Հայերեն   English   Русский  

​Մերօրյա հերոսների սխրագործությունները` մեկ գրքում


  
դիտումներ: 11550

Շարքային հայաստանցու անդորրը հսկող և խաղաղ կյանքն ապահովող հերոսներին նվիրված գիրքն արդեն հասանելի է հանրության լայն շրջանակներին: Լույս է տեսել Էդգար Էլբակյանի «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը: Այն տպագրության է պատրաստել ««Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

«Պատերազմը չի ավարտվել, շարունակվում է, ցավալիորեն շարունակում ենք նաև պատերազմական զոհեր ունենալ, որոնք հաճախ ընկնում են հերոսական մահով և ոչ պակաս հերոսական, քան այն կերպարները, որոնց մասին տեղեկանում ենք պատմության դասագրքերից: Որոշեցինք, այսպես ասած, մեր կողմից գրել դասագրքի այդ հատվածը»,- գրքի մտահղացումն այսպես է հիմնավորում հեղինակ Էդգար Էլբակյանը:

Գիրքը երեք բաժիններից է բաղկացած: Առաջինում հեղինակն անդրադառնում է 1988-1994 թթ. հայ-ադրբեջանական պատերազմին` ներկայացնելով պատերազմի շրջափուլերն ու իրադարձությունները` ըստ ժամանակագրության, և դրանց հետագա նշանակությունը:

Գրքի երկրորդ հատվածում Էլբակյանը ներկայացնում է 2014-ից սկսված նոր իրողությունը հայ-ադրբեջանական սահմանում` կետ առ կետ քննելով ստեղծված իրավիճակի ադրբեջանական դրդապատճառները և նպատակները:

«Մենք մեր առջև չափելի խնդիր էինք դրել, այդ է պատճառը, որ հետազոտվել են այս շրջանները: Բնավ չի նշանակում, որ 1994-2014 թթ. ընթացքում չեն եղել դիրքային մարտեր, պատերազմն այսպես թե այնպես շարունակվել է, բնականաբար նաև հերոսներ ենք ունեցել այդ պատերազմում: Պարզապես խնդիր չէինք դրել վերլուծելու ողջ հետհրադադարյան իրականությունը, մեր խնդիրն է եղել քննել վերջին երկու տարիների իրադարձությունները, երբ պատերազմը հասավ առավել թեժության»,- ասում է Էլբակյանը:

Իսկ արդեն գրքում հեղինակն Ադրբեջանի վարած քաղաքականությունն այսպես է մեկնաբանում. «1994 թ. տանուլ տալով պատերազմը և 1990-ականների վերջին ու 2000-ականների սկզբին չկարողանալով շոշափելի հաջողության հասնել նաև դիվանագիտական ասպարեզում՝ Ադրբեջանը որդեգրեց պատերազմի նոր տրամաբանություն՝ դիպուկահարների պատերազմ, դիրքային պատերազմ, դիվերսիոն հարձակումներ, գյուղերի և առհասարակ խաղաղ բնակչության թիրախավորում և այլն։ Թեև նմանատիպ գործողությունները մշտապես տեղ են ունեցել հետհրադադարյան ռազմաճակատային իրականության մեջ, այնուամենայնիվ, 2014 թվականից թե՛ քանակական, թե՛ նպատակադրումների առումներով դրանք ձեռք բերեցին որակապես նոր բովանդակություն: … Սրանով պարտված երկիրը փորձում է անկումային տրամադրություններ ստեղծել հայաստանյան բնակչության շրջանում՝ հաշտեցնելով վերջինիս զիջումների գաղափարին։ Միով բանիվ՝ Ադրբեջանի համար դիպուկահարների, ապա նաև դիվերսիոն պատերազմների հիմնական նպատակը հոգեբանական և հնարավորության դեպքում նաև ռազմական դաշտում պարտված կողմից հաղթող դառնալն է»:

Էդգար Էլբակյան

Վերջին երկու տարիների ռազմական գործողությունները վերլուծելուց հետո, Էլբակյանը գրքի երրորդ բաժնում` հուշամատյանում, անդրադառնում է սահմանապահ մերօրյա հերոսներին: Հեղինակն առանձնացրել է զոհված 10 զինծառայողների` ներկայացնելով նրանց կյանքը, ծառայությունը, սխրանքը և նրանց քաջության գնահատանքը, հարազատների ու ընկերների հուշերը նրանց մասին: Էլբակյանը նշում է, որ ընտրել է 2014-ին և 2015-ին զոհված ընդհանուր 10 հերոսների, որոնք նահատակվել են գիտակցաբար: Նա նշում է, որ սրանով բոլորովին չի ստվերվում սահմանին ընկած մյուս հայորդիների քաջությունը, նաև չեն փորձել ընտրությամբ սահմանել կամ որոշել հերոս ու ոչ հերոս լինելը:

«Ունեինք ծավալային սահմանափակումներ ու հասկանալի պատճառով նախորդ տարվա բոլոր մարտական կորուստներին անդրադառնալ չէինք կարող: Որոշեցինք ընտրել հենց թշնամու դեմ մարտում զոհվածներին»,- ասում է նա:

Գրքում անդրադարձ է կատարվում Արմեն Հովհաննիսյանին, որը զոհվեց 2014 թ. հունվարի 20-ին, Մարտակերտի շրջանում, Ազատ Ասոյանին և Արարատ Խանոյանին (զոհվել են 2014-ի հուլիսի 31-ին, Մարտակերտի շրջանում), Զորիկ Գևորգյանին (զոհվել է 2014-ի օգոստոսի 2-ին, Մարտակերտի շրջանում), Սարգիս Մովսիսյանին (վիրավորվել է 2014-ի օգոստոսի 2-ին, Մարտակերտի շրջանում, մահացել է օգոստոսի 3-ին), Վարդան Մկրտչյանին (զոհվել է 2015-ի հունվարի 3-ին, Ասկերանի շրջանում), Արշակ Հարությունյանին, Էդուարդ Հայրապետյանին, Հակոբ Խաչատրյանին և Սամվել Հակոբյանին (զոհվել են 2015-ի մարտի 19-ին, Մարտակերտի շրջանում):

«Խնդիր կար 2014-2015 թթ. պատերազմական գործողությունների ժամանակ թշնամու դեմ մղված մարտում զոհված մեր հերոս տղաներին հասարակության լայն շրջանակներին ճանաչելի դարձնել, ներկայացնել նրանց կյանքը և սխրանքը: Մեզանից յուրաքանչյուրը նրանց մասին պետք է իմանա, նրանց պիտի հիշի, չէ՞ որ ի վերջո նաև նրանց սխրանքի շնորհիվ է, որ մենք բոլորս այսօր խաղաղ ապրում ենք մեր հայրենիքում»,- խոսելով գրքի նշանակության ու արժեքի մասին` ասում է գրքի խմբագիր Ալվինա Աղաբաբյանը:

Նա նշում է, որ գիրքը նաև 2014-2015 թթ. ռազմական գործողությունների ամփոփ վերլուծությունն է, որտեղ ներկայացված է կապը հայ-ադրբեջանական պատերազմի 1988-1994 թթ. շրջափուլի հետ: Աղաբաբյանի կարծիքով, սակայն, գրքի մեծագույն արժեքն այն է, որ «մեր հերոսների օրինակով կմեծանան ու կդաստիարակվեն երիտասարդները, մեր հերոսների սխրանքը կոգևորի սահմանում կանգնած մեր զինվորներին»:

Հեղինակն էլ լիահույս է, որ այս հերոսների քաջությունները կհիշվեն ու կփոխանցվեն հետագա սերունդներին. «Ի սկզբանե այդ նպատակն ունեինք` գրքի միջոցով այդ տղաների սխրանքը հաջորդ սերունդներին փոխանցել, նրանց հիշատակը վառ պահել»:






Մեկնաբանություններ - 1

Daveigh     02.05.2016 worthless dribble and critic isms – who cares what you believe as most the sites and biz you rap on make billions inside actual planet macaltpekre site – do you?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: