդությունը կասեցնելը: Քանի որ բարձիթողի հիվանդության դեպքում սրացման փուլերը հաճախանում են, կիրառվում են զանազան դեղամիջոցներ, երբեմն` երկարատև, որոնք կկանխեն կռճիկի հետագա քայքայումը:
Կարևոր է, որ մարդը լիարժեք կյանքով ապրի` չնայած արթրոզին: Դա հնարավոր է, եթե հիվանդությունը հաջողվի հայտնաբերել ու բուժել դեռևս 1-2-րդ փուլերում: Բանն այն է, որ հիվանդության զարգացման 3-րդ կամ 4-րդ փուլերում կռճիկն ամբողջությամբ քայքայվում է, ու հիվանդին օգնել հնարավոր է լինում միայն էնդոպրոթեզավորմամբ, այսինքն` հոդը փոխարինելով արհեստականով: Դա, իհարկե, հիվանդությունից վերջնականապես ազատում չի նշանակում, քանի որ մի շարք հակացուցումներ ունի, ասենք` հասուն տարիքը, ավելորդ քաշը: Ուստի, ինչպես գիտենք, ավելի լավ է կանխել հիվանդությունը: Իսկ դրա համար նախ հարկավոր է այն վաղ հայտնաբերել: Դրա համար պետք է ուշադրություն դարձնել.
- եթե երեկոյան աշխատանքից կամ մարզումներից հետո հոդերը ցավում են ու հանգիստ առնելուց հետո ցավն անցնում է,
- եթե առավոտյան հոդերում կաշկանդվածություն կա, իսկ շաժումներն էլ սահմանափակ են, իսկ կես ժամ անց, երբ սկսում եք շարժվել ու այդ վիճակն անցնում է, ապա պետք է դիմել մասնագետի:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: