Հայերեն   English   Русский  

​«Նաիրիան». ինչպես ստեղծվեց հայկական ամենաբնական ու ամենաբուրավետ բրենդը


  
դիտումներ: 11251

«Ինչպես վեհաշուք կաղնին է աճում մանրիկ սերմնաբույսից, այդպես էլ ամեն մեծ բան սկսվում է փոքրից»: Այս միտքը կարդում եմ կոսմետիկ բնական միջոցներ արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության կայքում: Սա ընդամենը մի պարզ նախադասություն է, որի մեջ թաքնված է մի մեծ ու հետաքրքիր բիզնես նախագծի իրականացման պատմություն: Դրա մասին արժե իմանալ, գնահատել և դրանով հպարտանալ:

Հայկական ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող տնտեսության մեջ նման ընկերությունների մուտքն իսկական փարոս է: Իսկ օտարածին ու անհայտ բաղադրություններով լի կոսմետիկայի հսկա շուկայում մոլորված հայ կանանց ու աղջիկների համար` հրաշալի այլընտրանք: Չնայած իր համեմատաբար փոքր տարիքին` կարելի է ասել, որ «Նաիրիանն» արդեն կայացած բրենդ է և վստահ քայլերով իր արժանի տեղն է գրավում հայկական շուկայում, և ոչ միայն:

Իսկ ամեն ինչ սկսվեց Ամերիկայից վերադարձած ամուսինների սովորական ճանապարհորդությունից: Անահիտ և Արա Մարկոսյանները, որոնք 90-ականներին շատերի պես երկրից արտագաղթել էին Միացյալ Նահանգներ և ընդամենը մի քանի տարի առաջ են վերադարձել հայրենիք, ցանկանում էին որևէ գործ հիմնել: Ճանապարհորդելով Հայաստանի գողտրիկ վայրերով` նրանք ոչ միայն հիանում էին այն հարուստ և անզուգական բնաշխարհով, ինչպիսին չկա աշխարհի շատ վայրերում, որտեղ նրանք եղել էին, այլև զարմանում էին, որ այս անգնահատելի ռեսուրսը որևէ կերպ չի օգտագործվում արտադրության մեջ: Մինչդեռ, Եվրոպայում նման բուսական աշխարհը տնտեսության մի ողջ ճյուղ կարող էր դառնալ:

Ամուսինները որոշում են հենց այդ ռեսուրսն օգտագործել իրենց բիզնես գաղափարն իրագործելու համար. իսկ գաղափարն արդեն հասունացել էր` եթերային յուղերի արտադրություն: Բույսերի բազմազանությունը միակ արժեքավոր ռեսուրսը չէր այս գործում: Նրանք բարձր էին գնահատում նաև մասնագիտական այն ահռելի ներուժը, որ Հայաստանն ուներ խորհրդային ժամանակաշրջանում: Շուտով նրանք տարբեր մասնագետների` քիմիկոսների, տեխնոլոգների են ներգրավում գործի մեջ: Ժամանակի շունչն ապահովելու և նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու նպատակով Անահիտը մեկնում է ԱՄՆ և արոմաթերապիայի դասընթացների մասնակցում` ստանալով արոմաթերապևտի որակավորում:

2012 թ. բացում են եթերային յուղերի առաջին լաբորատորիան, որը տեղակայված էր խորհրդային տարիներից հիշատակ մնացած մի կիսաքանդ գործարանի երկու փոքրիկ սենյակում: Լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքերը հայթայթում են դարձյալ խորհրդային տարիներից մնացած գործարաններից, վերանորոգում են, թարմացնում և օգտագործում, քանի որ նորը գնելու համար մեծ գումարներ էին հարկավոր:

Ի դեպ, արոմաթերապիան արտասահմանում համարվում է այլընտրանքային բժշկության մի ճյուղ և շատ մեծ տարածում ունի: Հենց այդ ոլորտն էլ ամենաբարձրորակ եթերայուղերի հիմնական սպառողն է: Հայաստանում այն դեռևս պրոֆեսիոնալ մակարդակ և մեծ տարածում չունի, այդ իսկ պատճառով նրանց գլխավոր խնդիրը դրսի շուկա մուտք գործելն էր: Սակայն, աստիճանաբար, մտածում էին մի նոր գաղափարի մասին, որի դեպքում կրկին հիմնական դերակատարություն էին ունենալու Հայաստանի հրաշք բույսերն ու դրանցից ստացված յուղերը. դա բնական կոսմետիկայի արտադրությունն էր: Սա այն էր, ինչը կօգներ նաև գրավել տեղական շուկան, իսկ դրան զուգահեռ կշարունակվեր նաև եթերայուղերի արտադրությունը:

Անահիտը կրկին մեկնում է ԱՄՆ` արդեն կոսմետիկայի ոլորտում դասընթացների մասնակցելու նպատակով և վերադառնում հսկայական պաշարով, չնայած խոստովանում է, որ այս ոլորտում սովորելը վերջ չունի:

Եվ այսպես, հայկական անվանումը, նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը և իհարկե «յան» մասնիկը, որն արտերկրում մեր` հայերիս այցեքարտն է, միավորվում են` դառնալով «Նաիրիան» բրենդի հիմնաքարերը: Իսկ թե ինչու «իան», այլ ոչ թե «յան», որովհետև ՆԱԻՐԻԱՆ-ը երկու կողմից նույն կերպ է կարդացվում և հատկապես անգլերենի դեպքում տեսողական տեսանկյունից առավել գրավիչ է: Ընկերության լոգոյի հիմքում հայկական զարդանախշն է, որի կենտրոնական հատվածում ութանիշ աստղ է` պարուրված ծլարձակող բույսի ճյուղերով, որն ասես շարժման մեջ է և խորհրդանշում է բնության անվերջ վերածնունդը:

2014 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող Արա Մարկոսյանը հասկանալով, որ ընդամենը մի քանի տարի առաջ զուտ հետաքրքիր թվացող գաղափարը կամաց-կամաց դառնում է լուրջ գործ, որոշում է դուրս գալ աշխատանքից և կնոջ հետ լիովին նվիրվել բիզնեսի զարգացմանը:

Բնական կոսմետիկայի արտադրությամբ զբաղվելու համար նախ հարկավոր էր բնական և մաքուր միջավայր: Այդ պատճառով նրանք որոշում են մայրաքաղաքից ոչ շատ հեռու, սակայն բարձր լեռնային գոտում գտնվող բնակավայրում արտադրամաս հիմնել: Ընտրությունը կանգ է առնում Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի վրա. հրաշք մի բնակավայր, որտեղ ոչ միայն հիանալի սևահող կար, այլև էկոլոգիապես մաքուր օդ և բնական միջավայր: Այստեղ է տեղափոխվում ընկերության լաբորատորիան, իսկ անարատ սևահողում հենց իրենց ձեռքով աճեցնում են բազմաթիվ բույսեր, որոնք անհրաժեշտ էին կոսմետիկ միջոցների արտադրության համար: Մի նրբություն էլ. «Նաիրիանն» ընտրել էր բնությանը վնաս չհասցնելու գործելաոճը, իսկ Հայաստանում կան բույսեր, որոնց պոպուլյացիան, ըստ Անահիտի, վտանգված է, օրինակ՝ ուրցի, որն անխնա հավաքվում է:

Ստանում են մոտ 20 տեսակի եթերայուղեր, բացի դրանից, մոտ 10 տեսակի հիմնայուղեր, որոնք կոսմետիկ միջոցների մեջ զգալի տոկոս են կազմում: «Նաիրիանի» կոսմետիկ միջոցների մեջ ընդհանուր առմամբ օգտագործվում է մոտ 40 տեսակի բույս: «Նաիրիանն» արդեն մոտ 26 ապրանքատեսակ ունի` նախատեսված դեմքի, լոգանքների և մարմնի խնամքի, զգայուն մաշկի համար, հակատարիքային, հակակորյակային միջոցներ, ինչպես նաև օճառների լայն տեսականի: Անգամ տոնային քսուք են արտադրել, որն առայժմ մեկ երանգ ունի, սակայն աշխատանքներ են տարվում այլ երանգներ էլ ստանալու ուղղությամբ: «Ամենակարևորն այն է, որ մերբաղադրատոմսերը քարացած չեն,- ասում է Անահիտը,- դրանք միշտ էլ փոփոխման, կատարելագործման ենթակա են: Բացի այդ, մենք նաև հաշվի ենք առնում մեր հաճախորդների կարծիքները և ըստ դրանց` որոշակի փոփոխություններ կատարում: Որպես փոքր ընկերություն` մենք ճկուն լինելու առավելություն ունենք, ինչը մեծ ընկերություններն իրենց թույլ տալ չեն կարող»:

«Նաիրիանը» մեկ այլ առավելություն էլ ունի. կոսմետիկ միջոցները փոքր քանակությամբ են արտադրվում և չեն պահեստավորվում, ունեն պահպանման առավելագույնը մեկ տարի ժամկետ:

Նաիրիան

Ընդհանրապես, բնական կոսմետիկա հասկացությունը խիստ հարաբերական է, և կան տարբեր չափորոշիչներ, որոնցից ընկերության հիմնադիրներն ընտրել են առավել խիստը՝ եվրոպական ECOSERT ստանդարտը: «Մենք վերցրեցինք դա և դրանով ենք առաջնորդվում: Այդ ստանդարտը շատ պարզ է` որևէ նյութ պետք է նավթաքիմիայի արդյունք չլինի: Նրանց փիլիսոփայությունը ոչ միայն մարդու առողջությունը, այլև շրջակա միջավայրը չվնասելն է, նրանք արգելում են կիրառել որևէ հումք, որը բնության մեջ սպառվող է, պետք է օգտագործես միայն վերարտադրվող հումք»,- պարզաբանում է Անահիտը:

Ընկերությունն աշխատում է ազնվության սկզբունքով և առաջին հերթին հենց ինքն է իրեն վերահսկում: Այդ գործելաոճով էլ նրանք ցանկանում են գրավել դրսի շուկան: Անահիտ Մարկոսյանը հիշեցնում է, որ ժամանակին հայերն աշխարհում ունեցել են ազնիվ արտադրողների և առևտրականների համբավ, ինչը, սակայն, ժամանակի ընթացքում կարծես մարել է. «Մենք փորձելու ենք վերականգնել այդ ավանդույթները»,- նշում է նա:

Ընկերությունն աստիճանաբար ընդլայնվում է, այս պահին մոտ 30 աշխատող ունի: Արագյուղում գտնվող արտադրամաս են ամեն օր շտապում հատուկ մասնագետներ մայրաքաղաքից ու այլ վայրերից, իսկ հողագործական աշխատանքների մեջ ներգրավված են հենց նույն գյուղի բնակիչները:

Ընկերությունն իր արտադրանքը դրսի շուկա հանելու ուղղությամբ արդեն աշխատանքներ է տանում: Այս պահին «Նաիրիանի» եթերայուղերը թեստավորվում են Միացյալ Նահանգներում, որտեղ նաև կոսմետիկ միջոցները վաճառելու օնլայն տարբերակներ են մշակվում: Ապրանքատեսականին շուտով կհայտնվի նաև Ռուսաստանում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2015 թ. հոկտեմբերին տեղի է ունեցել ընկերության առաջին խանութ-ցուցասրահի բացումը «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, որն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել, իսկ երկրորդ սրահը բացվել է դեկտեմբերին, Աբովյան փողոցում:

Ի դեպ, սրահներում աշխատում են վերապատրաստված վաճառողներ, որոնք ամբողջությամբ տիրապետում են կոսմետիկ միջոցների բաղադրությանն ու անհրաժեշտ խորհրդատվություն ապահովում հաճախորդի համար: Այս հանգամանքը շատ են կարևորում ընկերության հիմանդիրները, ուստի նախընտրում են, որ իրենց տեսականին առայժմ հասանելի լինի քիչ վայրերում, սակայն ներկայացվի պրոֆեսիոնալ մակարդակով: Ընկերության դիզայնով, բրենդինգով զբաղվում են Մարկոսյանների որդին ու դուստրը:

«Աշխարհում արագ տեմպերով ավելանում է բնական սննդի, բնական կոսմետիկայի պահանջարկը, մինչդեռ առաջարկն այնքան էլ մեծ չէ,- ասում է Արա Մարկոսյանը,- մեր նպատակն էր ստեղծել մի ընկերություն, որը ոչ միայն կնպաստի Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը, այլև Հայաստանի համար շահեկան կլինի տնտեսական տեսանկյունից»:

Հաշվի առնելով հայաստանյան տնտեսության ներկա իրավիճակը` զրուցակիցներս ընկերության մուտքը հայկական շուկա համարում են կայացած և բավականին հաջող` հույս հայտնելով, որ այն կզարգանա և լուրջ գործունեություն կծավալի:

«Ձեր գեղեցկությունը մեր մտքում է, առողջությունը` սրտում»: Ահա սա է «Նաիրիանի» կարգախոսը, որը, սակայն, ոչ միայն մարքեթինգային գեղեցիկ նախադասություն է, այլև ամրագրված գործելաոճ և հաջողության գրավական:






Մեկնաբանություններ - 1

ՀԱՍՄԻԿ     02.05.2016 Հարգելի,, նաիրիանե,, շատ ուրախ ենք որ Հայաստանում արտադրվում է բնական կոսմետիկա , Արարատի մարզում գործում է բնական յուղերի արտադրություն/ ծիրանի, դեղձի , կտավատի///
եթե ձեզ կհետաքրքրեն այդ յուղերը կարող եք զանգահարել այս համաով;093533781
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: