Հայերեն   English   Русский  

Եզան Լեզու Մեծ-Plantago major l-Подорожник большой


  
դիտումներ: 9386

Հայկական տարանուններն են`գաղտիկ,գաղտիկուր,գառնալեզու, եզնալեզու,

լեզվախոտ, լեզվակ, կաթնկոռնի,ճղաթփիկ, մալի լեզու, ջղաթուփ, ջղախոտ:

Դեղաբույսի նկարագրությունը. Ջղախոտազգիների ընտանիքին պատկանող, 10-40սմ բարձրության բազմամյա խոտաբույս է, 3-9 խոշոր, ձվաձև տերևներով: Հասկը պարզ է, գլանաձև, պտուղը տուփիկ`8-10 սերմիկներով: Տարածված են բույսի մեծ, միջին, նշտարաձև և այլ տեսակներ, որոնցով շատ հարուստ է Հայաստանը: Բույսը բազմանում է սերմերով, ծաղկում է մայիս հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին: Բույսը աճում է ամեն տեղ, սակայն մի փոքր պահանջկոտ է խոնավության նկատմամբ:

Բույսի լատինական անունը նշանակում է ուղեկից, քանի որ եզան լեզվի սերմերը տարածվում են կոշիկին կպած հողի հետ, այսպես ասած ուղեկցում են մարդուն:

Եզան Լեզու, սերմ

Քիմիական բաղադրությունը. Տերևներում հայտնաբերված են ինդիկանային աուկուբին գլիկոզիդը, դառը և դաբաղիչ նյութեր, կարոտին, C և K վիտամիններ, ֆլավոնոիդներ,մաննիտ, սորբիտ, կիտրոնաթթու, օլեինաթթու, պանտոտենաթթու, ադեին, ֆիտոնցիդներ, սերմերում մինչև 44 տոկոս լորձ, մոտ 22 տոկոսճարպայուղ, ածխաջուր, ստերոիդ սապոնիններ, ֆակտոր T, որը բարձրացնում է արյան մակարդելիությունը:

Բուժական նշանակությունը.Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերևներն ու սերմերը, որոշ դեպքերում նաև արմատը:

Տերևները հավաքում են կոթուններով, ծաղկման սկզբից մինչև բույսի թառամելը, չորացնում են բարակ շերտերով միջանցիկ քամու տակ, դրանք օգտագործման համար պիտանի են մինչև երկու տարի: Սերմերը հավաքում են լրիվ հասունանալուց հետո: Եզան լեզուն ժողովրդական բժշկության մեջ ունի շատ հին պատմություն: այն օգտագործում են բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ: Դեռևս հին հույներն ու հռոմեացիները բույսի սերմերն օգտագործել են դիզինտերիայի ժամանակ: Ավիցեննան նշում է եզան լեզվի բոլոր տեսակների օգտակարությունը վերքերի, ուռուցքների, խրոնիկական չարորակ խոցերի, աչքերի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ: Նա բույսի տերևահյութը և սերմերը հաջողությամբ օգտագործել է ականջաբորբ, լնդերի ախտահարման, արյունախխումների և արյունային փսխումների ժամանակ`դեղամիջոցը խառնելով վարդաջրի և նույնատիպ ներգործող այլ դեղաբույսերի հետ:

Մխիթար Հերացին որպես փափկացնող միջոց բույսի սերմերն օգտագործել է հազի և արյունախխումների ժամանակ: Նա նշել է լուծերի դեպքում տրորված սերմերի լավ ներգործության մասին: Տերևահյութի և սերմերի ներգործությունը ավելի կատարյալ դարձնելու համար, Հերացին դրանք խառնել է գազի խեժի և օձագալարի հետ: Քսուքի ձևով բույսի հյութն օգտագործել է արտաքին ձևով կարմիր քամու և ֆլեգմոնիայի ժամանակ: Տարբեր բնույթի ջերմերի և աղիքային հիվանդությունների դեպքում նա դեղաբույսն օգտագործել է թե ներքին ընդունման և թե հոգնայի ձևով: Դեղաբույսի ազդման վերաբերյալ հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը: Բույսը կիրառվում է նաև չինական, հնդկական ժողովրդական բժշկության մեջ, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Հայկական ժողովրդական բժշկության մեջ ընդունված է տերև խորասուզել եռացող ջրի մեջ և դնել բորբոքված հոդի, նյարդի, մատնաշնչով ախտահարված մատի, ֆուրունկուլի վրա և այլն: սեմերը թրջում են 3-10 անգամ ավելի քանակով տաք ջրի մեջ, տրորում և կոմպրեսի ձևով դնում բորբոքված աչքերին: Ստամոքսի քաղցկեղի դեպքում տերներից պատրաստում են բանջարապուր, տերակոթերից` թեյ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: