Հայերեն   English   Русский  

​Դատավորը հետաձգել է դատական նիստը Օմբուդսմենի ներկայացուցիչների փաստարկներից հետո


  
դիտումներ: 764

Փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է Օմբուդսմենին եւ փոխանցել, որ իր պաշտպանյալը նախկինում տառապել է տուբերկուլյոզով, եւ օրեր առաջ կալանավայրում նրա վիճակը կտրուկ վատացել է:

Այսօր Օմբուդսմենի ներկայացուցիչն ու բժիշկ փորձագետն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորին՝ ծանոթանալու նրա խնդիրներին ու առողջական վիճակին: Տեղում ուսումնասիրել են նրա բժշկական փաստաթղթերը եւ զրուցել բուժող բժշկի հետ:

Այնուհետեւ կալանավորի առողջական վիճակի մասին հենց իրենից տեղեկանալու նպատակով ցանակացել են հանդիպել կալանավորին, սակայն վերջինս այդ պահին գտնվել է դատարանում: Հաշվի առնելով կալանավորի առողջական վիճակն ու հետագայում հնարավոր սրացումները՝ Օմբուդսմենի աշխատակիցները գնացել են դատարան` կալանավորին տեսակցելու:

Դատավորը, հաշվի առնելով Օմբուդսմենի ներկայացուցիչների փաստարկները եւ հարցի հրատապությունը, հետաձգել է դատական նիստը` ապահովելու համար կալանավորի առանձնազրույցն Օմբուդսմենի ներկայացուցիչների հետ:

Փաստաբանի ներկայությամբ Օմբուդսմենի ներկայացուցիչները տեղեկացրել են կալանավորին, որ իր մոտ այս փուլում չի հաստատվել տուբերկուլյոզ, ախտորոշվել է քրոնիկ բրոնխիտ, եւ արդեն իսկ նշանակվել է համապատասխան բուժում, ու կարգավորվել է դեղորայքի տրամադրման հարցը:

Պաշտպանի ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ փաստաբանի՝ կալանավորին առանձին խուց տեղափոխելու հարցին, սակայն կալանավորը ստացած տեղեկություններից հետո հրաժարվել է մեկուսանալ խցակիցներից, քանի որ իր մոտ տուբերկուլյոզ չի ախտորոշվել:

Օմբուդսմենի աշխատակազմ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: