Հայերեն   English   Русский  

2016 թվականի հունվարին Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները կչեղարկվեն


  
դիտումներ: 575

«Առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում Իրանը կսկսի գերտերությունների հետ ստորագրած միջուկային ծրագրի իրականացումը», - նշել է երկրի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հեռուստաուղերձի ընթացքում:

«Այժմ վստահ կարող եմ ասել, որ 2016 թվականի հունվարի սկզբին բոլոր պատժամիջոցները կհանվեն և աշխարհի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի»,- հավելել է նա:

Ռոհանին հեռուստաուղերձում «մեծ հաղթանակ» է անվանել Թեհրանի միջուկային ծրագրի աշխատանքների հետաքննությունն ավարտելու վերաբերյալ ՄԱԿ-ի միջուկային գործակալության որոշումը: Նա իր խոսքում նշել է, որ իր կառավարությունը ազատեց Իրանի տնտեսությունը պատժամիջոցներից:

Երեքշաբթի Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ասել էր, որ 2009 թվականից ի վեր Իրանում միջուկային զենքի զարգացման մասին վկայող հավաստի տվյալներ չեն եղել:

Նշենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեին հայտարարել էր, որ միջուկային ծրագրի գործարքին իր աջակցությունը կտա այն դեպքում, եթե էներգիայի միջազգային գործակալության ավարտի հետաքննությունը:

Ռոհանիի ելույթը համընկավ փետրվարի 26-ին կայանալիք Փորձագետների խորհրդի ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի հետ: Ռոհանին, ամենայն հավանականությամբ, կառաջադրի իր թեկնածությունը ընտրություններում:

Նշենք, որ Փորձագետների խորհուրդն է ընտրելու երկրի գերագույն առաջնորդին: Քվեարկությունը տեղի է ունենում յուրաքանչյուր ութ տարին մեկ:

Վերլուծաբանները սա համարում են ընտրություններին ընդառաջ խոշոր քաղաքական հաղթանակ Ռոհանիի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: