Հայերեն   English   Русский  

​Կարեն Հովհաննիսյան. «Գոլֆը մարզաձև է ամբողջ կյանքի համար»


  
դիտումներ: 1847

2005 թվականից Հայաստանում գործում է «Արարատ գոլֆ» ակումբը, որտեղ գոլֆի սիրահարները հնարավորություն ունեն զբաղվելու իրենց սիրած մարզաձևով:

Մեր երկրում գոլֆի սկզբնավորման, տարածման, զարգացման նպատակով իրականացվող աշխատանքների, մարզաձևի առանաձնահատկությունների մասին զրուցել ենք Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանի հետ:

- Գոլֆը յուրահատուկ է նրանով, որ այստեղ տարիքային սահմանափակումներ չկան: Այն հասանելի է յուրաքանչյուր սեռի և տարիքի մարդկանց համար: Գոլֆը խաղ է ամբողջ կյանքի համար: Դրանով իսկ այն տարբերվում է մյուս մարզաձևերից:

Սա այն եզակի մարզաձևերից է, որոնցում մրցավար պաշտոնապես չկա: Դժվար է պատկերացնել, բայց գոլֆում նման հասկացություն չկա: Մարզիկներն են վերահսկում խաղի ընթացքը: Խաղը հիմնված է հակառակորդի հանդեպ փոխադարձ վստահության, հարգանքի և ուշադրության վրա: Պրոֆեսիոնալ մրցաշարերում կան մարդիկ, որոնք պահում են հաշիվը, բայց նրանք մրցավարներ չեն:

Գոլֆը նաև առանձնահատուկ է նրանով, որ բացի խաղի կանոններից, գործում են նաև վարվեցողության կանոններ, օրինակ՝ հեռախոսով չխոսել և չշեղել խաղընկերոջ ուշադրությունը, հարգել հակառակորդին, խնամքով վերաբերվել խաղադաշտին: Էթիկայի կանոններին չհետևելու դեպքում խաղացողները հեռացվում են խաղադաշտից: Կարելի է վստահաբար ասել, որ գոլֆը մշակույթ է, որին պետք է հետևել:

Գոլֆը նաև լավ շփման միջոց է: Խաղի միջոցով անգամ գործարքներ են իրականացվում, պայմանագրեր են կնքվում: Մի միջավայրում կարելի է հանդիպել ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ պետական այրերի, դեսպանների, գործարարների:

- Ի՞նչ է տալիս գոլֆը մարդուն:

- Վահագն Հովնանյանը՝ հայկական գոլֆի հիմնադիրը, շուրջ 50 տարի զբաղվել է գոլֆով, և նա հաճախ էր նշում. «Այս տարիների ընթացքում ես դեռ չեմ հանդիպել որևէ գոլֆ խաղացողի, որ վատ մարդ լինի կամ բարձր ինտելեկտ չունենա»:

Արտերկրում գործում են գոլֆի մի շարք ակադեմիաներ, և շատ ծնողներ ցանկություն ունեն, որ իրենց երեխաները սովորեն այդ համալիրներում: Նպատակն այն է, որ երեխաները դաստիարակություն ստանան, քանի որ գոլֆը բնավորություն է ձևավորում, սերմանում հարգանք դիմացինի նկատմամբ, համբերատարություն, ուշադրություն և բարձր մարդկային արժանիքներ:

Նշեմ նաև, որ գոլֆն այսօր Հայաստանում հասանելի է բոլոր ցանկացողներին և ամեն ոք կարող է զբաղվել այս հետաքրքիր մարզաձևով: Թյուր կարծիք կա ձևավորված, թե գոլֆը շատ թանկ մարզաձև է: Դա ճիշտ չէ:

- Փաստորեն, գոլֆն այսօր սիրված և տարածված է ամբողջ աշխարհում: Այն ավելի շատ ժամա՞նց է, թե՞ մարզաձև:

- Միաժամանակ և՛ մարզաձև է, և՛ ժամանց, այն բոլոր նախադրյալներն ու պայմաններն ունի լիարժեք մարզաձև համարվելու համար: Գոլֆն այսօր կայացած մարզաձև է և բավական մեծ մասսայականություն է վայելում ամբողջ աշխարհում: Պատահական չէ, որ ընդգրկվել է օլիմպիական խաղերում և Բրազիլիայում Ռիո 2016-ին ունենալու է անդրանիկ մեկնարկը:

2015 թվականին գոլֆն ընդգրկվեց նաև 6-րդ Համահայկական խաղերի ծրագրում: Այս հանգամանքը մեծ ոգևորությամբ ընդունեցին հայկական համայնքների մարզասերները: 11 երկրներից 21 մասնակից դուրս եկավ խաղադաշտ: Մեկնարկը հաջողված էր: Համահայկական խաղերի նպատակներից է բարեկամության հաստատումը: Եվ գոլֆն իր սկզբունքներով ու էթիկայի կանոններով նպաստեց բարեկամության և միասնականության ամրապնդմանը:

Գոլֆ

- Հայաստանում մարզաձևը ե՞րբ է ծնունդ առել և զարգացման ի՞նչ ճանապարհ է անցել:

- Հայաստանում շուրջ 10 տարվա պատմություն ունի: Այն ծնունդ է առել 2005 թվականին, «Արարատ գոլֆ» ակումբի պաշտոնական հիմնադրմամբ: Չնայած ակումբը գործում էր նաև դրանից առաջ:

Այս տարիների ընթացքում կազմակերպվել են մի շարք մրցաշարեր, որոնցից է «Վահագնի oփենը» Վահագն Հովնանյանի անունով: Գոլֆով զբաղվողները պարոն Հովնանյանին իրավացիորեն անվանում են «հայկական գոլֆի լեգենդ»: «Վահագնի oփենը» 2013 թվականի հունվարի 15-ին սկիզբ դրեց Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի հիմնադրմանը:

- Սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակներն ինչպե՞ս են տարբերակվում գոլֆում:

-Գոլֆում կա սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակների հստակ տարանջատում: Պրոֆեսիոնալ գոլֆով զբաղվում են այն մարդիկ, որոնց համար գոլֆն արդեն դարձել է մասնագիտություն, ապրուստի միջոց, և մարզիկներն այդ միջոցով գումար են վաստակում:

Սիրողական մակարդակով գոլֆով զբաղվողներն իրենց կարգավիճակով իրավունք չունեն գումար վաստակելու, եթե անգամ մասնակցում են պրոֆեսիոնալ մրցաշարերի:

- Ո՞րն է ասոցիացիայի հիմնական նպատակը:

- Հայաստանում ստեղծել պրոֆեսիոնալ լիգա, որտեղ կընդգրկվեն մարզիկներ, որոնք Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի և աշխարհի խաղերին: Վերջնանպատակն է մասնակցել օլիմպիական խաղերին:

Մինչ այժմ մեր մարզիկները մասնակցել են տարբեր միջազգային մրցաշարերի: Արդյունքներով պարծենալ առայժմ չենք կարող: Հաջողություն է սակայն, որ վերջին հորիզոնականներում չենք հայտնվել՝ մրցելով գոլֆի հարուստ պատմություն ունեցող երկրների հետ: Փորձելու ենք բարելավել արդյունքերը: Հայաստանն այս ասպարեզում իր առաջին քայլերն է կատարում, բայց հաստատուն շարժվում է առաջ:

- Պետական կառույցների հետ համագործակցո՞ւմ եք:

- Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրել ենք «Երևանի գավաթ» մրցաշարը: Այդ մրցաշարի կայացմանը նպաստել են Համահայկական խաղերը: Երևան քաղաքը պետք է հանդես գար թիմով Համահայկական խաղերում: Այս տարի արդեն կանցկացնենք Երևանի գավաթի 3-րդ մրցաշարը:

Քաղաքապետարանի հետ համատեղ բացվել է նաև գոլֆի դպրոց: Այնտեղ անվճար հիմունքներով մարզվում են 7-8 տարեկան երեխաներ: Սա կարելի է իրական հաջողություն համարել: Նկատելի է, որ կա հետաքրքրվածություն մարզաձևի նկատմամբ: Գոլֆը երեխաների համար նաև դաստիարակչական նշանակություն ունի: Այն կարգապահություն, հարգանք, համբերատարություն է սերմանում, զարգացնում է շարժումների կոորդինացիան: Առաջին դասը նվիրված է լինում կարգապահությանը. ինչպես պահել գոլֆի դաշտում, ինչպես վերաբերվել գոլֆի դաշտին:

Քանի որ գոլֆն օլիմպիական մարզաձև է, ասոցիացիան օլիմպիական կոմիտեի անդամ է: ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից գոլֆն ընդգրկվել է պետական աջակցության ծրագրում: Արդեն իսկ հաջողություն է, որ պետության կողմից ուշադրության ենք արժանացել:

- Միջազգային մրցաշարերի մասնակցո՞ւմ են մեր մարզիկները:

- Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիան Եվրոպայի գոլֆի ասոցիացիայի անդամ է, ինչը մեզ հնարավորություն և իրավունք է տալիս մասնակցելու Եվրոպական խաղերին: 2012-ից մասնակցում ենք Եվրոպայի գոլֆի ասոցիացիայի կողմից կազմակերպված տարբեր մրցաշարերի:

Տարածաշրջանում գոլֆը զարգացնելու նպատակով Վրաստանի հետ համատեղ ամեն տարի անցկացնում ենք «Կովկասի գավաթ» մրցաշարը: Հույս ունենք, որ հետագայում մասնակից երկրների թիվը կավելանա: Այս տարի մրցաշարն անցկացվելու է Հայաստանում: Գավաթը փոխանցվող է:

- Տարվա ընթացքում ի՞նչ մրցաշարեր եք նախատեսում անցկացնել, միջազգային մրցաշարերի պատրաստվո՞ւմ եք:

- Ձմռանը հարաբերական պասիվ շրջան է գոլֆում, եղանակային պայմաններից ելնելով՝ մրցաշարեր չեն անցկացվում, բայց ասոցիացիան զբաղվում է մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքներով, մշակվում են նոր ծրագրեր, որոնք կփորձենք կյանքի կոչել՝ գոլֆը Հայաստանում զարգացնելու նպատակով:

Մրցաշրջանի բացումն ամեն տարի սկսվում է մարտից: Այս տարի մարտին կանցկացնենք «Վահագնի օփեն» անվանական մրցաշարը՝ նվիրված Վահագն Հովնանյանի հիշատակին:

Ապրիլին պլանավորում ենք անցկացնել դիպլոմատիկ գավաթ: Սա նորություն չէ: Մի շարք երկրներում ընդունված է դիվանագիտական շրջանակներում տարբեր մարզաձևերի մրցումներ անցկացնել: Սա հետաքրքիր նախաձեռնություն է և միտված է խթանելու գոլֆի զարգացմանն ու մասսայականացմանը Հայաստանում: Փորձում ենք այդ ներուժը ևս օգտագործել:

Նախատեսում ենք անցկացնել մինի գոլֆի մրցաշարեր: Հայաստանում ունենք մինի գոլֆի երկու դաշտ: Փորձում ենք նաև այդ ուղղությամբ ներգրավել մարդկանց, քանի որ մինի գոլֆից մեծ գոլֆ անցումն ավելի հեշտ է:

Հունիս-հուլիս ամիսներին մեր մարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարերի: Ամեն տարի հուլիսին զարգացող երկրների համար կազմակերպվում է մրցաշար, որն անցկացվում է տարբեր վայրերում: Այս տարի այն կայանալու է Հունգարիայում: Դեռևս վաղ է խոսել, բայց բոլոր նախապայմանները կան, հույս ունենք, մեկ օր էլ մրցաշարը Հայաստանում անցկացնել:

Մեր մարզիկները Ռուսաստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի: Գոլֆը Ռուսաստանում շուրջ 15 տարվա պատմություն ունի: Այնտեղ բավականաչափ զարգացած է մարզաձևը, նրանցից սովորելու շատ բան ունենք: Թեև սկսնակ են այս ոլորտում, բայց ամեն տարի տարբեր տարիքային խմբերում անցկացնում են առաջնություններ, գավաթի մրցաշարեր և արդեն հասցրել են բավական լուրջ հաջողություններ ունենալ:

Աշնանը կացնկացնենք ավանդական դարձած «Երևանի գավաթ» մրցաշարը:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: